Այսօր Էջմիածնի քաղաքապետը ժամանելով մայրաքաղաք, խնդրել է նստացույցի մեջ գտնվող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին վերադառնալ ծննդավայր եւ եղբոր հետ գալ որոշակի համաձայնեցման: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Խուդոյանի կինը:
Տիկին Հեղինեի փոխանցմամբ` ամուսինը համաձայնվել է եւ ներկա պահի բացակայությունը պայմանավորված է դրանով:
Այսօր ընտանիքի՝ կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ միասին այս տարվա ընթացքում արդեն երրորդ նստացույցի երկրորդ օրն է` նախագահական նստավայրի դիմաց:
Հեղինե Մակարյանի խոսքով՝ այս անգամ նստացույցն անժամկետ է, պահանջը՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, որը մինչ օրս չի իրականացվել:
Կարդացեք նաև
Վերջիններս բողոքում են իրենց տան կտակի հարցի շուրջ ծագած վեճի քննության ընթացքից, մասնավորապես, քննչական մարմնի կողմից որոշ փաստեր անտեսելուց ու ոչ օբյեկտիվ քննելուց՝ հավելելով, որ անժամկետ նստացույց սկսելու որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ հասկացել են, որ դատախազ Կորյուն Ներսիսյանը ցանկանում է չընդունել կտակը կեղծելու փաստը և չի պատրաստվում գործ հարուցել Խուդոյանի եղբոր՝ Ասատուր Խուդոյանի կողմից կեղծիք կատարելու փաստի առթիվ:
«Նախորդ երկու նստացույցերը դադարեցվեց միայն այն պատճառով, որ նախագահականից մեզ խոստացան, որ դատախազությունը օբյեկտիվ քննություն կանցկացնի, որն այդպես էլ չեղավ»,-ասաց տիկին Մակարյանը:
Խուդոյանները գիշերն անցկացրել են նախագահականի դիմաց:
Փոքրիկներն աշխույժ էին եւ ոգեւորությամբ շփում հաստատում ցանկացած մարդու հետ, ով անտարբեր չէր գտնվում իրենց նկատմամբ: Օրվա մեծ մասը փոքրիկ քույրերը ձեռք ձեռքի տված անցկացնում են Սիրահարների այգում` մնալով մայրիկի տեսադաշտում`քաջ գիտակցելով խնդիրն ու այդ տարածքում գտնվելու պատճառները:
Ազգային ակադեմիայի հրատարակիչ 74-ամյա Ռազմիկ Գեւորգյանը եւս անտարբեր չկարողացավ անցնել: Վերջիններիս կոնֆետ հյուրասիրեց՝ մաղթելով բարի բախտ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ