Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահումյանի բաց հանքի ծրագրի մասին վերջնական որոշում կկայացվի սեպտեմբերին

Օգոստոս 19,2013 19:00

Օրերս լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Շահումյանի բաց հանքի ծրագրի վերաբերյալ հնչեցված հարցին պատասխանեց, որ  ընկերության վերջնական դիրքորոշումը կհայտնի սեպտեմբեր ամսին՝ Տորոնտոյում ընկերության սեփականատիրոջ եւ ղեկավարների հետ կայանալիք հանդիպումից վերադառնալուց հետո:

«Ես կգնամ այդ խորհրդակցություններն անելու եւ վստահ եմ, այնտեղ վերջնական որոշում պետք է կայացնենք, մինչ այդ խոսելն ավելորդ է: Բայց դուք ձեզ դրեք սեփականատիրոջ տեղը, եթե երկրի կառավարութան կառույցներն այսպիսի վերաբերմունք ունեն ձեր հանդեպ, դուք այդ երկրի մեջ ներդրում կանեք՞: Մինիմում ներդրումը 80 մլն դոլար է, վերջը մինչեւ 300 մլն դոլար», -ասաց Հրաչ Ջաբրայանը՝ նկատի ունենալով պետեկամուտների կոմիտեի եւ բնապահպանության նախարարություններին, որոնց կողմից ընկերությունում անցկացվող ստուգումների մասին  անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ:  Գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ներկա դրությամբ որեւէ ներդրում անել Հայաստանում ճիշտ չի համարում, քանի դեռ կառավարությունը չի հստակեցրել իր մոտեցումն ու վերաբերմունքը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ հանդեպ, իսկ միասին աշխատելու պարագայում  պատրաստ կլինեն հավելյալ ներդրումներ անել Հայաստանում, որը պարտադիր չէ  բաց հանք շահագործելու նպատակով լինի:

«Կառավարությունը խնդրել է ինչ-որ բիզնես դնենք Կապանում հանքարդյունաբերությունից դուրս՝ մինչեւ 2 մլն դոլարանոց ծրագիր: Ես ինչպե՞ս այդ սեփականատիրոջը համոզեմ, որ ինքը 2 մլն դոլար տա ինձ, 1 մլն դոլարն էլ ինձանից են ուզել անձնապես, ո՞նց ներդնում անենք: Վերջին եռամսյակում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված այդքան էլ համոզված չեմ, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է մեր ներդրմանը: Որպես բարեխիղճ մարդ՝ այսօր 300 հոգի ավել աշխատող եմ պահել այս հիմնարկում միայն քաղաքի սոցիալական իրավիճակից ելնելով, ես 1200 աշխատողի կարիք չունեմ, միայն 900 աշխատողի կարիք ունեմ: Եթե մեր կառույցներն իրենց պահվածքը շարունակեն՝ կրճատումներ կլինեն», -ասաց պարոն Ջաբրայանը, ով կարծում է, որ որոշ նախարարություններ ու բաժիններ անհիմն ճնշումներ են գործադրում ընկերության վրա՝ թիրախ դարձնելով «Դանդի փրիշս մեթալս Կապան»-ը:  Գլխավոր տնօրենը վստահ է, որ ընկերությունը խախտումներ թույլ չի տվել եւ ոչ էլ թույլ կտա հետագայում, իսկ ընկերություն ստուգման եկած կառույցի պահվածքն էլ խուլիգանական որակեց:

«Այդ կառույցը (պետեկամուտների կոմիտեն), որ կառավարությունը կներկայացնի, խուլիգանի պահվածք ունի:  Պետք է այնպիսի պահվածք լինի, որ օտարերկրյա ներդնողը չասի ես թքած ունեմ Հայաստանի նման երկրի վրա, եթե այսպես են աշխատում…: Այսօր լուրջ ճնշում կա մեր հիմնարկի վրա, եւ ես չեմ հասկանում իրենց նպատակը ո՞րն է: Արդյո՞ք մենք շատ ենք թափանցիկ աշխատում, էդ մեկն իրենց դուր չի՞ գալիս  կամ օտարերկրյա ներդրող չե՞ն ուզում այս երկրի մեջ, ուզում են մեր ձեռքից վերցնե՞ն այս հիմնարկը: Եթե այդ են ուզում՝ թող ասեն, բայց վայն եկել է Կապանի ժողովրդին, եթե իրականությունն այս է: Ես հաստատ ասում եմ, ով էլ որ վերցնի այս հիմնարկը մեզ պես չի աշխատելու՝ մեր արժեքներով, մեր մոտեցումներով:  Մենք այստեղ միայն  բիզնես չենք պահում, արտագաղթը կասեցնում ենք, ներգաղթը քաջալերում ենք սփյուռքի մեջ:  Եթե ինչ-որ մի բան լինի, ես հանգիստ կթողնեմ-կգնամ Տորոնտո, իսկ ի՞նչ կլինի այս երիտասարդների հետ:

Որպես հայրենադարձ երիտասարդ, որպես ցեղասպանության չորրորդ սերնդի վերապրող՝ ես  զզված եմ այս ամենից այլեւս…», – նշեց  «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ հավելեց, որ ինքը նպատակ ուներ ընկերության 1200 աշխատողների ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովել Կապանում եւ ներդրումներ անել քաղաքում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031