Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Ճանապարհը մեկն է

Օգոստոս 17,2013 13:18

20-րդ դարի վերջին տեղի ունեցող իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին բոլոր ողջամիտ մարդկանց, որ ժողովրդավարությունը եւ ազատականությունը այլընտրանք չունեն։ Նրանք, ովքեր դեռեւս չեն ըմբռնել այդ ճշմարտությունը եւ կարծում են, որ հետադարձ շարժումը այս կամ այն ձեւով հնարավոր է, այսօր խորը հոգեբանական դրամա են ապրում եւ արժանի են անկեղծ կարեկցանքի: Այդ հոգեբանական արգելքները, որոնք խանգարում են նրանց հանգիստ եւ անաչառ ձեւով գնահատելու ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, առարկայական են եւ միանգամայն բացատրելի:
Նշված գործընթացները հասկանալու եւ, որ ավելի կարեւոր է, դրանց մասնակցելու համար անհրաժեշտ է մտքի ազատության եւ անձնական նախաձեռնության որոշակի մակարդակ՝ մի բան, որից իսպառ զրկված է «homo sovieticus» կոչված մարդը: Հակառակ գաղափարների՝ «սոցիալիզմի», «սոցիալիստական արդարության» եւ «ազգայնականության» քարոզը նրանց դեպքում ընկնում են չափազանց պատրաստ հողի վրա։ (Միտումնավոր ենք այդ հասկացությունները չակերտավորել, քանի որ իրականում դրանք չափազանց մշուշոտ են ու պայմանական եւ որոշակի դրսեւորումներով ամենեւին էլ չեն հակասում ազատականությանը): Նման քարոզը հիմնված է պարզունակ մարդկային բնազդների վրա: Օրինակ. «բոլոր հարուստները մաֆիոզ են»։ Նրանց մեքենաները, տները, հագուստները, ուտելիքները «homo sovieticus»-ի մոտ առաջացնում են մոտավորապես այն հակազդեցությունը, որի մասին մենք գիտենք Պավլովի հայտնի փորձերից: Այստեղից պարզ է նաեւ գործողությունների ծրագիրը՝ հարձակվել հարուստների վրա, խլել նրանց ունեցվածքը եւ հավասարապես բաժանել չունեւորների մեջեւ։ Այսպիսով կստանանք «սոցիալական արդարություն»։
«Սոցիալիստական» եւ «ազգայնական» քարոզներ լսելու համար մարդը պետք է զրկված լինի անհատական առանձնահատկություններից, ինքնուրույն մտածելու նշույլներից, եւ դառնա միասեռ «զանգվածի» մասնիկը։ Իսկ «զանգվածի» համար անհրաժեշտ է առաջնորդ, երկաթյա կարգապահություն եւ «դավաճանների» համար խստագույն պատժամիջոցների համակարգ:
Բնական կլիներ, եթե այդ միտումներին հակազդեր առաջին հերթին այն շերտը, որը կոչված է հասարակական կարծիք ստեղծել՝ մտավորականությունը։ Ցավոք, Հայաստանում դա տեղի չի ունեում: Մեզանում ստեղծվել է այնպիսի մի մթնոլորտ, երբ հասարակությունը քաղաքական գործիչներից եւ մամուլից սպասում է ագրեսիվ, հայհոյախառն գնահատականներ ու կարգախոսներ՝ վառ արտահայտած սոցիալական կամ ազգային թեքումով։ Եթե, օրինակ, որեւէ մեկնաբան փորձի լրջորեն (առանց պրն Բլեյանի էքսցենտրիկ դրսեւորումների, բայց նաեւ առանց «ազգայնական» զազրախոսության) վերլուծել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, ապա հաջորդ մի քանի ամսվա ընթացքում «հայրենասիրական» ուժերը նրան կգամեն անարգանքի սյունին:
Մեր մամուլում ստեղծվել է մի հակասական վիճակ։ Թերթը, որը բնաբան է վերցրել «Ուժն է ծնում իրավունքը» արտահայտությունը՝ (կարգախոս, որը միանգամայն ընդունելի էր դարասկզբի ազգային–ազատագրական պայքարի համար), իր էջերում կարող է քննադատել ոստիկանության բռնարարքները, որոնք ծնունդ են առել նույն կարգախոսից։ Կամ թերթը, որն իր բազմաթիվ հոդվածներում ջախջախում է արեւմտյան լիբերալիզմը, ապացուցելով, որ դա դրսից պարտադրված եւ Հայաստանի համար խիստ վտանգավոր տեսություն է, կարող է դժգոհություն հայտնել, թե ինչո՞ւ են իշխանությունները փակել մի քանի պարբերական, այսինքն՝ ինչո՞ւ են խախտել այդ նույն լիբերալիզմի
սկզբունքները։ Բերված օրինակները վկայում են, որ ազատականության եւ ժողովրդավարության ամենամեծ թշնամիներն անգամ սկսում են հասկանալ այդ գաղափարների կիրառման անհրաժեշտությունը: Անհրաժեշտություն, որն ի վերջո կախված չէ իշխանությունների կամ քաղաքական ուժերի կամքից, այլ հասարակական զարգացման միակ ճանապարհն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
30.03.1995թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gevorg says:

    Ձեր նշած թերթը բնավ “թերթ” չի, այլ վերնախավը սպասարկող ոհմակի ֆաշիստական թև: Նրանց համար համակրգի որակը կարևոր չէ, կարևոր է այն սապոգի չափը, որը կարիք ունեն մշտապես լպստելու: Իսկ որևէ ստրուկ չի կարող մնացյալին ազատություն կամ զարգացում կամենալ:

  2. Արմեն says:

    «Ուժն է ծնում իրավունքը» սա կարծում եք միայն ֆիզիկականի մասին է, կա նաև մտքի, գիտելիքի ուժ, իսկ այդ ուժը իսկապես կարող է իրավունք էլ ծնի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031