Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ակտիվիստի՝ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ եւս մեկով

Օգոստոս 19,2013 18:39

Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ Միհրան Մելքոնյանի հետ, ում օրեր առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց:

«Իրեն լավ է զգում, այս շաբաթվա վերջ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունից պատվիրակություն կայցելի նրան՝ ի նշան սոլիդարության: Կփորձենք նաեւ փաստաբանի հարցը կարգավորել:  Թույլ չենք տալու, որ մեր երկրում քաղբանտարկյալների թիվն ավելանա»,- Aravot.am-ին ասաց Վահագն Մինասյանը:

Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Միհրանը մի քանի ամիս հետախուզման մեջ է գտնվել,  եւ ոստիկանները նրան դժվարացել են գտնել, որովհետեւ այս ակտիվիստը պարբերաբար ոստիկանություն բերման ենթարկվելիս սխալ է նշել հոր անունը:

«Բերման ենթարկվելուց առաջին անգամը ես եմ հետը եղել: Միհրանը ներկայացել է իր տվյալներով: Բացի այդ միայն հայրանունը՝ Վաչիկ կամ Խաչիկ տարբերությունը չի կարող ոստիկանության համար խնդիր լինել նրան գտնելու համար: Եթե ոստիկանության համար հայրանվան ճիշտ կամ սխալ ասելը հիմնավոր պատճառաբանություն է, դա եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, կատարյալ անգործություն է  դրսեւորում կամ հակառակ պարագայում  Միհրան Մելքոնյանը  քաղբանտարկյալ է: Ինչո՞ւ Միհրանին ձերբակալեցին այն ժամանակ, երբ սկսել էր իր դիրքորոշումն արտահայտել կապված այս երկու պաշտոնյաների պաշտոնանկությունների հետ: Ինչո՞ւ նրան ձերբակալեցին իր անձի նկատմամբ ոտնձգություն կատարելու մասին հաղորդում տալուց մեկ օր հետո, ընդորում այդ ոտնձգությունը կատարվել էր քաղաքապետարանի աշխատակցի կողմից: Ինչո՞ւ հենց հաջորդ օրը նրան առեւանգեցին ու ձերբակալեցին եւ ոչ թե մի քանի օր առաջ: Լռեցնելու ձեւ էր եւ միտում ուներ  այս գործընթացը վարկաբեկել ու արժեզրկել: Ով է եղել Միհրանը եւ ինչ արարքներ է թույլ տվել, դա մեր խնդիրը չէ, մենք կազմակերպիչներ չենք եւ պարտավորվածություն չունենք ցանկացած անհատի մասնակցությունը ընդունելուց առաջ իր ամբողջ կենսագրականն ուսումնասիրել եւ հետո նոր միայն հետը համագործակցել»,- ասաց նստացույցի մասնակիցը:

Ինչ վերաբերում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պնդմանը, թե Միհրանին կասկածում են հանցագործություն կատարելու մեջ, Վահագն Մինասյանն ասաց. «Ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրությունը հերքեց պարոն Օսիպյանի պնդումները: Միհրանը պայմանական ազատության մեջ է եղել եւ պարտավորված էր  պարբերաբար ստորագրել, ինչը չի արել մի քանի ամիս, վստահ եմ անտեղյակության պատճառով:  Բայց մի բան շատ տարօրինակ է, եթե նա հունիսի 21-ից գտնվել է հետախուզման մեջ եւ հուլիսի 18-ից  մեկ ամիս շարունակ եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, տեսախցիկների տեսադաշտում, թեկուզ տեսանյութերում կամ տեսահոլովակներում նրան Սպիտակի ոստիկանները կարող էին տեսնել այստեղի ոստիկաններին հայտնել, այնպես որ որեւէ հայրանվան խնդիր չի կարող լինել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031