Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիսակյան 3-ից քարեր են թափվում. կառավարությունը միեւնույն է գումար չունի, որ բնակիչներին տարհանի

Օգոստոս 16,2013 19:43

Երեկ երեկոյան Սիսակյան թիվ 3 վթարային շենքից սկսել են քարեր պոկվել եւ ցած թափվել: Այս մասին Սիսակյանի բնակիչները ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ): Բնակիչները հայտնել են, որ պոկվում են շենքի կողային պատի քարերը: Ըստ ԱԻՆ-ի, դեպքի մասին տեղեկացվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության եւ բարեկարգման վարչության պետը: Բնակիչների ահազանգին արձագանքած ԱԻՆ օպերատիվ խումբը պարզել է, որ  շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում եւ պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին եւ բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետեւանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր տարածքը:

Սիսակյան 3 շենքը 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն է համարվում` սկսած 2003 թվականից: Նախարարության մասնագետների մեկնաբանմամբ, տանիքի ծածկը վնասված է, ինչի հետեւանքով անձրեւաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը: Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարաններում, սակայն նրանց պահանջն է իրենց ապահովել նոր բնակարաններով:
Սիսակյան բնակիչների բողոքներին կառավարությունից, Երեւանի քաղաքապետարանից պատասխանում են, որ տվյալ շենքի համար կա կառավարության որոշում եւ գումար լինելուն պես բնակիչները կտարհանվեն ու կապահովվեն նոր բնակարաններով: Այսօր Aravot.am-ի հարցին, թե երեկվա քարաթափումների դեպքից հետո, հատկապես, երբ ԱԻՆ-ը բնակիչներին առաջարկել է այլ վայրում գիշերել, որեւէ ռեալ որոշում կայացվե՞լ է Սիսակյան 3 շենքի բնակիչների հարցը լուծելու ուղղությամբ, Երեւանի քաղաքապետարանից ասացին. «Սիսակյան 3 շենքն առաջնահերթությունների ցանկում է, որի համար ՀՀ կառավարությունը նախատեսում է գումար հատկացնել, երբ նախատեսված գումարները կհատկացվեն, Երեւանի քաղաքապետարանն անմիջապես ձեռնամուխ կլինի, իր լիազորությունների շրջանակում այդ գործընթացն ապահովելուն»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031