Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոմանք աշխատավայրը պատկերացնում են Մայթ աթոռ, պաշտոնն էլ՝ ցմահ կաթողիկոս

Օգոստոս 17,2013 14:01

Ինչպես Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շատ ավելի կարճ ու պատկերավոր անվանում ենք Մայր թատրոն, այդպես էլ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկայինն է համարվում մանկական մայր թատրոն: Թեեւ մեզանում գործող «Ագուլիս», «Միմոս», «Կարապներ» եւ մյուս թատրոններն անկասկած ծառայում են մանուկներին, այնուամենայնիվ, առաջնությունը տրվում է թումանյանցիներին, քանի որ հաճախ ենք փաստում այս թատրոնի, վերջին շրջանում էլ՝ այդտեղ իրականացվող դրամատիկական ներկայացումների մասնակցությունը տարբեր հյուրախաղերի, միջազգային մրցույթների ու փառատոների: Մանավանդ՝ վերջին 15 տարիների ընթացքում, երբ թատրոնը ղեկավարում է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Բաբայանը հայտնեց, որ իր ղեկավարած տարիներին թատրոնը մասնակցել է 42 տարբեր միջազգային միջոցառումների, ներկայանալով 12 բեմադրությամբ: Օրերս էլ իր ռեժիսուրայով Նատալի Ֆիլյոնի «Դզին» ներկայացումը Նարինե Գրիգորյանի խաղով (նկարիչ՝ Ալինա Ալեքսանյան) մասնակցել է Վառնայի մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնին: Պարոն Բաբայանին խնդրեցինք խոսել այդ փառատոնի մասին, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ ինքը ներկա չի գտնվել՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Հայտնեց միայն, թե հիշյալ փառատոնին ներկայացել է 12 թատրոն եւ քանի որ բեմադրությունները ներկայացվել են բացօթյա՝ ծովի ափին, ակամայից մասնակից են դարձել նաեւ ճայերը: Նա մանրամասնեց, թե սա փորձ էր բանաստեղծությունը ներկայացնել թատերական լեզվով, հետո էլ ասաց, որ ակամայից ճայերի մասնակցությունն ավելի քան տեղին էր, քանի որ այդ ստեղծագործությունը պատմում է օվկիանոս ձգտող ջրի կաթիլի մասին:

Դիտարկմանը՝ այն տպավորությունն է, որ հաճախ արտերկրյա ուղեւորությունների մեկնող թատրոնը գումարի հետ կապված ոչ մի խնդիր չունի, Ռուբեն Բաբայանն ասաց. «Դա այդպես չէ: Այս տարի ունեցել ենք 8 հրավեր՝ սկսած Ինդոնեզիայից, վերջացրած Աֆրիկայով ու Ռուսաստանով, սակայն մասնակցել ենք Բուլղարիայում, Թբիլիսիում կայացած փառատոներին, ուր մեկնել ենք արտաբյուջեից ստացված գումարով: Աշնանն էլ Անուշ Ասլիբեկյանի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» աշխատանքով մասնակցելու ենք Մեծ Բրիտանիայի Կարդիֆ քաղաքում առաջին անգամ անցկացվող միջազգային թատերական փառատոնին: Այստեղ ճանապարհածախսը հոգում է մշակույթի նախարարությունը, իսկ մնացածը՝ կազմակերպիչները»:

Ասվածին մեր զրուցակիցը հավելեց, որ վերջին 6-7 տարիներին թատրոնի հովանավորները իսպառ վերացել են: Հիշեց նաեւ, որ օգնության խնդրանքով մեկ անգամ դիմել է հանրապետության նախագահին, բայց նամակը վերահասցեագրվել է մշակույթի նախարարությանը… Ասաց նաեւ, որ նախարարության ֆինանսավորմամբ թատրոնը տարեկան իրականացնում է 1-2 բեմադրություն:
«Կարծում եմ, որ Հայաստանում ի վերջո պետք է հիմնադրվի մեկենասության ինստիտուտը: Այստեղ միայն գումարի հարցը չէ. մշակույթ հովանավորելը պետք է լինի պատվի հարց: Ակնհայտ է, որ որեւէ առաջընթաց մեր երկրում՝ տնտեսական, իրավական, քաղաքացիական, պարզապես տեղի չի ունենա՝ հասարակական կյանքում առանց մշակույթի ներգրավման: Ես սա ասում եմ իբրեւ քաղաքացի, քանի որ մեր կյանքի բոլոր ոլորտներում տեսնում եմ մշակույթի պակասի ազդեցությունը՝ սկսած ընտանեկան հարաբերություններից, վերջացրած երկրի կառավարման համակարգով»,- հայտնեց պարոն Բաբայանը:

Տարակուսանքին՝ փաստորեն ստացվում է, որ մեր մեծահարուստները չեն մտածում գոնե իրենց երեխաների ու թոռների գեղագիտական դաստիարակության մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդպես չեմ մտածում: Ուղղակի, այդ մեծահարուստները համապատասխան տեղից համապատասխան ցուցում չեն ստանում»:
Ռեպլիկին՝ դրսից անհոգ թվացող, մեր երեխաների համար մշտապես բարձրարվեստ ներկայացումներով հանդես եկող 80-ամյա թատրոնն էլ, պարզվում է, ունի խնդիրներ, պարոն Բաբայանը նախ նշեց, թե թատրոնը 78 տարեկան է, հետո էլ ասաց. «Տարիքը բացարձակ նշանակություն չունի գործունեության հետ: Թատրոնը միշտ պետք է լինի երիտասարդ, ժամանակին համահունչ, այլ ոչ թանգարան: Ամենաբարդը մեր աշխատանքում կարծրացած ադմինիստրատիվ համակարգի մեջ գտնվելն է, որով այսօր ղեկավարվում են թատրոնները»:

Այս առիթով ռեժիսորին հղեցինք հետեւյալ հարցը՝ մշտապես խոսվում է այն մասին, թե ինչպես պատահեց, որ Բաբայանը հիմնելով ու նախագահելով Ազգային թատերական ստեղծագործական միությունը, կարճ ժամանակ անց այն «նվիրեց» երիտասարդ թատերագետ Արա Խզմալյանին: Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Զարմանում եմ՝ մեր ոլորտի որոշ ղեկավարներ իրենց աշխատավայրը պատկերացնում են Մայթ աթոռ, իրենց պաշտոնն էլ՝ ցմահ կաթողիկոս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031