Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. Հայաստանի գոյությունն Ասոցացման պայմանագրով չի սկսվել ու դրանով չի ավարտվելու

Օգոստոս 17,2013 14:49

Արման Մելիքյանի կարծիքով, ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի արդյունքները տեսանելի կլինեն 2-3 ամսից

– Ամբողջ ամռանը Հայաստանում լարվածությունը պահպանվեց՝ եւ ազատամարտիկներն են տեւական ժամանակ բողոքի ակցիաներ անում, եւ թանկացումների դեմ տարատեսակ ակցիաներ են կազմակերպվում: Այդ ամենին իշխանությունների արձագանքը, սակայն, մի տեսակ քամահրական է: Ընդդիմությունն էլ, կարծես, առանձնակի ակտիվություն չդրսեւորեց: Ինչո՞վ բացատրել այս ոչ ադեկվատ արձագանքները ստեղծված իրավիճակին: Ինչի՞ դա կհանգեցնի՝ պայթյունի՞, թե՞ հերթական հիասթափության, ինչի ականատեսը եղել ենք տարիներ շարունակ: Ո՞րն է իշխանությունների հույսը:

– Ամառային ժամանակաշրջանի սոցիալական բողոքները կարելի է համարել վերջին ընտրական փուլի հետ կապված համընդհանուր դժգոհությունն ու հիասթափությունը քաղաքական ոլորտից սոցիալական ոլորտ տեղափոխելու բավական հաջողված փորձ: Դրանց շնորհիվ իշխանության հետ «խոսում» է քաղաքացին` հանձինս տարբեր ակտիվիստների, եւ այդ «երկխոսությունը» տեղի է ունենում առանց այլ քաղաքական ուժերի ներգրավման: Քաղաքացի-իշխանություն այս «երկխոսությունը» մի կողմից ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների հանրության, բայց ոչ քաղաքական հակառակորդների պահանջով, ու այդպիսով անիմաստ է դարձնում քաղաքացիների համար իշխանության քաղաքական հակառակորդներին սատարելը, մյուս կողմից՝ առերեւույթ արժեւորվում է քաղաքացին ինքը: Այսպես իշխանությունը կարող է որոշ ժամանակ շահել:

– ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ եղան: Ասվեց, որ այն ամենահաջողվածներից չէր, հնչեցին հակառակ պնդումները եւս. այնուհանդերձ, այդ այցի համատեքստում ինչպե՞ս եք տեսնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումը:

– Մենք վկան ենք հերթական գլոբալ աշխարհաքաղաքան շարժի, որի արդյունքում փոխվում են բազմաթիվ պետությունների կառավարող վերնախավերը, վերանայվում է միջպետական հարաբերությունների կերպն ու բովանդակությունը, փոխվում են պետական սահմանները: Այս փոփոխությունների նախաձեռնողները ռուսները չեն` նրանք ստիպված են արձագանքում տեղի ունեցող զարգացումներին, հաճախ չհասկանալով, թե կատարվող իրադարձությունների նախաձեռնողների մտքինն ինչ է: Այդ իմաստով մենք էլ ենք նույն վիճակում եւ այդ պատճառով պետք է շատ զգոն լինենք, որպեսզի կարողանանք ժամանակին եւ անվրեպ արձագանքել մեզ բաժին հասնող սպառնալիքներին:
Իսկ նախագահ Պուտինի այցի հետեւանքների կամ արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը` դրանք ի հայտ կգան ավելի ուշ, գուցե երկու-երեք ամիս անց:

– Դուք մտավախություններ ունե՞ք, որ նոյեմբերին ՀՀ-ն, այնուամենայնիվ, չի ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Թեպետ ՀՀ պատկան պաշտոնատար անձինք վերջերս հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ ի պաշտպանություն համաձայնագրի ստորագրման, այնուհանդերձ շատ գործիչներ այդ հարցում դեռեւս թերահավատ են:

– Ինքս այդ նշանակությունը չեմ տալիս ժամկետներին: Ի վերջո չի կարելի բացառել, որ Հայաստնում կամ տարածաշրջանում մինչ այդ կարող են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք ունակ կլինեն արագացնել կամ վիժեցնել ստորագրումն՝ անկախ մեր կառավարիչների ցանկությունից: Մեր շուրջն արդեն սկսվել է մեծ հրդեհը, եւ մեր խնդիրն է թույլ չտալ, որ այն մեզ էլ վնասի: Ստորագրել-չստորագրելը միայն այդ տեսանկյունից իմաստ ունի դիտարկել այսօր:

– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր հնարավոր է կիրառվեն Հայաստանի դեմ, որ վերջին պահին մեր երկիրը հրաժարվի դրա ստորագրումից: Եվ եթե, Աստված մի արասցե, ստացվեց այնպես, որ ՀՀ-ն հրաժարվեց ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ ի՞նչ հեռանկար է սպասվում մեր երկրին:

– Բոլոր դեպքերում մենք մի ռազմավարություն պետք է ունենանք` Հայաստանն այս աշխարհաքաղաքական ձեւափոխությունների բովից պետք է անվնաս ու հզորացած դուրս գա: Մեր գոյությունը ոչ այդ պայմանագրով սկսվել է, ոչ էլ դրանով կավարտվի: Սեւրի դաշնագիրն էլ ժամանակին մեզ համար խոստումնալից փաստաթուղթ էր, բայց այդպես էլ մեր մասով չգործեց առ այսօր: Չգիտեմ, թե ո՞ւմ կողմից եւ ի՞նչ երաշխիքներ են տրվել Հայաստանին դրսից, սակայն ներսում մենք բոլոր դեպքերում պետք է ամուր լինենք, իսկ այս առումով ներկայիս գործող վարչակազմը դեռ իրական որեւէ դրական արդյունք չի գրանցել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Նելի ջան, մի անգամ էլ հարցրու դու հիմա կողմ ես այս իշխանություններին թե դեմ, դե իբր ճգիտենք էլի:

    • Արմեն says:

      Նելիիի փոխարեն չեմ կարող ասել, սակայն շատ ավելի կարևոր է արծածված թեման,

      իսկ դա ես հասկացա ձեզ չի հուզում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031