Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պետական խղճուկ, աղքատիկ ֆինանսավորմանը՝ հայ գիտնականները զբաղեցնում են առաջին տեղը

Օգոստոս 19,2013 10:49

«Գիտությունը չի զարգանում, որովհետև կառավարությունը քայլեր չի ձեռնարկում»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում գիտության հիմնախնդիրների եւ ստեղծված նոր նախագծերի մասին նշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: Ըստ նրա` այս հանգամանքը պայմանավորված է թույլ տնտեսությամբ և վերացող արդյունաբերությամբ:

Արթուր Իշխանյանը ողջունում է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որին նախագահի կողմից անցած տարի 100 մլն դրամ էր հատկացվել, սակայն միաժամանակ նշում, որ դա մեկ գիտնականի հաշվով աննշան է. «Իշխանությունները լուրջ փոփոխությունների չեն գնում, սկզբում անգամ ասում էին, որ ամոթ է գումարից խոսել, դուք գիտնականներ եք եւ զբաղվեք միայն գիտությամբ»:

Բազմաթիվ գիտնականներ, գիտության ճակատագրով հետաքրքրված անձիք ստեղծել են ֆեյսբուքյան էջ`«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» , որտեղ հայտարարել են բազմաթիվ մրցույթներ, որոնք խրախուսում են գիտական գործունեության տարբեր ոլորտներ կամ ուղղություններ։

Բացի այդ, մի քանի անգամ կազմակերպվել են գիտական լրագրության մրցույթներ: Մրցույթները նախատեսված են գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր որոշակի ժամկետում տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով, կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարական (ինովացիոն) գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։

Էջը հանդես է եկել են նաև այլ բնույթի նախաձեռնություններով։ Օրինակ, բոլորովին վերջերս մշակվել է Հեղինակային գիտահանրամատչելի/ուսումնական հեռուստահաղորդաշարի ծրագիր`«Դարերի խորքից դեպի Տիեզերք», որի նպատակն է իրականացնել հաղորդաշար, որը դպրոցների և ԲՈւՀ-երի սովորողների շրջանում կառաջացնի աշխույժ հետաքրքրություն բնական գիտությունների և տեխնիկայի հանդեպ, կտա հասկացված խորը գիտելիքներ և ստեղծագործական մոտեցում այդ բնագավառներում, ընդհանրապես ձգտում դեպի գիտելիք և ճանաչողություն, կձևավորի ճիշտ գիտական մոտեցումներ և չափանիշներ, կկատարի Հայաստանի համար գիտատար ոլորտների դերի կարևորում որպես երկրին տնտեսական և պաշտպանական ներուժ տվող, ինչպես նաև միջազգային ասպարեզում պատշաճ կշիռ տվող գործոն, կնպաստի Հայաստանում գիտատեխնիկական ոլորտների համար խիստ անհրաժեշտ սերնդափոխությանն ու այդ ոլորտների զարգացմանը: «Սա ընդամենը հաղորդումների նախագիծ է։ Խնդիրն այն է, որ այս հաղորդաշարը կյանքի կոչվի։ Իմ կարծիքով, պետք են հրապարակումներ, պետք է ղեկավարությանը համոզել, որ անեն»,-ասաց Արթուր Իշխանյանը։

Ըստ նրա, որևէ մեկը չի կասկածում, որ մեր երկրի ապագան պետք է կապել գիտության և տեխնոլոգիաների հետ, որովհետև մենք չունենք համապատասխան միջոցներ: Սակայն իշխանությունների կողմից նշվածի գիտակցումը գրեթե չկա, կա միայն հայտարարությունների մակարդակով: Չնայած պետական խղճուկ, աղքատիկ ֆինանսավորմանը, Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ այսօր զբաղեցնում են աշխարհում առաջին տեղերից մեկը:

«Մեր երկրի ապագան պետք է կապել գիտության եւ տեխնոլոգիաների հետ, հայաստանյան գիտնականները իրենց արդյունավետությամբ զբաղեցնում են առաջին տեղը աշխարհում, բայց Հայաստանում մենք ծանր սոցիալ-տնտեսական վիճակում ենք գտնվում: Մենք խորհրդային տարիներից ժառանգել էինք մեծ տնտեսություն եւ գիտահետազոտական ինստիտուտներ: Կար մոտ 30 հազար գիտնական, այսօր պատկերը հակառակն է՝ գլորվել ենք վերջին տեղերից մեկը, վերացել են բազմաթիվ ինստիտուտներ, գիտությունը սարսափելիորեն ծերացել է»:

Նրա խոսքով այսօր հիմնական քայլը երկրի կառավարության եւ առաջին դեմքերի ձեռքերում է, քանի որ վերջին տարիներին գիտության ոլորտում բավականաչափ աշխատանք է տարվել, կատարվել են մի շարք փոփոխություններ, համակարգը հիմնականում կարգաբերվել է: Երկիրը զարգացնելու համար գիտությունից դեպի արդյունաբերություն պետք է քայլեր ձեռնարկել: Մեր երկրի գիտական արդյունքը կառավարում են այն երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն: Մենք տալիս ենք ամենից շատ կիրառական արդյունք, իսկ դրա իրացումն իրականում կառավարության ու արդյունաբերության խնդիրն է, մինչդեռ կառավարությունը փաստացի տապալել է դա:

ՀՀ կառավարությունը 2010թ. մայիսի 27-ին ընդունել է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն: Այդ փաստաթղթի տեսլականի համաձայն` Հայաստանում 2020 թվականին գիտության ֆինանսավորումը պետք է հասնի եվրոպական միջինին, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 2 տոկոսն է: Իսկ այսօր Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է մոտավորապես 0.25-03 տոկոս, մոտավորապես այդքան էլ ենթադրվում է 2014 թ.-ի բյուջեի նախագծով ու 2015 թ.-ի միջնաժամկետ ծրագրերով, ուստի դժվար է պատկերացնել, որ մինչև 2020 թվականը մնացած 6 տարում հնարավոր է հասնել նշված ցուցանիշին։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031