ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոստում հնչեց, թե բուհերի ռեկտորներին կտրվի հրահանգ, որ ոչ մի լավ սովորող ուսանող բուհից դուրս չմնա՝ուսման վարձը չվճարելու համար: ԿԳ նախարարը նաեւ խոստացավ. «Եթե պետք է, օրենսդրական նախաձեռնության տեսքով ավելի թափանցիկ կդարձնենք, թե ուր են գնում բուհերի ուսման վարձերը»:
«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը, հիմնավորելու համար, որ վարձերի բարձրացումը բուհերի վերազինման եւ այլնի հետ կապ չունի, փաստեց, թե մի քանի տարի առաջ փոխվեց մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, եւ նոր ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, չբարձրացնելով վարձերը՝ այնպես արեց, որ լսարանները զինվեցին, 80 %-ով բարձրացվեցին դասախոսների աշխատավարձերը: Արմեն Աշոտյանն ասաց, որ հասկանալի պատճառով չի մեկնաբանի այդ դիտարկումը: Բայց ընդունեց, որ ամեն ինչ լավ կամ վատ կառավարման արդյունք է. «Ամեն բուհ մի ռազմավարություն ունի…Բուհի ղեկավար լինելու համար միայն լավ գիտնական լինելը բավարար չէ»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով ԲՈՀ-ի ղեկավար Արտուշ Ղուկասյանը, որ նախկինում մանկավարժական համալսարանի ռեկտորն էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ այժմ նրանց միջեւ լարվածություն կա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ