Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի հետ կապված իրավիճակը Հայաստանում. նոր ցուցանիշներ

Օգոստոս 19,2013 12:31

«Այս տարվա կտրվածքով 8 մարդ դարձել է թրաֆիքինգի զոհ»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Դեմոկրատիա այսօր» թրաֆիքինգի ծրագրի ղեկավար Հասմիկ Էդիլյանը:

Միևնույն ժամանակ՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն թրաֆիքինգ երևույթի հայտնաբերման հետ կապված խնդիրներ: «Խնդրի լուծման ինչ- որ ցանկություն կա, քայլեր ձեռնարկվում են, օրինակ՝ այս տարի մեր երկրում կատարված աշխատանքներին բարձր միջազգային գնահատական տրվեց, մենք հայտնվել ենք պետդեպարտամենտի զեկույցի առաջին խմբում»:

Սակայն Հասմիկ Էդիլյանը նշեց նաև այն գործոնները, որոնք նպաստում են թրաֆիքինգի առաջացմանը. տնտեսական ծանր պայմաններ, գործազրկություն, աղքատություն և այլն:

Հասմիկ Էդիլյանը բարձրացրեց ևս մեկ ցավոտ խնդիր, այն է, որ «գործից ոչ տեղյակ մարդիկ թրաֆիքինգը սկսում են խառնել մարմնավաճառության հետ»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը մեզ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ից ՀՀ-ում նշված խնդրի հետ կապված իրավիճակի ուսումնասիրությունն իրականացրել են պորտուգալացիները, ովքեր «բավականին դրական են գնահատել ՀՀ-ում իրավիճակը»:

Գյուլնարա Շահինյանը նկատում է. «ՀՀ կառավարությունը փորձում է խնդիրը լուծել, կա համապատասխան օրենսդրություն, ապաստաններ, ՀԿ-ներ, որոնք շահագրգռված են խնդրի լուծմամբ, բայց կան նաև մի շարք բացեր: Ամենակարևորներից մեկն այն է, որ չնայած բոլորս գիտենք մեր դերերը խնդրի լուծման ասպարեզում, բայց մենք չունենք այն միջոցները, որով կկանխենք այդ խնդրի առաջացումը: Հայաստանի նման հետխորհրդային երկրում աղքատությունը, համակարգին չվստահելը, ապագա չտեսնելը, պաշտպանված չլինելը, այն, որ օրենքը ընտրովի է աշխատում, հանգեցնում է նրան, որ շատ մարդիկ դառնան թրաֆիքինգի զոհ: Օրինակ, եթե առաջ ամենաաղքատներն էին երկիրը լքում, հիմա միջին շերտն էլ է դառնում թրաֆիքինգի զոհ»:

Այսպիսի իրավիճակում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցում տիկին Շահինյանն առանձնացնում է այն խնդիրը, որ չկան քաջալերող մեխանիզմներ, որ զոհն ի հայտ գա, նրան պետք է գտնել:

Գյուլնարա Շահինյանը նկատում է. «Թրաֆիքինգի զոհ դարձած անձնավորությունը երբեք չի մտածում, թե զոհ է: Նա մտածում է, թե սխալվել է: Կամ լինում են դեպքեր, երբ անձն այնքան շատ խնդիրներ ունի ընտանիքում, որ երբեմն այնտեղ պայմաններն ավելի վատն են լինում, քան այն պայմանները, որոնք նրան դրսում առաջարկում են և դարձնում թրաֆիքինգի զոհ»:

Այս առիթով Հասմիկ Էդիլյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի նաև տեղական թրաֆիքինգ երևույթը, երբ անձին շահագործում են երկրում, օրինակ՝ անձին գյուղից Երևան են տեղափոխում ու շահագործում մարմնավաճառության համար: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ կա կարծիք, թե շատ ավելի մեծ թիվ է կազմում դեպի ՌԴ տղամարդկանց շահագործումը, բայց քանի որ այդ դեպքերը չեն հայտնաբերվում, նրանք չեն դիմում աջակցության համար ու այդ գործերը դաշտից դուրս են մնում:

Տիկին Շահինյանն արծարծեց նաև հետևյալ խնդիրը. «Կանանցից շատերը հուսահատության պատճառով դառնում են թրաֆիքինգի զոհ: Նրանց միանգամից դուրս են թողնում համակարգից, քանի որ իշխող կուսակցությունից չեն, տարբեր յուրային շրջանակներից չեն, ուստի նրանք ընկնում են հուսահատության մեջ: Ու հանկարծ հայտնվում է մեկը, ով նրան աշխատանք է առաջարկում և այդ իրավիճակում այնքան հեշտ է տրվել գայթակղությանն ու դառնալ թրաֆիքինգի զոհ»:

Տիկին Շահինյանը նշեց, որ պետք չէ մտածել, թե պետդեպարտամենտի զեկույցի առաջին հորիզոնականում հայտնվելով խնդիրները լուծված են, այլ պետք է շարունակել աշխատանքները, հատկապես ուսումնասիրել ու գտնել արմատները, թե որտեղից են թաքնված այդ երևույթի առաջացման պատճառները:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://bawso.org.uk-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031