Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Կարեն Հարությունյանի մեքենան են կոտրել, Գոռ Առաքելյանի հարեւաններին էլ՝ անհանգստացրել

Օգոստոս 19,2013 19:22

Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդները դժգոհում են՝ արդեն մի քանի օր է՝ ոստիկան ներկայացող անձինք իրենց նկատմամբ ճնշումներ են սկսել:

Գոռ Առաքելյանի հարեւանները անհանգստացած իրեն փոխանցել են, որ արդեն մի քանի օր շարունակ քաղաքացիական հագուստով անձինք, ներկայանում են ոստիկան եւ հարց ու փորձ անում իրենց տան բնակիչներից ու հատկապես իրենից. «Հարց ու փորձ են արել՝ ումն է այս բնակարանը, ովքեր են ապրում ու չեն ներկայացել»:

Գոռի պատմելով, նախօրեին էլ, երբ ինքը տուն էր գնացել, կրկին անհայտ անձինք իրենց տան դուռը թակել են. «Մենք հերթափոխով գնում ենք հիգիենայի պահանջները հոգալու, երբ տանն էի, անընդհատ հեռախոսազանգեր էին հնչում, որոնց չէին պատասխանում, երբ ես վերցնում էի: Հետո անծանոթ երիտասարդներ մեր դուռը թակեցին, տեսա, հարցրի՝ ով է, ներկայացեք, բայց չներկայացան ու հեռացան: Հետո պատուհանից նայեցի՝ տեսա նստեցին բակում իրենց սպասող մեքենան ու հեռացան»:

Ակտիվիստն այդ մասին նույն օրը հայտնել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ խնդրել հետամուտ լինել պարզել, թե ովքեր են անհանգստացնում իր հարեւաններին: Երեկ էլ անհայտ անձինք կոտրել են ակտիվիստ Կարեն Հարությունյանի մեքենայի դիմապակին հենց իրենց բակում:

IMG_0304

Գոռ Առաքելյանի պատմելով. «Սպորտային գանտելներ են կապել եւ դրանցով դիմապակին էին կոտրել: Փորձագետները եկել ու չեն կարողացել նույն այդ գանտելներից մատնահետք վերցնել՝ պատճառաբանելով, որ այդ տեխնիկային չեն տիրապետում: Մենք 21-րդ դարում ենք ապրում, մատնահետք վերցնելը գանտելից խնդիր է՞: Ակնհայտ է, որ ճնշումներ են փորձում իրականացնել մեզ վրա: Ավելի քան 20 օր  է այստեղ ենք, փոխանակ որոշ ուժեր հետամուտ լինեին, որ մեր իրավական եւ բարոյական տեսանկյունից հիմնավորված պահանջները իրականացնեն, գնում են նման քայլերի… ակնհայտ է, որ այդ ճնշումները կապված են այս գործընթացի հետ»:

Ակտիվիստը նաեւ ասաց, որ ճնշումները միակողմանի չեն լինելու. «Մեր պայքարի  շարունակությունը տեսնում եմ իրավական այլ մեթոդներով: Պայքարի շատ մեթոդներ կան օրենքի շրջանակներում: Եթե այսպես շարունակվի, կփորձենք կիրառել այլ մեթոդներ, ճնշումը կմեծացնենք»:

Թե ինչ ճնշումների կգնան նստացույցի մասնակիցները, Գոռը դեռ չի ցանկանում մանրամասնել. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այդ մասին կհայտարարենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031