Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաաղքատ քաղաքում սահմանվել է գազի ամենաթանկ գինը

Օգոստոս 17,2013 14:39

Մինչ մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվում դեռևս չթանկացած տրանսպորտի գնի թեմայով, գյումրեցիները արդեն սեփական կաշվի վրա են զգում այդ նույն տրանսպորտի գնի թանկացումը:

«Առավոտ»-ը արդեն գրել է, որ երևանյան հովերով թանկացրել են Գյումրու տաքսի ծառայությունների արժեքը:

Իսկ երեկ գյումրեցի տաքսու վարորդները բողոքի էին դուրս եկել` երկրի իշխանություններից պահանջելու, որ բացատրություն տան, թե ինչո՞ւ են թույլատրել Շիրակի ներկայիս ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱԺ պատգամավորներին՝ ինքնագլուխ ձևով թանկացնելու իրենց գազալցակայաններում վաճառվող վառելիքի արժեքը:

Ընդ որում, ըստ վարորդների, նման «անարխիա» միայն Գյումրիում է, գազի թանկացումից հետո վառելիքի ամենաբարձր գինը սահմանվել է ամենաընչազուրկ քաղաքի գազալցակայաններում: Եթե մյուս վայրերում մեկ խորանարդի արժեքը 160 դրամ է, 170, ամենաթանկը `185 դրամ, ապա Գյումրիում ներքին համաձայնության արդյունքում միանգամից 200 դրամ է դարձել:

Վարորդների ասելով, Գյումրին իր հերթին վարակել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերին, մյուս տեղանքներում էլ հետզհետե հասցրել են 200 դրամի: «Կամայական գներ են Գյումրիում, ամբողջ Հայաստանում գազի թանկացումից հետո ամենամաքսիմալ գինը 185 դրամ է, տեղեր կան՝ 170, 160, իսկ Գյումրում 200 դրամ է, և ստանդարտ գին է, իբրև թե մարդիկ սոցիալապես ընտիր պայմաններում են ապրում, 200 դրամ են դարձրել: Էդպիսի գին ոչ մի տեղ չկա, ամեն շաբաթ դրսերում եմ, տեսնում եմ, չեմ հասկանո՞ւմ ինչ է կատարվում, ամենաթանկ գինն են սահմանել ու չգիտես ինչու, որպես մեծահարուստների քաղաքի՞: Էդ զապռավկեքի տերեը չեն մտածո՞ւմ, որ էգուց առանց քյար կմնան, առանց էդ էլ ժողովուրդը էս քաղաքից գոլորշիանում է, Գյումրին անմարդաբնակ վայր է դարձել, մի քանի ավտո ունեցող են մնացել, նրանք էլ կվաճառեն, կգնան: Բա գազի որակը, բան չես հասկանա, էստեղ լցնում ես, էնտեղ վերջանում է, կալորիականություն, նյութ չունի, էս երկիրը գոնե մի տեր ունի՞», – հարցնում էր տաքսու վարորդներից մեկը` Գևորգ Հովհաննիսյանը:

Ըստ բողոքավորների, իրենք ոչ մեկին էլ գրավոր բողոք չեն ներկայացրել, քաղաքապետարան անգամ չեն դիմել, որովհետև վերջիններս հազարավոր ծառայողական մեքենաներ ունեն, լավ էլ գիտեն` ինչ է կատարվում ու ձայները չի ելնում, որովհետև իրենք էլ օգուտ ունեն: «Գազի մի զապռավկեն էն ասֆալտչիկ Չուբարինն է, մյուսը` Չուլոշնու Ռոյինն է` նախկին ԱԺ պատգամավոր, մյուսը` մի դատախազինն է, էն մյուսը մարզպետարանի աշխատողինն է, հասարակ մարդը էստեղ ի՞նչ է անում, քյասիբի բան չէ զապռավկեն, ո՞ւմ դեմ ելնեն խոսեն, իրենք իրենց դեմ ելնե՞ն»-, ասում էին բողոքավորները:

Վարորդների ասելով, իրենք սկզբում մտածել են, թե կվերանայեն գները, սակայն զազալցակայնների աշխատակիցները ի սկզբանե հիասթափեցրել են `ասելով, որ այդպես էլ կմնա, էժանանալու հույս չունենան: Տաքսու վարորդների հաշվարկներով, թեև խոսքը 15-20 դրամ տարբերության մասին է, սակայն օրվա կտրվածքով մի անգամ գազ լցնելով արդեն իսկ 1200 դրամով տուժում են: «Նորից ենք հարցնում, էս երկրի տերը ո՞վ է, վերջը մեկը կարո՞ղ է սանձահարել էս կամայականությունները, զարմանում ենք` ինչո՞ւ ձայն չեն հանում. կամ տեղյակ չեն, կամ լավ պռախոդ են տվել գյումրեցի մեծահարուստներին: Բայց էդ ի՞նչ մի լավ բան են արել գյումրեցու համար, որ հետևներից են ընկել, էդ Բաղրամյան 26-ից չեն տեսնո՞ւմ, թե մի շաբաթվա ընթացքում քանի ավտոբուս գյումրեցի է երկրից անվերադարձ հեռանում: Գազալցակայանների աշխատողներին էլ, եթե սխալվես հարցնես, թե ինչո՞ւ եք թանկացրել, պատասխանում են` էսպես է ձեռ տալիս, եթե չթանկացնենք, վնասով կաշխատենք, իսկ երբ հարցնում ես` բա Երևանում վնասով չեն աշխատո՞ւմ, որ չեն թանկացնում, պատասխան չունեն: Էստեղ էլ մոդա է, ով քնից ելնում զապռավկա է դնում, զապռավկեքը շատանում են, մարդիկ քչանում: Հլը թող ձմեռը գա, մարդիկ գազը թանկ գնով վառեն, նոր կտեսնենք՝ ինչքան մարդ կսառի, կցրտահարվի, ինչքան էլ կսկսեն չուլ ու փալաս վառել ու խեղդվել: Առա~ջ Հայաստան գովացինք, բայց ավտոբուսները լցվելով դեպի Ռուսաստանները վազեցինք»,- նեղսրտեցին տաքսու վարորդները:

Մենք եղանք մոտ 6 գազալցակայանում` ճշտելու, թե ի՞նչ հիմնավորմամբ են թանկացրել գազի գինը: Նշենք, որ ապշեցուցիչ ստրկական մթնոլորտ էր տիրում բոլոր գազալցակայաններում: Պատճառը ինչ-որ տեղ հասկանալի է, գազալցակայանները միակ աշխատավայր ապահովող կազմակերպություններն են գործազուրկ գյումրեցիներին: Աշխատակիցները, վախվորած, զանգահարելով սեփականատերերին, զեկուցում էին ու նախապես ասում` գիտեք, արդեն ասել ենք, որ դուք քաղաքում չեք:

Մի խոսքով, մեզ չհաջողվեց հանդիպել սեփականատերերից ոչ մեկին, միայն մի գազալցակայանի աշխատակից համարձակվեց պատճառաբանել, որ թանկացումը սեփականատիրոջից կախված չէ: «Էդ ուզում եք` ամեն ինչ էս երկրում թանկանա. գազը, լույսը, , ջուրը, զապռավկեքի գինը նույնը մնա՞»,- ասաց աշխատակիցը:
Հ.Գ. Կարծում ենք, համապատասխան մարմինները կզսպեն գյումրեցի գազալցակայանատերերի ախորժակը` ավելորդ լարվածություն չստեղծելով պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված քաղաքում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031