Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան.«Եվրոպայի պաշտոնյաները չեն ուզում իրենց երկրի բարիքներից անգամ փոքրիկ մաս տալ օտարերկրյա քաղաքացիներին»

Օգոստոս 19,2013 13:39

Եվրոպայում ապաստան փնտրող հայաստանցիների թիվն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 12 %-ով, սա 200-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ. այս տարվա առաջին երեք ամիսներին 1355 հայաստանցի է ապաստան խնդրել Եվրոպայում:

Ինչպես օրերս տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով եվրոպական վիճակագրական վարչությանը՝ Եվրոստատին, հայաստանցիների դիմումների մեծ մասը մերժվել է, 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ 1500 որոշում է կայացվել, որոնցից միայն 125-ն է դրական եղել, մնացածը մերժվել է: Ընդ որում, ըստ Եվրոստատի, հայաստանցիներն ապաստան ստանալու համար ամենաշատը դիմել են Ֆրանսիա, այս երկրի կառավարությունն ամենաշատն է մերժել, Ֆրանսիայից հետո մերոնք շատ դիմում են Գերմանիա, ապա՝ Բելգիա:

Ո՞րն է պատճառը, որ եվրոպական այդ երկրները մերժում են ապաստան տրամադրել, այս հարցին ստույգ եւ մակրո մակարդակով պատասխան տալ հնարավոր չէ. Aravot.am-ի հետ զրույցում ասաց տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով՝ հայաստանցիները, որոնք փորձում են ապաստան ստանալ Եվրոպայում, միշտ մտածում են, որ ինչ-որ մեկը պետք է հոգ տանի իրենց մասին. «Ընդ որում, այն որ ասում են հանձնվել, դա այդպես չէ, ոչ ոք պարտավոր չէ հոգ տանի: Ապաստան հայցելը, տվյալ երկրի իշխանություններից պաշտպանություն խնդրել է՝ իբր իրենց հալածանքների ենթարկելու վտանգից ելնելով, քաղաքական, սոցիալական որեւէ խմբին պատկանելով, ռասայական կամ սեռական փոքրամասնության եւ այլ հատկանիշներով: Մարդիկ մտածում են, որ գնան հանձնվեն արտոնյալ խավի մեջ են լինելու եւ այդ երկրի բոլոր լավ պայմաները բացվելու են իրենց առջեւ եւ այդ երկրի սոցիալական բարիքները միանգամից տրամադրելու են իրենց: Իրականում այդպես չէ»:

Պարոն Եգանյանի ներկայացմամբ, «հանձնվողները» Եվրոպայում ասում են, թե իրենց հայրենիքում իրենց հալածանքների են ենթարկում. «Միջազգային չափանիշներ կան, թե հալածանքի որ դեպքում պետք է պաշտպանեն նրանց, իսկ նրանք հստակ ինֆորմացիա ունեն՝ իրոք Հայաստանում այդպիսի հալածանքներ կա՞ն, թե՞ ոչ»:

Եվրոպական մի շարք երկրներ խստացրել են ապաստան տրամադրելու չափանիշները, մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Եգանյանն ասաց. «Այո, օրինակ` Բելգիայում բուժման նպատակով եթե մինչեւ 2010 թվականը շատերին էին հնարավորություն տալիս անվճար բուժում ստանալու, եւ դա հիմք էր տալիս, որ մարդը ժամանակավոր բնակության իրավունք ստանար, ապա 2010-ի 2րդ կիսամյակից այս երկում 100-ից 2% է նման հնարավորություն ունեցել: Գործնականում փակված է այդ ճանապարհը: Եթե ուզում ես գնաս Բելգիա բուժվես, նախապես պիտի վճարես, ոչ թե գնաս իրենց հարկատուների հաշվին բուժվես»:

Պարոն Եգանյանի խոսքերով, շատ եվրոպական երկրներ ներկայումս ավելի բծախնդիր են մոտենում ապաստան հայցողներին, եւ եթե նախկինում շատ ինֆորմացիա չունեին, ապա այսօր, ծառայության ղեկավարի խոսքերով ասած՝ մեզանից լավ են տեղեկացված եւ գիտեն, որ «հանձնվողների» շատ տվյալներ իրականությանը չեն համապատասխանում:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ միջազգային 5 չափանիշներ կան, երկիրը որքան էլ խստացնի կամ չխստացնի պայմանները, պարտավոր է անձին պաշտպանել՝ ապաստան են շնորհում կամ բնակության իրավունք տալիս. «Հիմա շատերը լսելով, որ այդ ճանապարհով կարող են բնակության հաստատելու եւ աշխատելու իրավունք ստանալ, սա հանձնվել է իրենց պատկերացմամբ, ու կասկածելի ինֆորմացիայի վրա ճամպրուկները հավաքում են ու գնում են: Իսկ այնտեղի պաշտոնյանները բացարձակապես պատրաստակամ չեն, երբ դեպքերը օրենքի պահանջներին չի համապատասխանում, իրենց երկրի բարիքներից անգամ փոքրիկ մաս տալ օտարերկրյա քաղաքացիներին»:

Նշենք, որ նույն Եվրոստատի տվյալներով, վերջին 12 ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստան է հայցել 5300 հայաստանցի, Վրաստանից՝ 11035 մարդ, հարեւան Թուրքիայից՝ մոտ 6 300-ը, իսկ Իրանից՝ 14 հազար մարդ:

Ադրբեջանից ապաստանի համար այս տարվա առաջին քառորդում դիմել է 650 հոգի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031