2013 թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Հասմիկ Ղազարյանը, ով հայտնել էր իր և իր դստեր՝ Գոհար Ղազարյանի հանդեպ ՀՀ պաշտպանության նախարարության հանցավոր և անօրինական վերաբերմունքի մասին:
Նա տեղեկացնում էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ապարատի ղեկավար գեներալ-մայոր Ա. Բրուտյանը իր անձնական օգտագործման հեռախոսահամարից զանգահարել էր իրեն և 2012 թ. նոյեմբերի 5-ին հրավիրել էր իր դստերը՝ ՊՆ որոշ պարզաբանումներ ստանալու համար: Պարզաբանումները, ինչպես հետո արդեն հասկանում են մայրն ու դուստրը, կապված էին մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յ. Խաչատուրովին Գ. Ղազարյանի կողմից ուղարկված նամակ- դիմումի հետ: Նամակով Գ. Ղազարյանը փորձել էր օգնություն խնդրել Յ. Խաչատուրովից` ակնկալելով, որ գեներալ- գնդապետը արդարացի լուծում կտա իր հարցին, չնայած նրան, որ նամակագիրը գրում էր Յ. Խաչատուրովի սանիկի՝ Համլետ Քեշիշյանի անօրինական, ապօրինի, դատապարտելի, ոչ մարդկային և բոլոր սահմաններն անցնող վարքագծի մասին, և խնդրում էր հետևել իր հովանավորյալի գործողություններին ու կանխել այդ սանձարձակությունը:
Նամակ-դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ Համլետ Քեշիշյանի և նրա վարքագծի մասին ավելի բովանդակալից պատկերացում կազմելու համար:
2012 թ. նոյեմբերի 5-ին Հ. Ղազարյանը ուղեկցել է իր դստերը ՊՆ և հեռախոսով նկարահանել է դստեր ՊՆ մուտքն ու անձնագրային ստուգումը, 35-40 րոպե դստերը սպասելուց հետո որոշել է զանգահարել և իմանալ ուշանալու պատճառը, սակայն դուստրը պատասխանել է, որ նա կուշանա և որ նրանից որոշ փաստաթղթերի պատճեններն են պահանջում, նրան 10 րոպե անց հրավիրել են առանձնասենյակ, ուր նաև եկել է Գ. Ղազարյանը՝ փոխգնդապետի ուղեկցությամբ: Վերջինս կշտամբել է նրանց օրինազանցության համար, այն է` հեռախոսը թաքցնելը, այնինչ Գ. Ղազարյանից, ինչպես տեսագրել է մայրը հեռախոսով, անցագրային կետում ոչ ոք հեռախոս չի պահանջել:
Կարդացեք նաև
Այս ամենից հետո մոր ու աղջկա հեռախոսները մանրակրկիտ զննվել են, որից հետո, պարզելով, որ Գ. Ղազարյանը հեռախոսը չի օգտագործել այլ նպատակներով, սկսել են քննադատել Հ. Ղազարյանին՝ սպառնալով, որ «արձանագրություն կկազմեն և նրա հարցերը կլուծեն»:
Այնուհետև, Հ. Ղազարյանին տանելով այլ սենյակ, փոխգնդապետ Ա. Ղուկասյանը և գեներալ-մայոր Ա. Բրուտյանը հարցաքննություն են կազմակերպել: Ա. Բրուտյանը հարցրել է Հ. Ղազարյանին՝ արդյոք նա տղա ունի և Հ. Ղազարյանը, իմանալով, որ մինչ այդ Ա. Բրուտյանը Գ. Ղազարյանին էլ ասել էր թե «այս հարցը արյունով է վերջանալու», հարցրել է «ե°րբ եք մեր տան վրա տանկեր ուղարկելու», որից հետո կազմված արձանագրությունը պատռվել է և, նրանց վերադարձնելով անձնագրերն ու հեռախոսները, ազատ են արձակել:
Հասմիկ և Գոհար Ղազարյաններին ՀՀ ՊՆ-ում ապօրինի անազության մեջ պահելու փաստի առթիվ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թ. մարտի 5-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանին, սակայն ուղարկված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից հետո մերժման մասին որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով:
Մերժում ստանալուց հետո կազմակերպությունը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կայացված որոշումը վերացնելու մասին: Սակայն այս դիմումը ևս մերժել է, որից հետո կազմակերպությունը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և գործն ուղարկել նախաքննության:
ՀՀ վերաքննիչ դատարանում օգոստոսի 15-ին դատական նիստի ժամանակ դատավորը ցուցաբերեց կողմնակալ վերաբերմունք կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: Բացի այդ, դատավորին ոչ հարիր պահվածք դրսևորելով, դատավոր Հ. Տեր- Ադամյանը Գոհար Ղազարյանին հարցրեց, թե ինչու է նա իր անձնական գործը հասցրել ՊՆ մակարդակի, հաշվի չառնելով այն փաստը, որ դատարանում բարձրացվում էր ոչ թե Գ. Ղազարյանի անձնական, այլ նրան ՊՆ-ում ապօրինի անազատության մեջ պահելու խնդիրը:
Սա վկայում է այն մասին, որ դատավորն ակնհայտ կողմնակալ վարքագիծ է դրսևորում, որի հիմքով Արթուր Սաքունցի կողմից դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, սակայն դատավորը մերժել է այն: Դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը դատարանին հայտնեց, որ մինչ այդ առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր գործի մասին նյութերը տրամադրել: Վերաքննիչ դատարանը ընդունեց Ա. Սաքունցի միջնորդությունը և հայտարարելով 2 ժամյա ընդմիջում՝ տրամադրեց գործի նյութերը: Նյութերի ուսումնասիրությունից հետո պարզ դարձան և Արթուր Սաքունցի կողմից դատարանին ներկայացվեցին 2 կարևոր հանգամանք. առաջինը այն է, որ գործի նյութերում, անցագրային կետի գրանցամատյանում և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժանմունքի պետ Ա. Ղուկասյանի բացատրագրում ժամանակային տվյալները միմյանց չեն համապատասխանում, այն է՝ մի տվյալով Ղազարյանները դուրս են եկել 2030 , իսկ մեկ այլ տվյալով 1820 , մյուս տվյալով՝ 1820 , սակայն, Հասմիկ Ղազարյանը փաստում է, որ նրանք դուրս են եկել միայն ժամը 2300-ի սահմաններում: Այս հանգամանքներին նիստին մասնակցած դատախազը մեկնաբանել է, թե հնարավոր է դա տեխնիկական խնդիր է: Սակայն եթե դա նույնիսկ տեխնիկական խնդիր է, պարզ է դառնում, որ քննիչը չի իրականացրել բազմակողմանի հետաքննություն:
Հաջորդ հանգամանքը կայանում է նրանում, որ երբ Գոհար Ղազարյանը անցագրային կետից զանգահարել է մորը, պատասխանել է ոմն սպա և ասել, որ նա բացատրություն է գրում և հետո կզանգահարի, բացի այդ Գ. Ղազարյանը չի կարողացել դուրս գալ շենքից, քանի որ անձնագիրը իրեն չեն տվել: Այս հանգամանքներն ակնհայտորեն փաստում են, որ Ղազարյանները գտնվել են ապօրինի անազատության մեջ, սակայն, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանի դատավոր Հ. Տեր-Ադամյանը օրինական և հիմնավորված համարեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրություն