Այսօր Արմավիրի մարզի «Օշականի հերոսներին» հուշահամալիրում անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ) պարսից բանակից տասնմ անգամ քիչ` գեներալ Կրասովսկու ջոկատի եւ հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:
Միջոցառման ընթացքում «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ դրվեցին պսակներ եւ ծաղիկներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, որին հաջորդեց զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ` Հայ Առաքելական եւ Ռուսական Ուղղափառ եկեղեցիների ծեսերով:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ներկաներին հիշեցնելով հավաքի պատճառը եւս մեկ անգամ շեշտեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: «Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվեց Ռուսաստանի հետ: Սա փաստում է երկու ժողովուրդների միջեւ եղած բարեկամության մասին»,-ասաց դեսպանը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւս ողջունելով ներկաներին հպարտությամբ նշեց, որ 186 տարի առաջ 3500 հոգանոց բանակը կարողացավ դիմակայել 30 000-անոց բանակի, որտեղ կար հայկական գումարտակ.«Ես ուզում եմ, որ Հայաստան երկիրը ապրի խաղաղ եւ անամպ երկնքի տակ, իսկ այսօր պարզապես հարգենք այս հողի համար կյանք տված նահատակների հիշատակը»,-ընդգծեց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, «Ռուսական ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը եւ այլք:
Օրվա առթիվ Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարեւանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ