Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուկյան. «Իշխանությունը Տիգրան Առաքելյանին պատանդ է պահում»

Օգոստոս 19,2013 12:10

ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները այդկերպ միտված են անհրաժեշտ պահին զսպելու ընդդիմությանը

 ՄԻնչ ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս ակտիվիստների դատաքննությունըՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական ներկայացում է որակում շուրջ երկու տարի ձգձգվող դատավարությունները:

 «Սա քաղաքական շոու է, ես դատավարություն չեմ տեսել, չի եղել, եղել է ընդամենը քաղաքական պատվեր»,-ասում է Աշոտ Մանուկյանը:

Ըստ նրա, երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին շուրջ երկու տարի անազատության մեջ պահելը միայն մեկ նպատակ է հետապնդում` անհրաժեշտ պահին զսպել ընդդիմությանը:

 «Մեր դատարանները ողորմելի մի վիճակում են գտնվում, մեխանիկորեն դատարան ենք անվանում, բայց իրականում դատարան մենք չունենք, մենք ունենք պատժիչ մի կառույց, մի օրգան, որը կատարում է իշխանությունների պատվերը` կոնկրետ Սերժ Սարգսյանի պատվերը: Իշխանությունը Տիգրան Առաքելյանին պատանդ է պահում, նպատակը ընդդիմությանը անհրաժեշտ պահին Տիգրանով զսպելն է, այսինքն` եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, որ այլ միջոցները սպառված կլինեն, ես մտածում եմ, որ կօգտագործեն Տիգրանի կալանավորված լինելու փաստը եւ կփորձեն կամ առեւտրի մեջ մտնել կամ սպառնալ, որ Տիգրանի հետ շատ ավելի վատ բաներ կկատարվեն, եթե իրենց պահանջները չկատարվեն»,-ասում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

 Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ, կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը:

 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 6 տարվա ազատազրկման է դատապարտել Տիգրան Առաքելյանին: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել իր նախորդի կայացրած վճիռը: ՀՀ վճռաբեկ դատարանի` վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ բերված բողոքները մասնակի բավարարելու արդյունքում էլ ՀԱԿ ակտիվիստների գործը կրկին վերաքննիչում է:

 Անուշ Բ ՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031