Լրահոս
Օրվա լրահոսը

Միասեռականների հավաք չի անցկացվելու. Խաչիկ Ստամբոլցյանից պահանջում են ներողություն խնդրել

Օգոստոս 19,2013 14:16

Խաչիկ Ստամբոլցյանը օրերս «Հրապարակին» տված հարցազրույցում պնդել էր, թե «սեպտեմբերի 14-21-ը Հայաստանում միասեռականների հավաք է կազմակերպվելու, որը ֆինանսավորում են օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ։ Դրանք հոգալու են 23 երկրից հրավիրված միասեռական երիտասարդների հյուրանոցային ծախսերը եւ վճարելու են ինքնաթիռի տոմսի գնի 70 տոկոսը»։  Ծրագիրը կոչվում է «Գործընկերների որոնում» եւ քարոզչական բնույթի է՝ նրա պնդմամբ:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունն այսօր տարածած հաղորդագրությամբ իրենց եւ «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի մասին «ակնհայտ ապատեղեկատվություն» եւ «հերյուրանք» է որակել Ստամբոլցյանի այս պնդումները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների երիտասարդներ, փորձագետներ, երիտասարդական աշխատողներ, ովքեր հետաքրքրված են գենդերային հավասարության հիմնախնդիրներով և իրենց երկրներում աշխատում են այդ ոլորտում: Ծրագրի հիմնական նպատակն է՝ համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակերպությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը: Ծրագիրը նախատեսում է դառնալ հարթակ երիտասարդական կազմակերպությունների համար՝ զարգացնելու նոր ծրագրեր և գաղափարներ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտներում: Իրենց այցի ընթացքում եվրոպացի փորձագետները կծանոթանան գենդերային հավասարության ոլորտում հայաստանյան ՀԿ-ների փորձին և աշխատանքին, կզարգացնեն համագործակցութուն և կքննարկեն իրենց երկրների հասարակական կյանքում տղամարդկանց և կանանց հավասար ներկայացուցչության և կանանց նկատմամբ բռնության ու դրա դեմ պայքարի հիմնահարցերը»:

Նաեւ պարզաբանված է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից. «Այս ծրագրի շրջանակներում վերջին 7 տարիների ընթացքում  հարյուրավոր հայ երիտասարդներ հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր սեմինարների ու դասընթացների եվրոպական տարբեր երկրներում՝ ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, ճանապարհորդելով գրեթե անվճար և ձեռք բերելով կարևոր գիտելիք ու հմտություններ»:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունը պահանջում է Խաչիկ Ստամբոլցյանից ներողություն խնդրել ապատեղեկատվության տարածման համար առաջիկա մի քանի օրերի ընթացքում. «Մասնավորապես խոսքը վերաբերում է հոդվածի առաջին մի քանի մտքերին, որտեղ գենդերային հավասարության մասին սեմինարը ներկայացվում է որպես միասեռականների շքերթ-հավաք: Հակառակ դեպքում, կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում իրավական մեխանիզմների կիրառման միջոցով պատասխանատվության ենթարկել պրն. Խաչիկ Ստամբոլցյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031