ՀԱԿ-ը մտադիր է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի օրը բարձրացնել Տիգրան Առաքելյանի հարցը
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ թեեւ ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանից ուղարկվել է նորից Վերաքննիչ, բայց 2 դատական նիստերի ընթացքում Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները դատարանը չբավարարեց, ընդառաջ չգնաց: Իշխանությունների վերաբերմունքն այս գործի նկատմամբ փոխվե՞լ է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես նման մանրամասներով խորհուրդ չէի տա դատել իշխանությունների մտայնությունների մասին: Նրանք կարող են ինչ-որ միջնորդություններ բավարարել, ինչ-որ միջնորդություններ չբավարարել, բայց կարեւորագույն հարցը՝ արդյո՞ք Տիգրան Առաքելյանը կամ տղաները կլինեն ազատության մեջ, թե ոչ՝ որոշելու է անձամբ Սերժ Սարգսյանը: Դատական ընթացքից բացարձակ հնարավոր չի լինի պարզել, թե նա ինչ է որոշել: Միակ կարեւոր խնդիրն այն է, որ մենք ձեռնարկենք բոլոր այն միջոցառումները, որոնք թույլ կտան լուրջ ճնշումներ գործադրել այս իշխանությունների վրա»:
Լեւոն Զուրաբյանը թվարկեց, թե որոնք են այդ միջոցառումները, որով հնարավոր է ճնշում գործադրել. «Մեկը ակցիաներն են, որոնք պետք է իշխանություններին ցույց տան, որ մեր քաղաքական ակտիվիստները համառորեն, հետեւողականորեն մինչեւ վերջ պայքարելու են քաղբանտարկյալների ազատության համար: Երկրորդ ուղղությունը ԵԽԽՎ-ն է: ԵԽԽՎ-ի նիստերին, ես, որպես պատգամավոր, միշտ այդ հարցը բարձրացրել եմ եւ բնականաբար բարձրացնելու եմ նաեւ սեպտեմբերյան լիագումար նիստում, որտեղ ծրագրավորված է Սերժ Սարգսյանի ներկայությունը եւ ելույթը: Հայաստանն այսօր նախագահում է նախարարների կոմիտեում եւ սա շատ պատեհ առիթ է, որ մենք այս բոլոր հարցերը բարձրացնենք եւ Հայաստանի ղեկավարության վրա լրջագույն ճնշումներ գործադրենք միջազգային ասպարեզում, առաջին հերթին՝ ԵԽԽՎ-ում»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը ճնշումների այլ տարբերակ էլ նշեց՝ ՀՀ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը՝ քաղբանտարկյալների հարցում. «Կարծում եմ, դա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք անմիջապես մտնենք բանակցությունների մեջ քաղաքական ուժերի հետ, որ ապահովենք նաեւ իրենց աջակցությունը՝ Տիգրան Առաքելյանի ազատության հարցում»:
Կարդացեք նաև
Պարոն Զուրաբյանը նշեց, որ իրավապաշտպաններն էլ շատ մեծ գործ են արել այդ ուղղությամբ: Նա ասաց, որ դիմելու են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին եւ նրանց միջամտությունը խնդրեն:
Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ վերջապես կփակեն Հայաստանի պատմության մեջ այն ամոթալի էջը, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ