Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հասարակական շարժումներն ընտրություններին իշխանությունների համար վտանգավոր չեն, իսկ քաղաքական ուժերը վտանգավոր են

Օգոստոս 20,2013 11:24

Քաղաքական ամառը բավականին թեժ ստացվեց։ Այն իմաստով, որ Հայաստանում փորձարկվեց միանգամայն նոր մոդել՝ «ակտիվ քաղաքական կյանք» առանց քաղաքական ուժերի։

Ակտիվիստները պայքարեցին հանրային տրանսպորտի թանկացման դեմ եւ անսպասելիորեն հաջողության հասան (թեեւ, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես), հիմա պայքարում են բուհերի ուսման վարձավճարների բարձրացման դեմ, հետո երեւի կպայքարեն վճարովի ավտոկայանատեղերի ռեկետի դեմ եւ այլն։ Եվ իհարկե՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ հաջողություններ կունենան։

Իշխանություններին էլ է ձեռնտու, նրանք պիտի հանրությանը ցույց տան, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ մի հարց չեն կարողանում լուծել, իսկ ահա հասարակական շարժումների ակտիվիստները լավ էլ հարցեր են լուծում։ Բա իհարկե, չէ՞ որ հասարակական շարժումներն ու կազմակերպություններն ընտրություններին չեն մասնակցում ու գլոբալ քաղաքական պահանջներ առաջ չեն քաշում, այլ կերպ ասած՝ իշխանությունների համար վտանգավոր չեն, իսկ ահա քաղաքական ուժերը վտանգավոր են։

Դրա համար էլ, օրինակ, իշխանությունները մերժում են ընդդիմության 30 հազարանոց հանրահավաքի՝ ընդամենը մի զուգարան բացելու պահանջը, բայց 300 ակտիվիստների պահանջով չեղյալ են հայտարարում տրանսպորտի թանկացման որոշումը։ Ակտիվիստներն էլ, բնականաբար, ըմբռնումով են մոտենում այս ամենին եւ շատ լուրջ պահանջներ չեն բարձրացնում։ Հայաստան մտնող գազն, օրինակ, թանկացել է ընդամենը 5 տոկոսով, բայց սպառողների համար գազը թանկացել է 18 տոկոսով, էլեկտրաէներգիան՝ 28, ընդ որում՝ ցանկացած միջին վիճակագրական հայ ընտանիքի համար դրա հետեւանքները լինելու են կրկնակի-եռակի ավելի ծանր, քան տրանսպորտի թանկացումը։ Բայց գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու ցանկություն հասարակական ակտիվիստների մեջ առանձնապես չի զգացվում։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Ամբողջ խնդիրն այն է, որ արդեն հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանում լուրջ քաղաքական սրացումներ են սպասվում։ Մի կողմից՝ մարդկանց սոցիալական վիճակը կտրուկ վատանալու է, որովհետեւ գյուղատնտեսական սեզոնի ավարտը հանգեցնելու է կտրուկ գնաճի, եւ դրան գումարվելու է նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի սպառման ծավալների կտրուկ աճը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները պարտավորված են լինելու որոշում ընդունել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել-չստորագրելու հարցում։ Ստորագրեն՝ պրոբլեմներ են ունենալու Ռուսաստանի հետ, ընդ որում՝ առաջին հերթին տնտեսական, չստորագրեն՝ Արեւմուտքի հետ են շատ լուրջ պրոբլեմներ ունենալու։ Երկու դեպքում էլ ներքաղաքական կյանքը կտրուկ ակտիվանալու է, եւ հանրահավաքային հզոր ալիքներ են լինելու՝ իշխանափոխության պահանջով։ Ակնհայտ է, որ իշխանություններն իրենց «գլխի գալիքը գիտեն», դրա համար էլ ամառն օգտագործեցին ընդդիմադիր քաղաքական ուժերին երկրորդ պլան մղելու եւ հասարակական (ըստ էության՝ բավականին լոյալ) շարժումների հեղինակությունը բարձրացնելու համար։ Թեկուզ՝ որոշակի զիջումների գնով։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031