Լրահոս
Օրվա լրահոսը

Ջայլամը որպես հասարակական-քաղաքական կատեգորիա կամ ո՞ւմն է, վերջապես, Հայ առաքելական եկեղեցին

Օգոստոս 19,2013 12:20

Վերջերս հանրության մեջ բուռն քննարկման առարկա է դարձել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը` ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նամակի էությունը վերաբերում էր վերջին տարիների Հայ եկեղեցում տեղ գտած որոշ անհարիր երևույթներին, հայ հոգևորականին վայել պահվածքին, ընչասիրությանը, նյութականի հանդեպ չափից ավելի դրսևորած վերաբերմունքին, ինչպես նաև որոշ մանրամասներ է բացահայտվում ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի հետ կապված: Ու չնայած նամակը գրված է բարձրաստիճան եկեղեցականին հարիր հարգանքով ու արարողակարգային հավելումներով, բովանդակությունը բավականին սուր և սթափեցնող էր:

Մայր Աթոռից մի քանի օր շարունակ հերքում էին նման բովանդակությամբ նամակի ստացումը, բայց Սրբազան պատրիարքն անդրդվելի էր և նամակի առաքումը կրկնեց այնքան, մինչև հասցեատերերը հավատացին իրենց աչքերին:

Քննարկումը, սակայն, նամակի բովանդակությունից տեղափոխվեց այլ հարթություն, այն է` կպատշաճե արդյոք եկեղեցու կառավարման ներքին խնդիրները դարձնել հրապարակային քննարկման առարկա: Իսկ առիթը նամակի հանրայնացումն էր, որը միտումնավոր, թե ակամա, տեղի ունեցավ և բորբոքեց կրքեր հանրության լայն շրջանում:

Հանրության ականջին սովորական էին դարձել վերջին տասնամյակում ՀԱԵ որոշ բարձրաստիճան «սպասավորների» վերաբերյալ արվող բացահայտումները, մամուլի հրապարակումները և տարածվող խոսակցությունները: Ժողովրդական բանահյուսությունը հետ չէր մնում այս ամենից և «լրացնում էր» թեման անեկդոտներով և զանազան ծիծաղաշարժ պատմություններով:

Սակայն պարզ երկնքում ամպրոպի պես ճայթեց նման Բարձր ատյանից` Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռից, Երուսաղեմի հայոց պատրիարքությունից հնչեցված մեղադրանքները ու սուր քննադատությունը, և հանրությունը շոկ ապրեց:

Իրոք, մտահոգիչ է լսել նման բաներ արդեն Եկեղեցու բարձրաստիճան խողովակներից, սակայն այստեղ, կարծում եմ, կա առավել կարևոր ու մեթոդաբանական հարց, առավել սկզբունքային խնդիր, քան նամակի բովանդակությունն է: Դա հանրության արձագանքն է, մոտեցումն է հարցին, դրա հանրային ընկալումներն ու մեկնաբանությունները:

Արդյոք կարելի՞ է խոսել եկեղեցում առկա խնդիրների մասին բարձրաձայն, թե՞ դա մի գաղտնի ոլորտ է, խիստ կապակցված ազգային և պետական անվտանգության հետ (ինչպես իրենց ասուլիսում և հայտարարության մեջ նշել են որոշ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), որը խորհրդավորության շղարշով պարուրված պետք է զերծ լինի սովորական մահկանացուներիս աչքերից:

Արդյոք եկեղեցին հանրությունից սերված և հանրությանը հոգևոր ծառայություն մատուցող, բովանդակությամբ` թեև հոգևոր, բայց` հանրային-հասարակական կառո՞ւյց է, թե՞ այն վերազգային ու վերհասարակական մի ինստիտուտ է` իր խնդիրներով ու արատներով հանրությանը տակավին անհասկանալի, անհասանելի ու անմատչելի:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդինն է, հայ ազգինն է, ողջ հայությանը` Հայրենիքում և Սփյուռքում, սերված նրանից և կոչված ծառայելու նրան: Քրիստոնեության հոսանքների մեջ չեմ մտաբերում մեկ այլ եկեղեցի, որի անվանման մեջ այսպես ընդգծված էթնիկ պատկանելիության նշում լինի: Նույնիսկ պատմականորեն այն ավելի մոտ ու ավելի սերտ է կապված եղել հանրությանն ու ժողովրդին, քան քրիստոնեական այլ եկեղեցիները, մեր եկեղեցին «ժողովրդական» եկեղեցի է եղել, եթե կարելի է սույն եզրը կիրառել կրոնական կառույցի հանդեպ: Միգուցե այդ «մտերմությունն» է, որ եկեղեցու միջնադարյան պատմության մեջ չի խոսվում ինկվիզիցիայի մասին: Հայ եկեղեցական ժողովները, օրինակ` կարող են ծառայել բազմակարծության և ժողովրդավարության դրսևորման իրենց ձևերով ու եղանակներով:

Եվ ահա, 21-րդ դարում փորձ է արվում օտարել այն հանրությունից, իբր «բարձր պահելու համար» եկեղեցու անունն ու հեղինակությունը:

Չեմ ուզում «օֆշորային» պատվերի կարգին դասեմ վերջին տարիներին մի ակնթարթում խորը ու խիստ հավատացյալ դարձած սովետական աթեիստ գիտնականների ու չինովնիկների արագ արձագանքը և Պատրիարքին ուղղված բրեժնևյան ոգով գրված «ասուժդամսները»:

Բայց կուզենայի մի հանգամանքի վրա սևեռել մեր ուշադրությունը:

Ավելի քան 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու անունն ու վաստակած հեղինակությունը որպես ասպար օգտագործելը` կոծկելու եկեղեցու ներկայիս աղաղակող թերությունները և օրըստօրե ահագնացող խնդիրները, կամ, առնվազն` կանխելու դրանց շուրջ ծավալվող քննարկումներն ու երկխոսությունը, շատ անհեռանկար ու վտանգավոր ճանապարհ է: Այն տանում է դեպի այդ խնդիրների սրացում, դեպի եկեղեցու ու հասարակության միջև արդեն գոյացող անջրպետի խորացում, դեպի եկեղեցու վարկի ու հեղինակության սասանում:

Վերջում` մի բան:

Հիվանդության բուժումը սկսվում է պարզ երկխոսությունից, հիվանդի ու բժշկի զրույցից, հիվանդի «ինքնախոստովանությունից»: Այդպես է թե՚ աշխարհիկ, թե՚ հոգևոր կյանքում:

–         Ո՞րտեղդ է ցավում, ի՞նչ ես կերել, իսկ այսպես ցավո՞ւմ է…. և այլն:

Որից հետո կատարվում է ախտորոշումը և բուժումը:

Առողջ հասարակության հիմքը երկխոսությունն է, երբ առկա խնդիրների շուրջ, լինեն դրանք քաղաքական, հասարակական, թե` հոգևոր-եկեղեցական, բաց և հրապարակային երկխոսություն է ընթանում: Սա է առողջացման միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա:

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

https://antinyan.blogspot.com/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Շատ գովելի ու կառուցողական հոդված էր: Անհրաժեշտ է երկխոսել, եկեղեցին շատ է հեռացել հասարակությունից` դառնալով իշխանության մի անբաժանելի մասնիկ: Այսօրվա մեր եկեղեցու վարած քաղաքականությունը փաստում է, որ եկեղեցական վերնախավը չգիտի, որ գոյություն ունի մեծ տարբերություն պետության և իշխանության միջև: Ամենացավալին այն է, որ հեղինակի դիպուկ բնութագրմամբ երեկվա աթեիստ ու կրոնի քայքայիչ դերի մասին կոմունիստական ամբիոններից թունդ ճառեր հնչեցնող “ակադեմիկոսները” այսօր եկեղեցու պաշտպանության մասին արհեստական հոդվածներով են հանդես գալիս: Պարոնայք կեղծ ու իրական ակադեմիկոսներ, քննադատության է ենթարկվել ոչ է Հայ Առաքելական եկեղեցին, այլ նրա` այսօրվա կեցվածքը, նրա` հոգևոր սպասավորին ոչ հարիր ապրելակերպ ու վարք ունեցող դասը: Դրանք տարբեր հասկացություններ են:

  2. Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած says:

    Պարոնայք կեղծ ու իրական ակադեմիկոսներ, քննադատության է ենթարկվել ոչ է Հայ Առաքելական Եկեղեցին, այլ նրա` այսօրվա կեցվածքը, նրա` հոգևոր սպասավորին ոչ հարիր ապրելակերպ ու վարք ունեցող դասը: Դրանք տարբեր հասկացություններ են:
    ——————————–

    Հարգարժան տիկին Փիրուզ, Ձեր մոտեցումն այս չափազանց նուրբ ու ցավոտ հարցին շատ հստակ, միանշանակ ու դիպուկ է։ Կեցցե՛ք, Ձեզ հետ ամբողջությամբ համամիտ եմ։

    Հասկացող մարդը, հստակ տեսնելով եկեղեցու վերնախավում ստեղծված ապազգային, անմխիթար ու թշվառ մղձավանջը, գիտակցելով իր անզորությունը, գոնե ցավն ի սիրտ կլռի, իսկ չհասկացողը կամ իրեն չհասկացողի տեղ դնողն իրականության զգացողությունը կորցրած կշարունակի օդում սուր ճոճել և դատարկ ու անիմաստ բարբաջել։

    Է՛ , Մեծն Մովսես Խորենացի, ականջդ կանչի, եթե մեր ժամանակներում ապրեիր, մի նոր Ողբ կգրեիր։ Հազար հինգհարյուր տարի է անցել, ոչինչ չի փոխվել։

    «Թշվառ մանուկ թագավորից, տխմար, ինքնահավան, ոսկեսեր ուսուցիչներից, «դեռ չսովորած՝ աստվածաբան» աշակերտներից, վնասակար զինվորականներից ու այլնից բացի։

    «Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ»: Կամ՝ «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։ Վիճակավորները՝ հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող»: Կամ՝« Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

    Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»։

  3. karen says:

    Կարծում եմ ՝ եկել է այն պահը,որ Կաթողիկոսը կատարի դժվար,բայց այս պահին միակ ճիշտ քայլը՝ հրաժարական տա,քանի որ իր ներկայությունը ավելի է խորացնում անդունդը իրապես հավատացյալ ժողովրդի և իր մեջ ներփակված Եկեղեցու միջև:
    Կաթոլիկ եկեղեցին՝ ի դեմս Հռոմի նախկին Պապի,իր մեջ ուժ գտավ այդ քայլի համար:
    Այսօր մենք տեսնում ենք,որ կաթոլիկ եկեղեցին գնում է ինքնամաքրման ճանապարհով:
    Վստահ եմ՝ եկել է Վեհափառի կողմից այդ քայլը անելու ամենաճիշտ պահը: Եվ պետք չէ հավատացյալ ժողովրդի արդար դժգոհությունը և անվստահությունը պատճառաբանել ինչ-ինչ պատճառներով: Պատճառը որոնեք Ձեր մեջ

  4. Maddthos says:

    Ժամանակը եկած է Եկեղեցւոյ համար իր բուն առաքելութեան վերադառնալու։ Այսօր պէտք ունինք առողջ հոգեւորականութեան մեզի առաջնորդելու համար եւ ոչ Կճոյեաններու եւ ՝՝տէր վաչեներու՛՛։Երկիրը քանդեցիք հիմա ալ կարգը Եկեղեցիի՞ն է եւ Սփիւռքի թեմերու՞ն։

  5. Տեր Հակոբ says:

    Ցավոք սրտի մեր շուրջ դեռ շատ կան ոչ միայն այնպիսի մարդուկներ, որոնք ոչ միայն լռում են կամ իրենց գլուխը մխրճում են ավազի մեջ,
    իբր ոչինչ չեն տեսնում… ( նմանները չարյաց փոքրագույնն են )
    այլ այնպիսիները, որոնք իրենց հավատացյալի ու սրբի տեղ են դրել…, ու ամենուրեք «քարոզ» են կարդում ու մեզ «խրատ են տալիս» ….. իբր անպարկեշտություն է մատնանշել այսօրվա «կաթողիկոս» գարեգին Բ..-ի, մեշմ ասած թերացումները:
    հատուկ այդպիսի խղճուկների համար մեջ եմ բերում Պ. ՍԵՎԱԿԻ
    հանճարեղ տողերը. –

    Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
    Ես վախենում եմ,
    Շատ եմ վախենում,
    Բյուրավոր ու բու’թ հավատացյալից,
    Բյուրատեսք ու սու’տ հավատացյալից:
    ………………………………………………………………..
    Իսկ ջայլամի քաղաքականություն վարողների համար, որոնք նաև ինչ որ տեղ,
    Պ. ՍԵՎԱԿԻ խոսքերով ասած , ընձուղտ են , մեջ եմ բերում այս տողերը. –

    Կան խայտառակ ժամանակներ,
    Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
    Ապա նրա ձեռք ու ոտքին
    ՈՒրիշներն են դնում կապանք:
    Մենք մեր լեզվի կապն ենք կտրել,
    Որովհետև,Ճիշտ է, լեզուն չունի ոսկոր,
    Բայց կարող է…ոսկոր ջարդել,
    Նաև կապանք ձեռք ու ոտքի:
    Մենք, որ մարդ ենք ծնվել մորից,
    Ո’չ, չենք ուզում դառնալ ընձուղտ,
    Որ, վիզներս չերկարացնենք
    Դեռ չեղած ու չլինելիք
    Բան տեսնելու հիմար հույսով:
    Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,
    Որ մեր մաշկին անսուտ աստղեր չդաջոտեն
    Մեզ դարձնելով մի սուտ երկինք:
    Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,
    Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին
    Ո’չ մի անգամ ամբողջ կյանքում
    Ձայն ու ծպտուն չի արձակել…

  6. Ֆլորա says:

    Ո՞վ է բժիշկը այդ երկխոսության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031