Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Այդ ստորագրությամբ յուրաքանչյուրս ցույց կդնենք հանրությանը, որ մենք պաշտոնի չենք ձգտում»

Օգոստոս 19,2013 20:53

«Կարծում եմ, որ տգիտությանը պատասխանել պետք չէ: Տգիտությունն այնպիսի չարիք է, որ վնաս է պատճառում հենց դրա տիրոջը՝ տգետին: Ես համարում եմ, որ մենք չպետք է իջնենք տգետների մակարդակին եւ քննարկենք հարցեր, որոնք հարիր չեն բանական, իրականում պատմական փաստերին տիրապետող անձանց»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաքն այսպես մեկնաբանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ այս օրերին քաղաքացիները ստորագրահավաք են իրականացնում, որտեղ, մասնավորապես ասվում է. «Ես` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը»:

Մենք նաեւ տիկին Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է ընդունել ՍԴՀԿ նախկին համակարգող Գուրգեն Եղիազարյանի առաջարկը եւ համագործակցել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու շուրջ՝ նախապես պայմանագիր ստորագրելով, որ որեւէ պաշտոնի չի գնա: Նա պատասխանեց. «Անշուշտ, համաձայն եմ, որովհետեւ մի բանաձեւ կա՝ առանց միասնական ճակատ կազմելու՝ այս հանցավոր իշխանություններին հաղթելը մի քիչ բարդ է: Այո, այդ ստորագրությամբ նաեւ յուրաքանչյուրս ցույց կդնենք հանրությանը, որ մենք պաշտոնի չենք ձգտում: Հանրությունը միշտ այդպիսի մտավախություն ունի, որ ընդդիմությունը պայքարում է՝ իշխանության գալու եւ գործողների նման թալանելու, հոշոտելու երկիրը: Դա կլինի ապացույց այն բանի, որ այո, մենք ուզում ենք երկիրը փրկել գիշատիչներից»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը մասնատվել է, «Նախախորհրդարանն» առանձին է հավաքներ անում, Րաֆֆի Հովհաննիսյանը առանձին է Ազատության հրապարակը վերցրել եւ հանրահավաքներ կազմակերպում, ՀԱԿ-ը որոշել է առանձին աշխատել, այդպես առանձին-առանձին ինչի՞ կարելի է հասնել՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ մի բանի: Ժողովուրդն էլ առանձին-առանձին ուժերի չի հավատում: Որպեսզի հավատը վերականգնվի եւ հաղթանակ գրանցվի, անհրաժեշտ է ամեն դեպքում միասնություն: Դա այսօրվա վիճակով այս ծանրագույն հարցի ամենաճիշտ լուծումն է, հակառակ դեպքում մենք ուղղակի կորցնում ենք մեր հայրենիքը»:

Մեր հարցին՝ ո՞ւմ շուրջ պետք է միանան՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ մեկի: Ուղղակի պետք է միանան: Ինչ-որ մեկի շուրջ միավորվելը սխալ մոտեցում է, պետք է միավորվել, միասնական ճակատով դուրս գալ այս իշխանությունների դեմ: Յուրաքանչյուրս էլ մեզանից՝ մտահոգ  քաղաքացուց սկսած մինչեւ քաղաքական ուժի առաջնորդ, պետք է մեկ նպատակ դնենք՝ փրկել մեր հայրենիքը: Այս բանաձեւը բոլորիս կարող է միավորել: Դա է դժվարագույն խնդիրը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Ոնց էլ գլխի են ընկել, որ մեր երկրի այս թշվառ վիճակի համար հենց առաջին քայլը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ստորագրահավաք կազմակերպելն է ու դատի տալը: ԵՎ շատ կարևոր է որ դրանից հետո էլ ասում են թե իրենք հասկանում են` «Անշուշտ, համաձայն եմ, որովհետեւ մի բանաձեւ կա՝ առանց միասնական ճակատ կազմելու՝ այս հանցավոր իշխանություններին հաղթելը մի քիչ բարդ է», դե մենք էլ իսկույն հասկանում ենք, որ միասնական ճակատ կազմելու հենց առաջին քայլը գտնված է: Դատի տալ երկրի առաջին նախագահին, ոչ երկրորդ, ոչ երրորդ այլ հենց հատկապես առաջին նախագահին ընտրախախտում անելու համար: Երևի մեր ժողովրդին լրիվ հիմարի տեղ են դրել: Ես համոզված եմ, որ գիշերները երազներում ոնց են գալիս ու մի քանի անգամ հաճույքով ստորագրում այտ թղթի տակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Շարմազանովը, Աշոտյանը, Ազգային Ժողովի գռուզչիկ պատգամավորները, հետո էլ գալիս է Սաշիկը ու ասում է ձեր գործը համարում եք ավարտված, հլա վազքով գնացիք մի անգամ ևս ստորագրելու, իհարկե այս ամենը երազներում: Ավելի հիմար միտք, քան հաղթել այս հանցագործ իշխանություններին և պաշտոններ չստանձնել, ես չեմ լսել, Սերժ Սարգսյանի ասաց բա հաղթում եք, որ ինչ անեք, իշխանությունը հանձնեք մի ուրիշ թալանչիների, եթե ուզում եք հեռացնել այս թալանչիներին ուրեմն երևի ծրագիր ունեք, բա ձեր ծրագիրը թողնելու եք ուրիշները իրականացնեն և եթե չստացվի ով կլինի մեղավորը… : Դա նշանակում է, որ դուք ոչ ծրագիր ունեք, ոչ էլ կամք այդ պատասխանատվությունը վերցնելու ձեր վրա: ԵՎ բոլորին էլ պարզ է, որ մեր երկրում այդպիսի պատասխանատվություն իր վրա կարող է վերցնել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ցավոք միայն ինքը, քանի որ ես շատ կուզենայի, որ այդպիսիք շատ լինեին և ես կարողանայի նրանց մեջ ընտրություն անել: Բայց ինչպես տեսնում ենք մյուսները զբաղվում են ստորագրահավաքով հանուն միասնական ընդիմության: Ինձ մի պահ թվում էր, թէ կարելի է ծիծաղել այս ստորագրահավաքի վրա և վերջ, բայց տխրեցի, տխրեցի քանի որ մեր մեջ դեռ գտնվում են մարդիք, որոնք կարող են անգամ փորձել էլի մեզ մոլորության մեջ գցել` պաշտոններից հրաժարվել թե տեսեք ինչ ազնիվ մղումներ ունենք, իչու եմ ասում փորձել, որովհետև համոզված եմ չի ստացվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031