Դեռեւս մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողությունը հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնար նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով եւ Aravot.am-ին էլ ասել էր, թե համաձայն չէ նախարարի հետ:
Ի վերջո, գործընթացներն այնպես զարգացան, որ հուլիսի 4-ին ԿԳ նախարարի հրամանով Արտուշ Ղուկասյանն ազատվեց «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: Պարոն Ղուկասյանը քանից բարձրաձայնել էր նախարարին դատի տալու որոշման մասին եւ մեղադրել փաստաթղթային կեղծիքների մեջ:
Ի պատասխան ԿԳ նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի եւ անհեթեթ է:
Aravot.am-ը այսօր ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտուշ Ղուկասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հետ կանգնել նախարարին դատի տալու մտքից: Արտուշ Ղուկասյանն ասաց, որ չի պատրաստվում ոչինչ մեկնաբանել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս NEWS.am-ին տված հարցազրույցում պրն Ղուկասյանն ասել էր. «Դուք էլ շատ հետաքրքիր ժողովուրդ եք, մի անգամ նախարարին հարցրեք, որպեսզի դուք էլ իմանաք, ես էլ իմանամ պատճառը: Այդքան լրագրողներով այսպես, այնպես խոսում եք, բայց ոչինչ չեք անում»: Շեշտել էր, որ միակ մարդը, ով գիտի իրեն նկատողություն հայտարարելու պատճառը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է, ու «մեղադրել» լրագրողներին նախարարին խնայելու մեջ եւ նրան այս թեմայով չանհանգստացնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ