«Ամռան շրջանում շատ են ակտիվանում ալերգիկ կոնյուկտիվիտները՝ կապված ուլտրամանուշակագույն ճառագայթի ակտիվացման, օդի չորացման եւ հայկական լեռնաշխարհի բարձրադիր լինելու հետ,- այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով ամռանը աչքի խնամքի մասին, ասաց ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:
Այս ամենը նպաստում են նրան, որ ամռանը աչքի հիվանդություններն ավելի ակտիվ են դառնում: «Ալերգիկ կոնյուկտիվիտները լինում են այն ժամանակ, երբ սկսվում է բարդիների եւ բամբակի ծաղկման շրջանը», ասում է Տիկին Բեկիրսկա-Թամազյանը: Այդ ժամանակ մարդիկ ունենում են արցունքաբերություն, աչքի կարմրություն, քոր: Ակնաբույժը խորհուրդ է տալիս այս տիպի ալերգիայի դեպքում բուժել ոչ միայն աչքերը, այլեւ ընդհանուր օրգանիզմը, որը կբերի ալերգիկ ֆոնի նվազմանը: «Պետք է նշանակել հակաալրեգիկ, հակաբորբոքային հաբեր»:
Ակնաբույժի խոսքերով, այս տարի ամռանը Հայաստանում մի փոքր բարենպաստ պայմաններ են, ավելի շատ անձրեւային եղանակներ են, այդ իսկ պատճառով բամբակի ծաղկման շրջանում ալերգիկ երեւույթներն ավելի քիչ են, քան անցյալ տարիներին:
Տիկին Բեկիրսկա-Թամազյանը առանձնացնում է ամառային շրջանում «չոր աչքի սինդրոմի» խորացումը: Այս հիվանդությունը համարվում է քաղաքակրթության հիվանդություն: «Այն նկատվում է մեծ մասի մոտ, եւ հատկապես երիտասարդների եւ երեխաների մոտ: Ամբողջ օրը նստած ենք համակարգչի դիմաց, սենյակում էլ աշխատում են օդորակիչները: Աչքերը չթարթելու պատճառով աչքի թաղանթը չորանում է»: Ակնաբույժը խորհուրդ է տալիս այս հիվանդությունը բուժելու համար օգտագործել խոնավեցնող կաթիլներ:
Կարդացեք նաև
Տիկին Բեկիրսկա-Թամազյանը նշում է, որ «չոր աչքի սինդրոմի» հետ մեկտեղ համակարգիչները, հեռախոսները, հեռուտսացույցը կարող են դառնալ նաեւ կարճատեսության հիմնական պատճառներից մեկը. «Տարեցտարի ավելանում է կարճատեսների քանակը, որը կապված է ներկայիս քաղաքակրթության հետ: Քաղաքակրթության բոլոր նորամուծությունները՝ հեռախոսներ, համակարգիչներ, բոլորը նպաստում են կարճ տարածության վրա լարվածություն ստեղծելուն»:
«Կա եւս մեկ աչքի հիվանդություն, որը խորանում է հատկապես ամառվա շրաջանում»,- ասում է ակնաբույժը.-« Դա կոչվում է հայերի եւ հրեաների հիվանդություն, որի անվանումն է կեռատոկոնոմ»: Այս հիվանդության առկայության դեպքում հիվանդները ունենում են տեսողության վատթարացում, լուսավախություն, արցունքաբերություն: Այն հիմնականում բուժվում է ուլտրամանուշակագույն ճառագայթի միջոցով:
Խոսելով աչքերի խնամքից՝ Տիկին Բեկիրսկա-Թամազյանն ասում է, որ ամռանը աչքերի խնամքին պետք է շատ զգուշորեն մոտենալ եւ առանձնացնում է կանանց, որոնք պետք է ավելի ուշադիր լինեն. «Հատկապես կանանց մոտ եւ հատկապես հայուհիները, որոնք հիմնականում սիրում են շպարել իրենց աչքերը, ամռան շրջանում լինում են աչքի բորբոքումներ: Ամռանը, երբ քրտնարտադրող գեղձերը ավելի ակտիվ են աշխատում, խառնվելով շպարի հետ, առաջ են բերում աչքի բորբոքումներ»: Պետք է ամեն օր քնելուց առաջ լվանալ աչքերը, ինչն էլ կկանխի աչքի հնարավոր բորբոքումները:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ