Օգոստոսի 18-ին Շամշադինում` Սորայի այգում, տեղի ունեցավ Շամշադինի մեղրի եւ հատապտուղների՝ թվով երկրորդ փառատոնը` «Տավուշի հոգեւոր վերածնունդ» եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ: Փառատոնն անցկացվեց մեղրի եւ հատապտուղներից պատրաստված պահածոների համտեսմամբ եւ ցուցադրություն-վաճառքով, ինչպես նաեւ ասմունքով, երգ ու պարով, սպորտային խաղերով:
«Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանի փոխանցմամբ` այս տարի փառատոնն ավելի հագեցած էր եւ իրենց սպասելիքներն արդարացված. «Այս փառատոնին ունեցանք կրկնակիից ավելի եւ մասնակիցներ եւ այցելուներ, որի համար շատ ուրախ եմ: Նախորդ տարի մենք մասնակիցներին գրեթե համոզում էինք, որ մասնակցեն, իսկ այս տարի պատկերն այլ էր: Այսօր առավոտյան նույնիսկ մի քանի տասնյակ մասնակից ենք ունեցել, որ նախապես պլանավորած չեն եղել. սա արդեն ոգեւորություն է»,-ասաց Չոբանյանը, հավելելով, որ նախորդ տարի տարածաշրջանում արտադրված մեղրի քանակը կրկնակիից պակասել է, քան այս տարի, համոզմունք հայտնելով, որ հետաքրքրությունը հաջորդ տարիների ընթացքում ավելի է մեծանալու:
Վերջինիս խոսքով` կան արդեն մի քանի ծրագրեր մեղվաբուծության հետ կապված. «Այցելել են մասնագետներ, ստուգել մեղրը, որպեսզի կարողանանք մեղրի արտահանման գործընթաց իրականացնել: Հավանաբար, գարնանը մենք հնարավորություն կունենանք մասնակցել եվրոպական ցուցահանդեսների»,-ընդգծեց նա:
Շրջելով տաղավարներով նկատեցինք, որ բացի մեղրի եւ հատապտուղների ցուցադրություն- վաճառքից, կային մի շարք տաղավարներ, որտեղ վաճառվում էին ձեռքի աշխատանքներ, տարատեսակ փափուկ խաղալիքներ:
Կարդացեք նաև
Փառատոնի մասնակից 67-ամյա Անահիտ Պետրոսյանին դուր չէր եկել ցուցադրություն-վաճառքը. «Ինչի մոտենում ես գումարով է: Հասկացանք, որ ցուցադրություն-վաճառք է, բա ուր մնաց փառատոնը: Փափուկ խաղալիքներից մինչեւ խմորեղեն դրված է վաճառքի: Գոնե մայկաները չվաճառեին»,-ասաց տիկինը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ վաճառքը նորմալ է, քանի որ մարդիկ աշխատանք են տարել. «Ես ինքս էլ մի քանի հուշանվերներ վերցրի եւ կարող եմ ասել, որ Երեւանի համեմատ մի քանի անգամ ավելի էժան է»:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն էլ նշեց, որ իրենք այսօր չեն հավաքվել մեղրի վաճառք իրականացնելու համար. «Իմաստը ավելի մեծ է: Հավաքվել ենք, որպեսզի մեր մեղրը ներկայացնենք Հայաստանին եւ համոզված եմ, որ այսօր աշխարհի բոլոր երկրներում էկոլոգիապես մաքուր սննդի կարիք կա: Կփորձենք փառատոնի շարունակությունը լինի Հայաստանի տարբեր քաղաքներում»,-ասաց նա:
Անդրադառնալով Բերդ քաղաքի եւ հարակից գյուղերում առկա խնդիրներին քաղաքապետը դժվարությամբ եւ լրագրողների պնդմամբ առանձնացրեց մի քանիսը. «Խնդիրներ կան, ինչպես մնացած համայնքներում: Ճանապարհների հետ կապված խնդիր կա եւ ես արդեն 2 ամիս է այդ ուղղությամբ աշխատում եմ: Փորձում ենք նվազագույն պայմանները ապահովել ճանապարհների մասով: Երկրորդը գյուղատնտեսությունն է: Մեր քաղաքն ունի գյուղատնտեսական մոտ 1000 հա հող: Պետք է մարդկանց կողքին կանգնենք եւ գյուղատնտեսությունը զարգացնենք»,-ասաց նա:
Մեր հարցին, թե գյուղերում ջեռուցման հարցը կարգավորված, թե ոչ, պրն. Մանուչարյանն ասաց. «Գյուղերը հիմնականում գազաֆիկացված են, բայց գազաֆիկացնելուց հետո ինչպես մի շարք տարածքներում, այնպես էլ մեզ մոտ վճարման խնդիր կա»,-ասաց քաղաքապետը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ