Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենդեր» եզրույթը կենթարկվի փոփոխությունների

Օգոստոս 16,2013 20:24

Օրինաց Երկիր կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը, Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանը եւ «Արեգ գիտավերլուծական կենտրոն»-ի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն այսօր Մեդիա կենտրոնում քննարկում էին «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը եւ վերջինիս շուրջ ստեղծված տարընթերցումների վերաբերյալ խնդիրները:

Օրենքը Սերժ Սարգսյանը ստորագրել է 2013 թվականի հունիսի 11-ին: Այն ներկայացվել էր ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից, կառավարության հետ համատեղ: Սակայն օրենքում կա մի կետ, որտեղ ներկայացված է «գենդեր» եզրույթի ձեւակերպումը, որն էլ դարձել է բազմաթիվ քննարկումների առիթ. «գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ»:

Արթուր Միսակյանը, արտահայտելով իր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին,  ասում է. «Եթե այդ դրույթը հանենք օրենքից, ապա ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ երկար ժամանակ այն վերամշակումներ է անցել, բայց, վերջապես, ընդունվել է: Այն լուծում է շատ կարեւոր խնդիրներ հայ հասարակության համար: Այն մեզ պարտավորեցնում է, որ Հայաստանում կանայք եւ տղամարդիկ ունենան հավասար իրավունքներ, որը չի խոչընդոտի նրանց հանրային կյանքին»:

Արթուր Միսակյանի կարծիքով այս օրենքը կնպաստի այն հանգամանքին, որ շուտով կանայք կկարողանան քաղաքական դաշտում գործունեություն ծավալել եւ որ Հայաստանում բացի տղամարդ քաղաքապետերից կամ մարզպետներից նաեւ շուտով կլինեն կանայք, որոնք կզբաղեցնեն նման պաշտոններ: «Բազմիցս կարծիքներ են հնչում, որ կառավարությունը փորձում է այլասերություն մտցնել, բայց դա այդպես չէ, մենք ընդամենը փորձում են օրենքի միջոցով կանանց եւ տղամարդկանց համար ստեղծել հավասար դաշտ»:

Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը դեմ չէ օրենքի ընդունմանը: Սակայն նա ասում է, որ մինչ օրենքի ընդունումը Ազգային Ժողովը պետք է հասարակական քննարկումներ կազմակերպեր, եւ նաեւ ընդգրկեր հայ-առաքելական եկեղեցուն: Սակայն այդ քննարկումները չեն եղել: «Հայ-առաքելական եկեղեցու միաբանների խորհուրդը միշտ էլ խոսել է կանանց եւ տղամարդկանց հավասարության համար օրենք ընդունելու մասին: Եվ եկեղեցին ողջունում է այն փաստը, որ մեր երկրում գոյություն ունի նման օրենք»: Քահանան անդրադառնալով «Գենդեր» տերմինին, ասում է, որ տերմինի բազմաթիվ բացատրություններ կան, սակայն պետք է ճիշտ ու համապատասխանն ընտրել օրենքում կիրառելու համար: «Մեր լեզուն իսկապես հարուստ է, եւ մենք կարող ենք ինքներս ստեղծել այդ տերմինը»:

Լարա Ահարոնյանի խոսքերով օրենքը արդեն բազմաթիվ տարիներ է, ինչ մշակվում է, ենթարկվում է փորձաքննությունների. «Կարծես թե օրենքը հանրությանը ներկայացնելու համար անցել է բոլոր փուլերը»: Տիկին Ահարոնյանը համամիտ չէ այն կարծիքին, որ այն տարածում է այլասերություն, եւ սխալ  է համարում այն կարծիքը, որ այն սերմանում է Եվրոպական արժեհամակարգ․ «Դրա մեջ տեսնել այն խնդիրները, որոնք կապված են եվրոպական արժեհամակարգում խախտումների հետ, մոլորություն է: Մենք չենք ձգտում նմանվել այլ արժեհամակարգերի: Մեր երկրում մենք մեր արժեհամակարգն ունենք, եւ պետք է մեր երկրում մեր, իսկ խնդիրները լուծենք»:

Բանախոսներից միայն Վարդան Խաչատրյանն էր, որ դեմ էր օրենքի ընդունմանը: Իր կարծիքով օրենքում գոյություն ունեցող այդ հատվածը օրենքից դուրս կիրառելիս, մեծ վտանգ է ներկայացնում: «Այս ձեւակերպման փոփոխությունն առաջնակարգ խնդիր է: Մենք գործ ունենք մի այնպիսի ուժի հետ, որի խաղարկելիությունը չենք պատկերացնում»:  Պարոն Խաչատրյանի կարծիքով, եթե պետք է լինի փոփոխություն, ապա այն պետք է ենթարկվի լայն հասարակական քննարկումների:

Արթուր Միսակյանը եւ Լարա Ահարոնյանը պնդում են, որ տեսնելով օրենքի նկատմամբ արձագանքները, արդեն աշխատում են օրենքի մեջ «գենդերի» սահմանման ձեւակերպումը փոխելու մեջ:

Լուսանկարը՝ Մեդիա Կենտրոնի Ֆեյսբուքյան էջից :

 

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031