Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կուզեր, որ Ադրբեջանում վերընտրվեր Իլհամ Ալիեւը (ֆոտոշարք)

Օգոստոս 17,2013 21:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը լավ հնարավորություն է Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար միմյանց հետ շփվելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու ծրագրեր մշակելու եւ քննարկելու համար:

ՀՀ Նախագահին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներին վերաբերող կարեւոր եւ արդիական մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը վերոնշյալ հարցերի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումներն է ներկայացրել երիտասարդներին: Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետեւյալն է՝ մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաեւ մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար եւ ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեր Հայոց գլխավոր ,,Բազեն,, ոչ մեկից չի վախենում, խանչալը կվերձնի և կգնա թշնամու դեմ
    ուզունդարա կպարի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031