«Ինչ խնդիրներով էլ մարդիկ այցելեն այս ամբուլատորիան, պետք է առողջացած դուրս գան։ Իսկ դրա համար շատ կարևոր է նաև մարդկային գործոնը։ Վստահ եմ, որ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և հնարավորություններով ապահովված նորակառույցում մեր մասնագետներն ավելի մեծ նվիրումով կաշխատեն ու առավել հոգատարությամբ կվերաբերվեն հիվանդներին»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը Արմավիրի մարզի Բաղրամյան-1-ում բժշկական ամբուլատորիայի այսօր կայացած բացման ժամանակ։
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ ընդամենն ութ ամսվա ընթացքում կառուցված ամբոլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Դերենիկ Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար։
Ամբուլատորիան կառուցվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով։ Այն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով: Ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Արմավիրի մարզում բացված երրորդ նորակառույց ամբուլատորիան կսպասարկի Բաղրամյան-1 և Շենիկ համայնքների շուրջ 2150 բնակչությանը: Ներկաները ոգևորությամբ էին նորակառույցի պայմանները համեմատում համայնքապետարանի շենքի առաջին հարկի մի փոքրիկ հատվածում տեղակայված նախկին ամբուլատորիայի հետ, որտեղ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր չկային:
Հավելենք, որ ամբուլատորիայի կառուցման համար ներդրվել է շուրջ 55.6 մլն դրամ, որից շուրջ 51.3 մլն դրամը` շինարարության, և շուրջ 4.3 մլն` բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք ձեռք բերելու համար:
Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Արմավիրի մարզում ևս մեկ ամբուլատորիայի կառուցում կսկսվի։ Այդպիսով մարզի 52 բժշկական ամբուլատորիայից 45-ը կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան։
ՀՀ առողջապահության նախարարություն