Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ապրանքները չե՞ն հայտնվի «ռիսկային խմբում»

Օգոստոս 19,2013 16:59

«Չեմ կարծում, որ նման զարգացումներ հնարավոր են: Համենայնդեպս, որեւէ հստակ ազդակ չկա, որպեսզի այդ կարծիքը դառնա իրատեսական: Ավելին, կարծում եմ, Ուկրաինայի հետ զուգահեռները բացարձակ անտեղի են»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը որոշեց Ուկրաինայից ներմուծվող ողջ ապրանքը միանգամից և առանց նախազգուշացման ներառել «ռիսկային խմբում», ինչը նշանակում է, որ այսուհետ ռուս մաքսավորները ուկրաինական արտադրանքը ծայրից ծայր մանրազնին քննության են ենթարկելու և մինչև դրանց ճանապարհին կանաչ լույս վառելը՝ ստիպելու են ամբողջը նախ բեռնաթափել, ապա կրկին մեքենաները բարձել:

Վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները գտնում են, որ այս քայլով պաշտոնական Մոսկվան պատժում է Ուկրաինային՝ Վլադիմիր Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու և դեպի Եվրոպա գնալու համար:

ՀՀԿ-ական պատգամավորից Aravot.am-ը հետաքրքրվել էր` հավանական համարո՞ւմ է, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ էլ համանման պատժամիջոցներ սկսի կիրառել՝ ԵՄ-ի հետ ասոցացման, ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրերը նախաստորագրելու դեպքում:

Մեր հարցին՝ թե ինչո՞ւ տեղին չէ ՀՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ զուգահեռների անցկացումը, պարոն Մինասյանն ասաց. «Մնացած երկրները էականորեն տարբերվում են Հայաստանից այն առումով, որ մնացած երեքը չեն գտնվում նույն պաշտպանական համակարգում: Մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ չափազանց ակտիվ դերակատարում է ստանձնել: Մեր ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների, հատկապես ՌԴ-ի հետ, բավականին խոստումնալից են: Ի դեպ, երկու կողմերի համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերին, Վիլնյուսում, Արեւելյան գործընկերության մեջ մտնող վեց երկրներից չորսը պետք է ստորագրի կամ նախաստորագրի ԵՄ-ի ասոցացման, ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրերը, որոնցից մեկը Հայաստանն է:

Գագիկ Մինասյանը հավելեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որոնք Հայաստանի պաշտպանական կարեւոր օղակներից են, ոչ պակաս կարեւոր խնդիր են լուծում նաեւ ՌԴ-ի համար:

Նա նկատեց նաեւ, որ բացի նրանից, որ մնացյալ երեք պետությունները ՀԱՊԿ-անդամներ չեն, նաեւ հայտարարել են ԵՄ անդամ դառնալու իրենց հավակնությունների մասին: Մինչդեռ, պաշտոնական Երեւանի օրակարգում նման խնդիր չկա: «Հայաստանի ներկայիս քաղաքականության ընթացքն ունի ընդգծված մեկ դրսեւորում՝ գոյություն ունեցող եւ տարիների ընթացքում իրեն արդարացրած եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական ձեւավորված հարաբերությունները շարունակել՝ ավելացնելով նոր հնարավորություններ, որոնք շահեկան կարող են լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մեր ռազմավարական գործընկերոջ համար»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031