Արդեն 8-րդ օրը Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորի՝ Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ամեն օր Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի մոտ են: Կրամիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը դեռ չի հանդիպել Հակոբ Ինջիղուլյանին: Զինծառայողի հորեղբոր որդուն՝ Արման Ինջիղուլյանին այսօր ընդունեց կոմիտեի երևանյան պատվիրակ Դրագանա Ռանկովիչը:
Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը վերջին անգամ եղբոր հետ զրուցել է առաջնագիծ բարձրանալուց մեկ օր առաջ: Ասում է, որ եղբայրը ոչ մի խնդիր չի ունեցել ծառայության ընթացքում. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում ա եղբորս ետ բերելու համար, իսկ Կարմիր Խաչն էլ ուղղակի ասում ա՝ սպասեք, մենք էլ փորձում ենք սպասել»,- նշեց նա:
Ինջիղուլյանները գերադասում են սպասել հենց Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց:
Հակոբ Ինջիղուլյանը գերևարվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, համաձայն Ժնևյան կոնվենցիայի` յոթօրյա ընթացքում նա իր մասին նամակով տեղեկություն պետք է տրամադրեր ընտանիքի անդամներին, սակայն այս դրույթը ադրբեջանական կողմը խախտել է, դեռ ավելին Ադրբեջանի ANS հեռուստաալիքով հեռարձակվել է հայ զինծառայողի հետ հարցազրույցը` այդ երկրի զինվորական համազգեստով, որի ընթացքում նրա աչքերի տակ կապտուկներ կային: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` ադրբեջանական կողմի նմանաբնույթ պահվածքը նորություն չէ:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը երեկ ցանկություն էր հայտնել վերադառնալ Ադրբեջան: Սա ազդակ կարող է հանդիսանալ միջազգային կառույցների և Ադրբեջանի միջև հարաբերությունների ակտիվացման համար:
Մանրամասները՝ այստեղ: