Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւան սիթի՞ն» «կործանեց» «Սթարին»

Օգոստոս 19,2013 18:03

«Սթար» սուպերմարկետների ցանցում ճգնաժամի եւ սնանկացման հիմնական պատճառը, ըստ ընկերության առեւտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանի, մրցակից ընկերությունների գործելաոճն է: Նման կարծիք Լիդա Քոչարյանը հայտնել է օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:  Լիդա Քոչարյանը մասնավորապես նշել է, որ մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ եւ մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առեւտրի զարգացմանը։

Հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունն է հանդիսանում խոշոր ներմուծող եւ նույն ընտանիքին է պատկանում «Կայզեր» եւ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, ապա «Սթարի» «կործանման» մեղավորներից են համարվում նաեւ հենց այս սուպերմարկետները:

Aravot.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ սուպերմարկետի տնօրինությունից, սակայն մեզ ամբողջ օրը ասում էին` պատասխանատուն տեղում չէ, մի քանի ժամից զանգեք, մեկ էլ` խոստացան վաղը կապ հաստատել:

Մինչ «Երեւան սիթին» պարզաբանում կտա, մենք փորձեցինք ինքներս պարզել՝ ի՞նչ գնային տարբերություն կա եւ արդյոք դա՞ է խանգարել «Սթարին» կայանալու:

starՄեր այցելության պահին Մալաթիա վարչական շրջանում գտնվող «Սթար» սուպերմարկետի առաջնային պատին փակցված էր «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» պաստառը:

Իսկ սուպերմարկետի մենեջերը մեր զրույցում ասաց, որ իրենք աստիճանաբար կորցնում են իրենց հաճախորդներին, քանի որ արդեն մոտակայքում բացվել են բազմաթիվ այլ խանութներ, իսկ հարեւանությամբ «Կայզեր» սուպերմարկետի վերաբացվելուց հետո հաճախորդների թիվն էլ ավելի է նվազել. « Հունվար ամսից մեր խանութն արդեն դատարկվել է, հաճախորդները քչացել են: «Կայզերի» վերաբացվելուց հետո մեր հաճախորդները գնալով ավելի են քչանում: Չեմ կարող ասել, թե որն է իրական պատճառը, սակայն մենք զգում ենք զգալի անկում»:

«Կայզեր» սուպերմարկետի մշտական հաճախորդ տիկին Լարիսան Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Սթարում» ապրանքներն ավելի թանկ են, քան մյուս խանութներում. «Ես հիմա բացարձակապես այնտեղից չեմ օգտվում, քանի որ, օրինակ, կարագը «Սթարում» արժե մի քանի հարյուր դրամ ավելի թանկ, քան մյուս «Կայզերում»: Ես երբեմն օգտվում եմ նաեւ «Երեւան Սիթի» սուպերմարկետներից`ավելի մատչելի գների եւ ավելի մեծ տեսականու համար եւ արդեն շատ հազվադեպ եմ «Սթար» գնում»:

Շենգավիթ համայնքի Չեխով փողոցի վրա գտնվող «Սթար» սուպերմարկետը չնայած որ մոտ 1 ամիս է փակվել է, բայց տեղի բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ այս սուպերմարկետում մի շարք ապրանքներ ավելի թանկ էին, քան բակի սովորական փոքրիկ խանութում:

«Սթարի» նախկին հաճախորդ Մերի Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Չնայած նրան, որ «Սթարը» մեր տանը շատ մոտիկ էր, միեւնույն է, ես նախընտրում էի առեւտուր անել սովորական խանութներից: Այնտեղ ապրանքն ավելի էժան է եւ թարմ: Մի անգամ էլ «Սթարից» կաթնամթերք եմ գնել, բերել տուն ու տեսել, որ այն արդեն ժամկետանց է: Նման բաները հիասթափեցնում են»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031