Լրահոս
Օրվա լրահոսը

Էնդոկրինոլոգ .«Նիհարելու համար հարկավոր է համատեղել ֆիզիկական աշխատանքը և ճիշտ սնվելը»

Օգոստոս 19,2013 14:48

«Պետք է տարբերել գիրությունը անորեքսիայից, քանի որ անորեքսիայի հիմքում ընկած են հոգեբանական պատճառները: Դրա համար պարտադիր չի, որ անորեքսիայով տառապող մարդը ի սկզբանե լինի գեր: Անհատը պարզապես չի ընդունում ինքն իրեն որպես նորմալ քաշ ունեցող մարդ»,- այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էնդոկրինոլոգ Բամելա Բաղրամյանը:

Տիկին Բաղրամյանը նշեց, որ ներկայումս գիրությունը շատ ավելի կարևոր և ակտուալ խնդիր է, քան անորեքսիան. «Կանանց մոտ 1,1 %-ն է տառապում անորեքսիայով, իսկ տղամարդկանց 0,25%: Սակայն գիրությամբ է տառապում չափահաս տարիքի ամեն 4-րդ մարդը»:

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքերով` այս երկու ֆիզիոլոգիական երևույթների հիմքը հոգեբանական է. «Խորը սթրեսից մարդ կարող է գիրանալ կամ նիհարել: Անհատի մոտ ներքին պայքար է սկսվում և նա չի հաշտվում իրականության հետ: Արդյունքում մարդ կորցնում է դժվարություններ հաղթահարելու ունակությունը»:

Տիկին Բադալյանը խոսեց նաև հոգեբանական ռեգրեսիա տերմինի մասին, որը նույնպես գիրանալու պատճառ կարող է դառնալ: «Հոգեբանական ռեգրեսիայի դեպքում անհատը վերադառնում է մանկություն, որտեղ նրա միակ խնդիրը սնվելը կամ չսնվելն է եղել: Հոգեբանական խնդիրը լուծելու համար պետք է գտնել օջախը, այսինքն` այն կետը, որտեղից սկսվել է ներքին պայքարը»,- ասաց տիկին Բադալյանը:

Ըստ էնդոկրինոլոգի` գիրանալու մեջ առկա է նաև ժառանգության գործոնը. «Ապացուցված է,  որ կա գեն, որը պատասխանատու է գիրության համար, բայց գենի զարգացման համար նպաստավոր պայմաններ են հարկավոր»:

Բամելա Բաղրամյանը նշեց, որ չգիրանալու համար հարկավոր է ճիշտ սնվել. «Պետք է ուտել քիչ-քիչ, բայց հաճախ` մոտ 4 ժամը մեկ: Ներկայումս երեխաների ճարպակալման պատճառը սխալ սնվելն է, ինչպես նաև նրանց նստակյաց, պասիվ վիճակը: Նիհարելու համար միայն քիչ ուտելը կամ միայն ֆիզիկական աշխատանքը քիչ է: Պետք է համատեղել այս երկուսը, ինչպես նաև նիհարելը սկսել ճիշտ ժամանակին, երբ մարդ գիրացել է 3-5 կիլոգրամով»:

Ինչ վերաբերում է հղիության ժամանակ գիրանալուն, բժիշկ-էնդոկրինոլոգը նշեց, որ մայրանալու շրջանում կանայք սովորաբար ավելի շատ են ուտում. «Մեզ մոտ ընդունված է, որ հղիները պետք է երկուսի փոխարեն ուտեն: Սակայն դա սխալ է: Հղի կինը պետք է լավ սնվի, բայց նրան ավելի շատ հարկավոր են վիտամիններ»:

Էնդոկրինոլոգը խորհուրդ չտվեց օգտագործել դիետաներ կամ նիհարեցնող դեղորայքներ. «Դիետաները մինիմալի են հասցնում կալորիաների քանակը, սակայն կարճատև ազդեցություն են կրում: Դիետա կարելի է պահել, երբ ինչ-որ արարողության համար հարկավոր է շտապ 2-3 կիլոգրամ նիհարել»,- իսկ հոգեբանը հավելեց, որ ցանկացած դիետա պետք է անհատական լինի, որպեսզի առողջական խնդիրներ չառաջացնի:

Տիկին Բաղրամյանը խոսեց նաև գիրության երկու տեսակի` որովայնային և կոնքային գիրության մասին: Նրա խոսքերով` որովայնային գիրությունը ավելի վտանգավոր հետևանքներ ունի, քան կոնքայինը: «Որորվայնային գիրության դեպքում ճարպը ոչ միայն մաշկի ներսում է լինում, այլ տարածվում է ամբողջ որովայնով և շրջապատում տարբեր օրգաններ, որոնք հայտնվում են ճարպային պատյանում», -ասաց տիկին Բաղրամյանը:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031