Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանի չէին որսացել, սակայն դատապարտվեցին ապօրինի որսորդության համար

Օգոստոս 16,2013 21:21

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝  Բերդ քաղաքի բնակիչ, «Հայջրմուղ» ՓԲԸ  Տավուշի մասնաճյուղի օպերատոր, 1969թ. ծնված Արմեն Ղազարյանը 2013թ. հունվարի 17-ին նախնական համաձայնության է եկել  նույն  քաղաքի բնակիչներ, Արծվաբերդի անտառտնտեսության անտառապահ, 1980թ. ծնված  Կարեն Ջուլհակյանի եւ  1961թ. ծնված  Սերոժ Հովհաննիսյանի հետ եւ նրանք  ապօրինի որս  կատարելու նպատակով  գնացել են Արծվաբերդի անտառտնտեսության «Քոսականց կապեր» տարածք, որտեղ արձակված կրակոցից Սերոժ Հովհաննիսյանը զոհվել է:

Հունվարի 21-ին Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:  Ա.Ղազարյանին   մեղադրանք  է առաջադրվել, որ  նա 16 մմ տրամաչափի որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է Սերոժ Հովհաննիսյանի վրա,ով ստացած վնասվածքից տեղում մահացել է:

Հուլիսի 15-ին  ոստիկանության Տավուշի  քննչական բաժանմունքի քննիչ Հ. Գարանյանը որոշել է Ա. Ղազարյանի նկատմամբ  քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:  Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ կատարված քննությամբ պարզվել է՝ Սերոժ Հովհանիսյանը զոհվել է իր հրացանի անսարքության եւ դրա հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Ա. Ղազարյանին եւ Կ. Ջուլհակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք որս կատարելու համար շուրջ 3 ժամ հետապնդել են բնական ազատության մեջ գտնվող կենդանիներին, սակայն իրենցից անկախ  պատճառներով  չեն կարողացել որսալ: Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Ղազարյանը եւ Կ. Ջուլհակյանը դատարանին միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են դրա հետ, միջնորդություն ներկայացնելիս  խորհրդակցել են պաշտպանի հետ:

Օգոստոսի 6-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը  վճռել է  Արմեն Ղազարյանին մեղավոր ճանաչել  ՀՀ  քրեական օրենսգրքի 294-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Ապօրինի որսը, որը կատարվել է վերգետնյա եւ ջրային մեխանիկական տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձեւերով, միջոցներով եւ գործիքներով»):

Դատարանը վճռել է  Ա. Ղազարյանին դատապարտել տուգանքի՝ 600 հազար դրամի չափով, նրան 3 տարի ժամկետով զրկելով որսորդությամբ զբաղվելու իրավունքից: Նկատի ունենալով, որ Ա.  Ղազարյանը 2013թ. հունվարի 18-ից մինչեւ հուլիսի 16-ը գտնվել է կալանքի տակ, դատարանը վճռել է   ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով մեղմացնել տուգանքի ձեւով նշանակված պատիժը եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ  նշանակել տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Դատարանը վճռել է Կարեն Ջուլհակյանին  մեղավոր ճանաչել 294-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրան դատապարտել տուգանքի՝ 500 հազար դրամի չափով,  նրան 3 տարի ժամկետով զրկելով որսորդությամբ զբաղվելու իրավունքից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031