Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Ուսման վարձերի բարձրացումը նպաստում է երիտասարդների տեղահանմանը»

Օգոստոս 20,2013 10:45

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարությունում հանդիպեց «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում քննարկումներ եւ իրազեկող ցույցեր ունեցող ակտիվիստները  եւս երեկ բաց նամակով դիմել էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին` կոչ անելով արտահերթ լսումներ կազմակերպել և քննարկել բուհերի ուսման վարձերի բարձրացման հարցը։ Իրենց նամակում ուսանողները խնդրում են նաև պարզել, թե ում որոշմամբ են բարձրացվել ուսման վարձերը և ինչո՞ւ Կառավարությունը նախապես չի սահմանել խոստացած վերին շեմը։

ԿԳ նախարարը լրագրողներին խնդրեց, որ այսօր լուսաբանման կարեւորությունը տան երիտասարդների կարծիքի արտահատմանը: Ընդգծեց, որ ակտիվ երիտասարդն այն երիտասարդն է, որն ապագան կապում է երկրի հետ, եւ ուրախ է, որ կան նախաձեռնություններ, որոնք բարձրացնում են հանրային հետարքրքրություն առաջացնող խնդիրներ:

«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչ Վահան Մարտիրոսյանը իրենց գրավոր դիմումը ներկայացրեց նախարարին եւ ակնկալեց գրավոր պատասխան:

Նախաձեռնությունը նամակով ԿԳ նախարարությունից պահանջում է կասեցնել ռեկտորների խորհրդի կողմից վարձերի բարձրացման մասին որոշումը, որը երիտասարդների ձեւակերպմամբ խփում է հայոց ազգային շահին: Ըստ ակտիվիստների, նման որոշումները կնպաստեն ազգի դեգրադացմանը եւ ուսումնատենչ երիտասարդների՝ երկրից տեղահանմանը: Նախաձեռնության անդամները ՀՀ ԿԳ նախարարից պահանջեցին ԱԺ մոտակա նիստում հանդես գալ համապատասխան առաջարկով, որով լուծում կտրվի խնդրին՝ առանց միջին վիճակագրական հայ ընտանիքի բյուջեին վնաս հասցնելու:

Արմեն Աշոտյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ մի քանի կարեւոր դիտարկում ինքն արդեն բարձրացրել է: Նա շեշտեց՝ ոչ մի միտումնավոր ազգաոչնչացման քաղաքականության մասին խոսք լինել չի կարող, ապա հավելեց, որ թանկացման որոշումը բուհերինն է, ու նախարարությունը երկար տարիներ խնդրել է վարձերը չթանկացնել, սակայն այդ քայլի գնալը պայմանավորված է եղել բուհերի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացմամբ:

Նախարարը փաստեց, որ այսօր ուռճացված են բուհերի պրոֆեսորադասախոսական եւ սպասարկող կազմերը. «Մի կողմից ըմբռնումով եմ վերաբերվում բուհերի որոշմանը, մյուս կողմից՝ պատասխանատվություն եմ վերցնում լավ սովորող ուսանողների համար ունենալ օպտիմալ սոցիալական փաթեթ»:

Արմեն Աշոտյանի ասելով, մեր երկրում կրթությունն առանց այն էլ թանկ էր առանց այս որոշման. «Նոմինալ արժեքով Հայաստանում կրթությունն էժան է, միջինացված գինը մասնագիտական կրթության՝ շուրջ 1200 դոլար է, որը համեմատաբար էժան է, այլ երկրների հետ համեմատած. բայց ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արժեքի մեջ 20 % է կազմում ուսման վարձի գինը»:

Նախարարը հայտնեց, որ «Փարոսում» ընդգրկվածների համար այս սեպտեմբերի մեկից կգործի 50-100 %-ով ուսման վարձերի զեղչ, նաեւ 400-800-ով բուհերում կավելանա անվճար տեղերի թիվը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031