«Հայաստանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի շրջանակներում իր հարաբերություններում ձեռք է բերելու մի իրավիճակ, երբ եւ ներքին արտադրման ապրանքներն են ունենալու միջազգային ստանդարտներ, եւ կունենանք լաբորատորիաներ՝ մեր ապրանքների մակարդակն այնքան զարգացնելու, որոնք մրցունակ կլինեն եվրոպական շուկաներում: Դրանով մենք կապահովագրվենք բոլոր այն երեւույթներից, որոնք տարբեր քաղաքական նկատառումներից ելնելով՝ կլինի ՌԴ-ն, թե մեկ այլ երկիր, կփորձի փակել հայկական ապրանքների ճանապարհը կամ ինչ-ինչ խոչընդոտներ ստեղծել»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Խնդիրն այն է, որ անցած շաբաթ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը որոշեց Ուկրաինայից ներմուծվող ողջ ապրանքը միանգամից և առանց նախազգուշացման ներառել «ռիսկային խմբում», ինչը նշանակում է, որ այսուհետ ռուս մաքսավորները ուկրաինական արտադրանքը ծայրից ծայր մանրազնին քննության են ենթարկելու և մինչև դրանց ճանապարհին կանաչ լույս վառելը՝ ստիպելու են ամբողջը նախ բեռնաթափել, ապա կրկին մեքենաները բարձել: Վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները գտնում են, որ այս քայլով պաշտոնական Մոսկվան պատժում է Ուկրաինային՝ ՌԴ նախագահի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու և դեպի Եվրոպա գնալու համար:
Պարոն Պողոսյանից հետաքրքրվել էինք՝ նոյեմբերին, ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո Հայաստանին է՞լ են սպասվում նման պատժամիջոցներ: Մեր զրուցակիցը գտնում է, որ Եվրոպայի հետ խորացնելով հարաբերությունները, հայ արտադրողները ստիպված են լինելու արտադրել այնպիսի որակի ապրանքներ, որոնք հնարավոր չի լինելու օգտագործել տարատեսակ քաղաքական նպատակներով:
Թեւան Պողոսյանը չի բացառում, որ մինչեւ համաձայնագրի նախաստորագրումն էլ Հայաստանի նկատմամբ համանման խնդիրներ՝ քաղաքական ճնշումներ, լինեն. «Մենք պետք է պատրաստ լինենք դրանց, բայց առաջնորդվենք միայն եւ միայն մեր սեփական շահերով: Ցանկացած այդ տեսակի ճնշումն ունենալու է շատ կարճատեւ ժամանակ եւ հատկապես, նպաստելու է հարաբերությունների վատացմանը՝ քաղաքական առումով: Այնպես որ, ՌԴ-ն ինքը պետք է գիտակցի, որ ցանկացած այդ տեսակի քայլը ոչ մի դրական իմպուլս չի հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները միայն հայկական կողմով չեն պայմանավորված: ՌԴ-ն նույնպես պետք է ամեն ինչ անի՝ այդ հարաբերությունները դրական եւ բարձր մակարդակում պահելու առումով, քանի որ ռազմավարական գործընկերների միջեւ նման խաղերը դրական բաների չեն կարող հանգեցնել»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նկատում է, որ ՌԴ-ին հենց իր շուկայի տեսանկյունից էլ ձեռնտու չի լինի ռուս սպառողի կողմից սիրված հայկական ապրանքատեսակների՝ իր շուկա մուտքին խոչընդոտելը, քանի որ, սպառողները դրանք կսկսեն անլեգալ ճանապարհներով ձեռք բերել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս գործիչը ի՞նչ ապրանքները նկատի ունի, որոնց
համար ռուսական շուկայում ուղղակի խելագարվում են՝ այդ հայկական ապրանքների համար, երբ
խոչնդոտելու դեպքում ռուսները այն ձեռք են բերելու անլեգալ,՝ թռչող ափսեների օգնությամբ:
Այդ ո՞ր ապրանքն է լինելու, որի համար եվրոմիության շուկան փսլինքը չի կարողանալու պահի:
Մի՞ թե՛ միայն եվրոպական չափանիշներով լաբորատորիաներն են խնդիրը, իսկ ո՞վ պետք է այդ
չափանիշների համապատասխան արտադրանք արտադրի:
Պաշտոնական տվյալներով Հայաստանը ամեն տարի ներմուծում է մոտ 1200 տոնննա պանիր, երբ երկրում նույն
քանակությամբ պանիր սպառողին չի հասնում, այսինքն փչանում է: ,,Իհարկե՝ ոչ պաշտոնական
տվյալներով,,: Այսինքն կամ կաթը մշակողին չի հասնում, կամ էլ, մշակվում է իբր թել պանիր և
իր սպառողը չի գտնում, քանի որ թթված կաթից միայն այդպիսի արտադրանք կարելի է ստանալ, որ նույնիսկ մենք չենք ուտում: Երևի խոսքը հենց դրա մասին է, որ եվրոպացիները նեխահոտից կգժվեն և գիտակցությունները կորցրած միայն մեր թել պանիրը կուտեն: Էլ չեմ խոսում, բրդի և էլի շատ ու շատ մրգերի ու հատապտուքների մասին, որոնք մնում են Թեղուտի և մյուս անտառներում,
քանի որ երկրի ընդերքը թալանելը և օֆշորները լցնելը շատ ավելի հեշտ գործ է: