Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ. «Եթե լրագրողները իրենց պարտականությունը պատշաճ իրականացնեն, մեր երկրում ամեն ինչ լավ կլինի»

Օգոստոս 19,2013 12:55

«Պարոն Օսիպյան, ոստիկանները միայն օրենքո՞վ են շարժվում: Եթե նախագահը ձեզ ասի, որ պետք է այսինչ մարդու գլուխն ուտեք՝ չե՞ք ուտելու, գործ չե՞ք սարքելու»,- Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում մեր այս հարցին նա պատասխանեց. «Ոստիկանները շարժվում են միայն ու միայն օրենքով, դուք ո՞ր նախագահի հետ եք: Հանրապետության նախագահը, ես վստահ եմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ նման բան չի ասի: Պարզապես վստահ եմ: Նման բան ուղղակի հնարավոր չի, բացառում եմ: Ինչ իրականացվում է՝ լինում է միայն օրենքի շրջանակներում»:

Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ ինքը «վերեւներից» հրահանգներ չի ստանում եւ չի կատարում դրանք:

Վալերի Օսիպյանը սկսեց դեպքեր պատմել, երբ լրագրողներն իրենց ճիշտ չեն պահել, հրահանգներով են աշխատել. «Լրագրողին ասում եմ՝ կարո՞ղ եք լուսաբանել, որ ես սփյուռքահային չեմ ասել՝ գնացեք այստեղից, ասում է՝ ոչ: Հարցնում եմ, եթե ես հիմա իրեն հրահրեմ, քաշքշեմ, ասեց՝ անպայման դա կլուսաբանեմ: Հիմա եթե լրագրողները իրենց պարտականությունը պատշաճ իրականացնեն, մեր երկրում ամեն ինչ լավ կլինի: Ես վա՞տ եմ աշխատում»:

Նա վստահեցնում էր, որ հայ ոստիկաններն առհասարակ շատ մեղմ են վարվում ցուցարարների հետ: Նա միջազգային փորձից պատմեց, որ շատ երկրներում ցուցարարներին ոստիկանները գնում են ցրելու՝ զենքով. «Մեր ՀՀ ոստիկանությունը, կլինի մշակութային միջոցառում, սպորտային, քաղաքական, նրանք գնում են ծառայության՝ առանց զենքի»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկանները մեղմ են վերաբերվում այնքան ժամանակ, քանի դեռ չունեն վերեւներից հատուկ հրահանգ՝ Վալերի Օսիպյանը հերքեց. «Չկա այդպիսի բան»:

Երբ խոսք գնաց, թե ոստիկաններն ինչպես էին վարվում քաղաքացիների հետ ապրիլի 9-ին՝ Վալերի Օսիպյանը զարմացավ. «Ապրիլի 9-ի՞ն, ի՞նչ տեսաք այդ օրը: Դուք տեսաք, որ քաղաքապետարանը առաջարկել էր այլ երթուղի: Միտում կար, մեկ նպատակ էին հետապնդում՝ Բաղրամյանով անպայման բարձրանային, քանի որ այնտեղ տեղի էր ունենում արարողակարգային միջոցառում: Ուզում էին անպայման գնալ, խոչընդոտել, խանգարել»:

Մեր հարցին՝ Դուք հանգիստ քնո՞ւմ եք՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Շատ: Անկեղծ եմ ասում՝ շատ հանգիստ, հավատացնում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031