Լրահոս
Օրվա լրահոսը

ՓոՂզիջում…

Օգոստոս 19,2013 12:46

Անցած շաբաթ իշխանությունները ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի բերանով «ավետեցին». «Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում»… Երեւի նախընտրական քարոզչության ժամանակ մարսաբնակներն էին «ապահով Հայաստան» խոստանում:

«Ատամի մածուկի տուփը վերջանում է այն ժամանակ միայն, երբ բացում ես հաջորդ տուփը»: Էս նորօրյա ասույթի իմաստը հետևյալն է. նախորդ տուփը ճզմում ու քամում ես, ճզմում ու քամում ես, բայց մեջը կարծես դեռ քամելու բան կա…

Էս ճզմել-քամելու պրոցեսը պատկերացրի՝ գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց նոր սակագներով հուլիս ամսվա վճարումները կատարելիս. ծախսելով մոտավորապես նույնքան էլեկտրաէներգիա եւ գազ, որքան հունիսին, իմ՝ միջին բյուջեով ընտանիքը, երկուսի համար միասին 3000 դրամով ավելի վճարեց: Ընդ որում, սա դեռ հուլիսն է՝ ամառ, եւ ես ուղղակի դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի ենք բախվելու ձմռանը, երբ գազի ծախսը, լոկալ ջեռուցման պատճառով, հնգապատկվում է, էլեկտրաէներգիայի ծախսն էլ մի 50 տոկոսով ավելանում:

Բայց չեմ ուզում կենտրոնանալ իմ համեստ ընտանիքի բյուջեի հնարավոր ճեղքվածքի վրա, թեպետ մեկ առանձին վերցրած միջին ընտանիքի այս օրինակով պարզագույն թվաբանական գործողություններ կատարելով, կարելի է տեսնել, թե հայրենի կառավարության համառ ջանքերի շնորհիվ ինչպես է քամվում հայրենի բնակչությունը:

Մինչեւ ե՞րբ: Չէ՞ որ երկրի բնակչությունը ատամի մածուկի տուփ չէ, որ կառավարությունը վերջին կաթիլը քամելուց հետո դեն նետի ու նորը բացի:

Թեպետ, ի՞նչ թաքցնենք, բնակչության՝ քիչ թե շատ հնարավորություն ունեցող մասը չի էլ սպասում այդ քամվելու գործողության ավարտին. հեռանում ու հեռանում է, փախչում ու փախչում է՝ բողոքով, պայքարով, նստացույցով, կառավարության առջեւ հանրահավաք անելով ինչ-որ բան փոխելու հեռանկարից հույսը կտրած եւ ընտրություններին իշխող ուժին մերժելով, բայց … հերթական անգամ այդ նույն ուժին գահին բազմած տեսնելով:

Իսկ մինչ բնակչությունը դժգոհում ու փախչում է, ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը, խոսելով թանկացումների առաջացրած դժգոհությունների մասին, հայտարարում է. «Այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայաստանում, տեղավորվում է սթափ տրամաբանության մեջ, եւ որեւէ արտառոց բան դրանում չկա» (հետաքրքիր է՝ ո՞րն է բնակչությանն արնաքամ անելու սթափ տրամաբանությունը), ապա՝  անցյալ տարվա խորհրդարանական եւ այս տարվա նախագահական ընտրությունների խոստումներն ու «ապահով Հայաստանի» «տեսլականը» մոռացած, «ավետում» է. «Մենք չենք կարող խաբել ժողովրդին եւ ասել, որ վաղը բոլորը կապրեն դրախտում»:

Տեղ հասանք:

Դե, իհարկե, հիմա ո՞վ է բացելու ու կարդալու նույն Շարմազանովի կուսակցության նախընտրական խոստումները՝ տեսնելու էն ժամանակ խաբո՞ւմ էին, թե՝ չէ, դրախտ խոստանում էին, թե՞ չէ: Ու էն ժամանակ ասո՞ւմ էին, ուշադրություն՝ «Բայց պետք է հասկանալ մեկ բան՝ խնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն փոխզիջման ճանապարհով»:

Թե որն է ժողովրդի ու իշխանության հարաբերություններում փոխզիջումը, երեւի միայն սույն պարոնը կարող է հասկանալ: Առայժմ մենք իշխանության կողմից զիջում որ չենք տեսել: Երեւի Շարմազանովի խոսքը վրիպակով է տպագրվել, երեւի պիտի լիներ փոՂզիջում. այսինքն` հասարակությունն իր փողը պիտի զիջի այնքան, մինչեւ հայրենի իշխանությունը էլ քամելու բան չունենա… Տես՝ ատամի մածուկի մասին վերը բերված ասույթը…

Բայց որպեսզի հոռետեսական նոտայով չավարտեմ այս հոդվածը, հիշեցնեմ (ընդ որում սա մեզ հուլիսի սկզբին, երբ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել էին, հիշեցրեց հանրային հեռուստատեսության լրատվականը՝ մի խրոխտ ռեպորտաժով), որ կա նաեւ լավ լուր. ջրի սակագինը կրճատվել է ամբողջ 3,8 (ԵՐԵՔ ամբողջ ՈՒԹ տասնորդական) դրամով:

Հրաշք է ուղղակի:

Երբ կոմունալ վճարումները կատարելիս սա հիշեցի՝ հայրենի իշխանության անսահման հոգատարության նկատմամբ երախտագիտության զգացումը պարուրեց ինձ: Սկսեցի հաշվարկներս. այսպես, ամսական միջին հաշվով ծախսում եմ 11 խմ ջուր: Նշանակում է՝ ամեն ամիս, ջրի սակագնի նվազման շնորհիվ, ես կարող եմ խնայել 41,8 դրամ, տարեկան դա դառնում է…  դառնում է… դառնում է… ուշադրություն՝ 41,8 x 12= 501 դրամ: Ուռաաաա, բա ասում եք դրախտ չե՞ք կարող խոստանալ, պարո՛ն Շարմազանով, սրանից էլ լավ դրա՞խտ. ջրի սակագնի իջեցման շնորհիվ ես կարող եմ տարեկան երկու հաց եւ մեկ ձու ավելի գնել: Պատկերացնո՞ւմ եք ինչ ձեռքբերում է՝ ամբողջ երկու հաց եւ ամբողջ մեկ ձու…

Այ հենց սա էլ փոխ(ղ)զիջումն է. յուրաքանչյուր ընտանիք զիջում է տարեկան լրացուցիչ մի քանի հարյուր հազար (էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց), եւ իբրեւ փոխզիջում ստանում (ջրի դիմաց) լրացուցիչ 500 դրամ կամ՝ լրացուցիչ երկու հաց ու մեկ ձու…

Իմաստուն փոխզիջում է:

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031