Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուլի հայտարարության հատկապես երկրորդ մասը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է»

Օգոստոս 19,2013 18:31

«Ինձ համար Գյուլի հայտարարության հատկապես երկրորդ մասը Գյուլնազ  տատի հեքիաթների շարքից է»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Գաբալայում արված այն հայտարարությունը, թե  ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում և որ ինքը ցանկանում է, որպեսզի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը ապագայում անցկացվի Լեռնային Ղարաբաղում,  այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ավելի կոնկրետացնելով միտքը` պարոն Ավագյանն ասաց. «Գյուլի խոսքն ինձ համար  այնքանով արժեք ունի, որքան Գյուլի` ժամանակին հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունն իրենց երկրում, որն անգամ իր պետությունը չկարևորեց: Ուստի այս հայտարարությանն ընդամենը կարելի է քմծիծաղով մոտենալ»:

Ըստ Կարեն Ավագյանի` Գյուլը քիչ-քիչ նմանվում է Ադրբեջանի ղեկավարին, ով սկսել է ուղղակի հայտարարություններ անել, փոխանակ բուն գործով զբաղվի: Շարունակելով պարոն Ավագյանը նշեց. «Կոնկրետ Գյուլի պարագայում նա թող գոնե իր ստորագրության հետևից գնա»:

Մեր հարցին ինչպե՞ս պետք է օգտագործվի այս հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքական դաշտում, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Թուրքիան այս տարիների ընթացքում փորձել է խառնվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սակայն միջազգային հանրությունը այլ ձևաչափ է ընտրել` Մինսկի խումբ, որը տարիների ընթացքում ուրվագծել է խնդրի կարգավորումը և իր առաջարկած սկզբունքները հրապարակային ընդունվել են: Ես ինքս էլ հավատացած եմ, որ որոշ ժամանակ հետո Ղարաբաղյան հիմնախնդիրն իր լուծումը պիտի ստանա: Քանի տարի այն դե ֆակտո լուծված է, որոշ իրավական խնդիրներ էլ կլուծվեն ու դա էլ կլինի մեր ցանկությունը»:

Պարոն Ավագյանը նաև նշեց, թե ամենակարևորն այն է, որ  հայտարարություն անողը և ցանկությունների դաշտից խոսողը, երբ խոսում է որևէ  նորմի մասին, խոսի  բոլոր այն  նորմերի մասին, որոնք միջազգային հանրությունն ընդունում է`ազգերի ինքնորոշման իրավունք, խաղաղ բանակցային պրոցես, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, որը այն չէ, ինչ Գյուլն է հասկանում:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ նշեց. «Պետք է նախագահ Գյուլի` Ղարաբաղ այցելելու և թյուրքալեզու պետությունների գագաթաժողովն այնտեղ անցկացնելու ցանկությանը նայել հետևյալ տեսանկյունից. Գյուլը ցանկանում է, որ թյուրքալեզու պետություններն այնքան հասունություն կունենան և բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կունենան` ի շարս այլ հարևանների և կսկսեն թյուրքալեզու  պետությունների գագաթաժողովը նաև այլ պետություններում անցկացնել և կարող է նաև որպես այդպիսին այցելել ԼՂ և այդտեղ գագաթաժողով անել: Այլապես, եթե այլ բան նկատի ունի, Գյուլի ասածը ծիծաղելի է»:

Հարցին`սպառնալի՞ք է այն, որ Գյուլը հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրը ամենակարճ ժամկետներում պետք է լուծվի, պարոն Մանոյանը պատասխանեց. «Սա պետք է դիտել որպես ցանկություն: Ադրբեջանում է եղել, Ադրբեջանի հյուրերի նկատմամբ ինչ-որ պարտավորություն է զգացել ու ասել է: Պաշտոնական Երևանը սրա պատասխանը տվել է. Թուրքիան մեկ անելիք ունի ԼՂ խնդրում, դա էլ չխառնվելն է, մնացածն արդեն զուտ վնաս է»:

Գյուլի` ԼՂ գալու ցանկության մասին էլ Կիրո Մանոյանն ասաց. «Ուզում է գալ, թող գա, այդ դեպքում ԼՂՀ իշխանությունները պիտի ընդունեն իրեն, կարծում եմ որ միանգամից էլ Գյուլի օդանավը կիջնի Ստեփանակերտի օդանավակայան այդ ձևով Գյուլը երկու հարց միանգամից կլուծի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031