Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար:
Հավարտ Սբ. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն:
Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:
Կարդացեք նաև
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին` մաղթելով, որ Աստված երկնային շնորհներ հեղի ամենքի կյանքից ներս և բերք ու բարիքի առատության մեջ երջանիկ, ապահով ու անվրդով կյանք պարգևի:
Վերջում միաբան սարկավագներն օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին:
Հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, մատուցվեց հոգեհանգստյան Սբ. Պատարագ` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ