Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան դպրոցականի հայրն ուզում է պարզել «առեղծվածը»

Օգոստոս 17,2013 14:18

Այս տարվա փետրվարի 28-ին Երեւանի 174 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սիրարփի Վարդանյանն ինքնասպան եղավ՝ ցած նետվելով 15-հարկանի շենքի հարթակից: Կատարվածը ողբերգություն է, որը հոր՝ Անդրանիկ Վարդանյանի խոսքով, տարաբնույթ բամբասանքների տեղիք տվեց, իսկ Սիրարփին ընդամենը փխրուն երեխա էր:

Դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Սիրարփին թույլ սովորող երեխա էր, բայց սիրված էր ընկերների, դպրոցական անձնակազմի կողմից, ինքը շատ լավ ձեռքի շնորհք ուներ, լավ նկարում էր…շատ լավ երեխա էր, եկեղեցի էր սարքել ու նվիրել դպրոցին»: Տնօրենն ասաց, որ բոլորի համար էլ առեղծված է, թե ինչո՞ւ երեխան ինքնասպան եղավ: Նրա խոսքով. «Սիրարփին ինքնամփոփ երեխա էր ու շատ կապված էր իր բջջային հեռախոսի հետ…աչքի խնդիր ուներ, ինչից հավանաբար նեղվում էր, չնայած ծնողները շատ ուշադիր էին»:
Սիրարփիի դասղեկի՝ Վերա Գրիգորյանի հետ հնարավոր չեղավ կապվել՝ զանգերին չէր պատասխանում:
Սիրարփիի հայրն ասում է, որ երեխան կապված էր դասղեկի հետ, վստահում էր, կիսվում:
Ի դեպ, Սիրարփիի պայուսակից հետո հայտնաբերվել է տետրի թերթ, որտեղ ռուսերեն հետեւյալ բանաստեղծությունն էր գրված. «Ինձ հարգում են ընկերներս…/ ինձ կորցնում են/ հետո ման են գալիս… գտնում են/նորից են կորցնում,/վրեժխնդիր են լինում/ եւ քիչ են, որ իրականում սիրելի են/եւ չարժի… ինձ սիրելը դժվար է/ես ունեմ իմ աշխարհը…/ որը բոլորից տարբերվում է»: Այն առկա էր նաեւ քրեական գործի նյութերում:
Սիրարփիի հայրը՝ Անդրանիկ Վարդանյանը, այսօրվա պես հիշում է այն սեւ օրը. փետրվարի 28-ին երեխան արթնացավ, ի տարբերություն նախորդ օրերի, կիսաշրջազգեստ հագավ, որովհետեւ «բաց դաս» ունեին ու գնաց. «Ինքը լավ սովորող չէր, բայց ձեռքի ընտիր աշխատանքներ ուներ, որոնցով դասատուներին՝ իրեն սիրել էր տալիս…Ինքը միշտ շալվարով էր գնում, այդ օրը յուբկայով էր: Հարցրի՝ բալես՝ ինչի՞ ես կարճ յուբկայով, ասեց՝ պապա, էսօր «բաց դաս» ա…տրամադրությունը լավ էր: Ժամը 12:07 զանգեցին ինձ, թե «Հայաստան» կինոյի մոտ Սիրարփիկն ընկել է, ես էլ զանգեցի կնոջս, քրոջ տանն էր, դպրոցի մոտ գտնվող շենքում…Բաջանաղս, բոլորս վեր կացանք ու գնացինք, տեսանք 15 հարկանի շենքից երեխեն մեջքի վրա ընկած ա…»:

Անդրանիկն ասում է, որ դստեր գերեզմանին երդվել է, որ նրա ինքնասպանության իսկական պատճառը պարզելու է ամեն գնով՝ «գրագետ ձեւով, ամենաբարձր մակարդակով», որովհետեւ չի հավատում, թե Սիրարփին կարող էր ինքնասպան լինել: Նրա համոզմամբ, գուցե դստեր ինքնասիրությո՞ւնն են վիրավորել…Փաստում է, որ դստեր հետ պատահածից հետո զանազան բամբասանքներ են շրջանառվել, ընդհուպ մինչեւ այն, որ երեխան իրենից տարիքով բավականին մեծ տղայի հետ է ընկերություն արել, իրականում նրա ընկերը 16 տարեկան էր, որի ողջ նամակագրությանը Անդրանիկը ծանոթ է՝ երեխաները որոշել էին երկու տարի հետո ամուսնանալ: Ավելին, հոր ասելով, Սիրարփին այդ տղային ծանոթացրել էր մորաքրոջ տղայի հետ, ինչի մասին կա նաեւ մորաքրոջ տղայի ցուցմունքում:

Դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ աղջիկը կույս է եղել, այնպես որ, անտեղի էին բոլոր բամբասանքները, որոնք նրա հարազատներին մեծ ցավ են պատճառել:
Հայրը պատմում է, որ ողբերգական դեպքից հետո աղջկա հեռախոսը իրեն են տվել, ու ինքն ապշել է. «Իմ երեխու ձեռքից հնարավոր չէր հեռախոս վերցնել»: Հետո հիշում է դիահերձարանի բժշկի հետ զրույցը. «Մորգի բժշկին ասեցի, մինչեւ չգամ , երեխուս ձեռք չտաս, իմացի, ոնց որ քո երեխեն, տենց պիտի մանրակրկիտ նայես, ու էդպես էլ արեց…»:

Հոր պատմելով, թաղման արարողությանը մասնակցել է դպրոցի ողջ կոլեկտիվը. «Ես շատ եմ գնացել էդ դպրոց, գիտեմ, թե ամեն դասատուն ինչ բնութագիր ունի…»:

Նորից դստերն է հիշում, որին միշտ առանձնահատուկ ջերմությամբ է վերաբերվել. «Ես իմ երեխեքին ընտիր եմ ճանաչում, ամեն ինչ գիտեմ, Սիրարփիկիս առավել եւս…իմ երեխու հետ ամեն ինչից եմ խոսել»:

Սիրարփիի մահից հետո ինքը գնացել է աղջկա դասարան, փորձել երեխաներից մանրամասներ քաղել աղջկա մասին, եւ հանդիպմանը ներկա է եղել տնօրինությունը:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, Անդրանիկ Վարդանյանը նեղսրտում է, որ աղջկա ինքնասպանությունը փորձում են կապել մորաքրոջ ինքնասպանության հետ: Վերջինս տարիներ առաջ նման քայլի էր դիմել սիրած տղայի պատճառով:

Անդրանիկը այս տարվա մայիսի մեկին հանդիպել է նաեւ Սիրարփիի ընկերոջ հոր հետ, ավելի ուշ՝ տղայի հետ նույնպես: Ասում է՝ Սիրարփին իրենից քաշվում էր, դրա համար ընկերոջն ասել էր. «Եթե պապաս իմանա մեր ընկերության մասին, ինձ կքցեմ, բայց զուտ քաշվելուց էր ասում, մի ուրիշ երեխա էր լույսի պես…Էդ տղան ասեց, որ մինչեւ հիմա նամակագրությունն ինտերնետում կա, պահել եմ»:

Անդրանիկը զարմանում է, որ երեխայի ինքնասպանության լուրը իր կնոջը հայտնել է դստեր այն դասընկերուհին, որն այդ օրն անգամ դպրոց չի եկել, մի բանից էլ է զայրանում՝ բոլորի ցուցմունքները կրկնվում են:

Անդրանիկը որոշել է հետամուտ լինել իր խոսքով՝ ճշմարտության բացահայտմանը, անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանն է նամակ գրել: Շնորհակալ է, որ արձագանքել են:
Անդրանիկը «Եհովայի վկաներ» կազմակերպության հետեւորդ է, չի թաքցնում, որ մասնակցում է նրանց հավաքներին: Բացառում է, որ Սիրարփիի ինքնասպանությունը հոգեւոր հողի վրա լինի, որովհետեւ, նրա հավաստմամբ, երեխան վերջին երկու տարիներին չի հաճախել հավաքներին. «Երեխեն ասեց պապ, չեմ կարա՞ չգամ, ասեցի՝ բալես, դու գիտես, չես ուզում, մի արի…»:

Հավելենք, որ քննական գործի նախաքննությամբ, որեւէ մեկի կողմից Սիրարփի Վարդանյանի նկատմամբ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով նրան անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վերաբերյալ փաստեր չեն ձեռք բերվել:

Դատաձեռագրաբանական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ էլ հիմնավորվել է, որ դեռահասներին բնորոշ է ըմբոստությունը, հուզական անկայունությունը, իրականության սուր ընկալումը, իմպուլսիվ վարքագիծը եւ այլն:

Քննական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ընտանիքի, դպրոցի դռնապահի, դասընկերների, դպրոցի տնօրինության գործողությունների եւ Սիրարփիի ինքնասպանության միջեւ պատճառահետեւանքային կապ չկա, եւ սպառվել են նոր ապացույցներ գտնելու հնարավորությունները: Անդրանիկը, սակայն, համաձայն չէ այս ամենի հետ, ասում է՝ գնալու է մինչեւ վերջ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031