amerikayidzayn.com ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության ներքին ստուգումների և հույժ գաղտնի այլ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ գործակալությունը հազարավոր դեպքերում խախտել է անձնական տվյալների գաղտնիության կանոնները կամ գերազանցել իր իրավասություններն ամեն տարի՝ 2008 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից գործակալության իրավասությունները զգալիորեն ընդլայնելու ժամանակից:
Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականի վկայությամբ, խախտումների հիմնական մասը կապված է ամերիկացիների կամ Միացյալ Նահանգներում գտնվող օտարերկրյա թիրախների նկատմամբ գաղտնալսումների իրականացման հետ: Նման գործողությունների իրականացումը սահմանափակվում է ինչպես օրենքով, այնպես էլ ԱՄՆ-ի նախագահի հրամանագրերով:
Պարբերականում հրապարակված զեկույցում ասված է, որ գործակալությունը կատարել է խախտումների լայն շրջանակ՝ «օրենքի կոպիտ խախտումներից մինչև տառասխալների պատճառով ԱՄՆ-ում էլեկտրոնային նամակների և հեռախոսազանգերի գաղտնալսումները»:
«Վաշինգտոն Փոստ»-ում հրապարակված զեկույցի համաձայն, այս փաստաթղթերը մի քանի շաբաթ առաջ պարբերականին տրամադրել էր Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը: Այս փաստաթղթերը, ըստ պարբերականի, պարունակում են այնպիսի մանրամասներ և վերլուծության այնպիսի մակարդակ, որը «սովորաբար չի ներկայացվում ԱՄՆ-ի Կոնգրեսին կամ հետախուզական աշխատանքները վերահսկող հատուկ դատարանին»:
Հաղորդագրությունը մեջ է բերում ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որը հրաժարվել է իր անունը հրապարակելուց: Վերջինս ասել է, թե «մենք մարդկանց կողմից ղեկավարվող գործակալություն ենք, որը գործում է իրավական մի շարք ռեժիմներով կարգավորվող բարդ միջավայրում, և մենք պարբերաբար հայտնաբերում ենք, որ գտնվում ենք սահմանագծի սխալ կողմում»:
Արմեն Հովհաննիսյան
Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում: