Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ալիևի մասին խոսեց թուրքական դիվանագիտությա՞ն լեզվով

Օգոստոս 19,2013 13:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր փակման ժամանակ, պատասխանելով բազեականների այն հարցին, թե հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, ասել էր. «Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետեւյալն է՝ մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»:

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Aravot.am-ը հոգեբան Աշոտ Հակոբյանին խնդրեց գնահատել նախագահի պատասխանը, որին նա արձագանքեց այսպես. «Եթե քաղաքականության մեջ դատողությունները սկսվում են «եթե»-ներով, դա ես չեմ ընդունում, քաղաքականության մեջ էդ կարգի մտածողությունը լուրջ չեմ համարում: Մի քանի տարիների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի ասած «եթե»-ները բացառվում են, էդ ի՞նչ հրաշքներով պիտի փոխվի Ալիևի հայատյաց դիրքորոշումը: Դա նույնն է, որ ասենք եթե էս ինչ թվին պատերազմ չլիներ, պապս չգնար պատերազմ, ես էլ պապ կունենայի: Մենք որակական փոփոխություններ չենք ակնկալում և այստեղ ծանոթ սատանայի դիվանագիտությունն է աշխատում, այսինքն` ես գիտեմ, որ դիմացինը սատանա է, բայց բանակցությունների մեջ եմ:

Մեր նախագահի մոտ Իլհամ Ալիևը թեկուզև աննշան գնահատվում է դրական, որովհետև այդ գործիչը մեզ ծանոթ է, հասկանալի է, կռահելի է: Բայց, ցավոք, ես կարծում եմ, որակական փոփոխությունների լիցքը, կուտակումը մենք ոչ թե հարևաններ երկրների քաղաքական գործիչների մեջ պիտի փնտրենք, այլ մեր մեջ, դա մենք պետք է ուզենք»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

OLYMPUS DIGITAL CAMERAՊատմաբան Արշավիր Գասպարյանի կարծիքով էլ մեր նախագահի պատասխանը ավելի շատ դիվանագիտական, բայց շաբլոն էր. «Մեր նախագահն հակված է դեմոկրատ թեկնածու տեսնել Ադրբեջանում, սա մեր նախագահի բարի ցանկությունն է, իսկ Ադրբեջանը շատ հեռու է դեմոկրատ թեկնածու ունենալուց, նույնիսկ այդպիսի մեկին գրանցելուց, Ալիևի կլանն այնպես է ամրապնդվել Ադրբեջանում, որ դեմոկրատիան հեռավոր երազանք անգամ չի կարող լինել այս երկրի համար: Կարծում եմ, ճիշտ պատասխան էր, մեր նախագահն, ըստ էության, ուզում է հարևանների հետ ունենալ շատ կոռեկտ ու նրբանկատ հարաբերություններ»:

Levon-Mutafyan

Այս նույն թեմայի շուրջ, ճանաչված թատերագետ- հրապարակախոս Լևոն Մութաֆյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքում շատերն աղմուկ են բարձրացրել, սկսել սրեր ճոճել, թե՝ հասեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սատարում է Իլհամ Ալիևին, թե կողմ է, որպեսզի վերջինս նորից ընտրվի Ադրբեջանի նախագահ… Ու նախագահին պիտակավորում են…
Իսկ ես շատ ուրախացա՝ տեղեկանալով, որ Սերժ Սարգսյանը նման միտք է արտահայտել… Վերջապես մեր նախագահը մտավ դիվանագիտական ինքնատիպ խաղերի մեջ ու իր վերջին ամիսների պարապությունն ու անտարբերությունը լցրեց մի չափազանց ուշագրավ հայտարարությամբ, որը, ըստ էության, ոչ թե սատարանք է Ալիևին, այլ, հակառակը, սասանում է նրա նկատմամբ եղած հավատն իր երկրում, նրա դեմ է հանում հանրության զգալի շերտերին… Ալիևի համար հայատյացությունը, Հայաստանի դեմ թշնամանքը դարձել է պետական քաղաքականություն, նրան ադրբեջանական հանրությունն ընդունում է առաջին հերթին հակահայ հայտարարությունների համար, մինչդեռ ՀՀ նախագահը հայտարարում է, թե Ալիևը գերադասելի է… Հենց սա է մեր օրերին հարիր ճշմարիտ դիվանագիտությունը, երբ թշնամուն կարող ես շարքից հանել՝ նրա իսկ զենքով…

Հիմա ադրբեջանական ընդդիմությունն ամեն տեղ կհայտարարի, թե Ալիևը գործարքների մեջ է Հայաստանի հետ, թե պատերազմի մասին նրա հայտարարությունները համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ… Ու նման հայտարարությունները կօգնեն, որպեսզի վերջապես ադրբեջանական հանրությունը հասկանա, որ պատերազմը պետք է ոչ թե իրեն, այլ ալիևյան կլանին՝ հարստանալու և սեփական ժողովրդին հարստահարելու համար… Ես ողջունում եմ մեր նախագահի քայլը, մանավանդ որ նման մի հայտարարություն-խորհուրդ էլ ինքս էի զետեղել…

Բարեկամներս, թշնամուն հաղթում են ոչ միայն նրա դեմ կռվելով, այլև նրա մասին դրական կարծիք հայտնելով: Ժամանակն է, որ թուրքական դիվանագիտության գաղտնիքներին մենք էլ տիրապետենք… »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեր,՝ ժողովրդավարության ջատագորով նախագահը, իրոք ցուցաբերեց քաղաքականության արվեստի բարձր դրսևորում: Սակայն որպեսզի Ադրբեջանում ապահովենք ժողովրդավարության
    բարձր մակարդակը,՝ մեր Ալիևին ընտրելու համար, ապա պետք է մեր փորձված հնարքները կիրառենք նաև այդ երկրում, այսինքն՝ ընտրությունների օրերին գործով ստուգված մեր՝ թաղերի
    խուժաններին գործուղենք Ադրբեջան և արդյունքը 100%-ով ապահոված կլինի: Իսկ այդ գործնթացի
    պատմական նշանակությունը մեր գալիք սերունդների համար՝, թողենք Նաիրա Զուրաբյանի շնչահեղձ մեկնաբանությանը, որը մեծ փորձ ունի ֆուտբոլային դիվանագիտության մեկնաբանությունից:
    Իսկ անձամբ իմ անունից կասեի՝, որ երկիրը կործանվում է, իսկ դուք հիմարություններով եք զբաղված, միայն թե լուրջ բանից չխոսեք, որի համար գոնե փոքր ինչ խելք է հարկավոր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031