Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ինտելկտն այն մեծ բրենդն է, որը կարող ենք վաճառել». Brain Killers թիմի հաղթանակի մասին

Օգոստոս 16,2013 19:11

Երևանյան Brain Killers դպրոցական  թիմը   միջազգային հարթակում «Молот Тора»  մրցույթում հաղթանակ է տարել: Նշենք, որ «Ե՞րբ, ի՞նչ որտե՞ղ» խաղի մրցաշարին մասնակցել  են 5 երկրների 285 թիմեր:

«Առավոտ երիտասարդականը» զրուցեց  թիմի մարզիչ Տիգրան Քոչարյանի, թիմի անդամներ Հովհաննես Գեղամյանի, Էդգար Սերոբյանի հետ, (Արամի հետ  չհաջողվեց խոսել): Թիմի մարզչի՝ Տիգրան Քոչարյանի խոսքով՝  թիմի հաղթանակը սպասված արդյունքն էր. «Թիմը Հայաստանի դպրոցների առաջնության հաղթողն է եղել, նույնիսկ իր մակարդակով մրցել է ուսանողական թիմերի հետ, զբաղեցրել 4-րդ տեղը: Եվրոպական մրցաշարում էլ ութնյակում է եղել: Ես իմ ամբողջ փորձը  փոխանցել եմ իրենց: Վերջին 4  տարվա  ընթացքում դպրոցականների շրջանում ամենաուժեղ թիմն է եղել, ուկրաինացիները, բելառուսները  մեծ հարգանքով էին խոսում մեր մասին»: Իսկ ահա  թիմի անդամներից Էդգար Սերոբյանն ասում է՝   հաղթանակը երկար աշխատանքի և մարզումների արդյուքն է.  «Անկեղծ ասեմ, այդ հաղթանակը մի քիչ անսպասելի էր»,- ասում  է նա:

Հարցին, թե նրանց կարծիքով՝ ամենաուժեղ մրցակիցները ո՞ր երկրի ներկայացուցիչներն էին, թիմի ավագ Հովհաննես Գեղամյանը պատասխանում է. «Դժվար է առանձնացնել  որևէ  երկիր, բայց սովորաբար ուժեղագույն թիմերը լինում են սլավոնական երկրներից` ՌԴ, Ուկրաինա, Բելառուս: Այնտեղ ավելի մեծ ուշադրություն են դարձնում դպրոցականների ինտելեկտուալ զարգացմանը, սովորաբար ինտելեկտուալ խաղերում նրանք բարձր արդյունքներ են ցուցադրում»:

Նշենք, որ   երևանյան թիմը կազմավորվել է երկու տարի առաջ: Հարցին, թե ում մտահղացումն էր թիմը կոչել Brain Killers, էդգարը պատասխանում է ՝  իրենը. «Ճիշտն ասած, շատ երկար եինք մտածում, այդ անունը  որոշել ենք հենց չեմպիոնատից առաջ, երբ արդեն հասկանալի էր, որ առանց անվանման խաղալ հնարավոր չէ: Պետք էր անուն մտածել, որը և՛ կապ կունենար ինտելեկտուալ խաղերի հետ, և՛ կլիներ երիտասարդական, բայց նաև  պետք է լիներ մարտական, որովհետև ցանկացած խաղի իմաստը հաղթանակն է, այդ պատճառով էլ ընտրեցինք այդ անունը»:

Երկու տարվա ընթացքում թե՛ մարզիչը, թե՛  թիմի մյուս անդամները հասցրել  են մտերմանալ միմյանց հետ. «Բացի մարզումներից՝ դու պիտի հաշվի առնես երեխաների հոգեբանությունը, իմանաս՝ ի՞նչ  նախասիրություններ ունեն և այլն»,-ասում է Տիգրան Քոչարյանը:

Թիմի անդամներին առանձին-առանձին խնդրեցինք բնութագրել միմյանց:

«Հովհաննեսը շատ ուժեղ խաղացող է ու նաև լավ ընկեր: Իմ ու նրա մտքերը շատ դեպքերում համընկնում են, այս իսկ պատճառով  լավ ընկերներ ենք դարձել»,-ասում է Էդգարը:

«Դժվար է բնորոշել ընկերոջը, կարող եմ միայն ասել, որ իր մեջ ամենից շատ գնահատում եմ նպատակասլաց և ազնիվ մարդ լինելը»,-նշում  է Հովհաննեսը:

Իսկ Արամի մասին ասում են, որ նա շատ կարդացող և գրագետ տղա է. «Ես ինքս ինձ համարում եմ կարդացող մարդ, բայց մեկ-մեկ պարզվում է, որ Արամը այնպիսի գրքեր է կարդացել, որոնց մասին ես անգամ չեմ լսել»,-հավելում է Հովհաննեսը:

Թիմի հետ կապված բազում հետաքրքիր  և ինչո՞ւ չէ զավեշտալի դեպքեր են եղել: Էդգարը հիշում է. «Մրցումների ժամանակ Ռուսաստանում մտել էինք պիցցերիա և պարզվել եր, որ այնտեղի տերը ու մի քանի աշխատողը հայ են: Երբ իմացան, որ մենք էլ ենք հայ և եկել ենք այստեղ խաղերին մասնակցելու, շատ ջերմ ընդունեցին ու նույնիսկ հայավարի «պատիվ տվեցին»:

Նշենք, որ տղանները պատրաստվում են դառնալ ուսանողներ: Հովհաննեսն այս տարի  ընդունվել է Մոսկվայի «Высшая Школа Экономики» համալսարանը, Էդգարը ևս պատրաստվում է այդ համալսարանում շարունակել ուսումը, իսկ Արամը արդեն ընդունվել է  Մոսկվաի «РГУТИС» համալսարանը:  Թիմի մարզչի ՝Տիգրան Քոչարյանի խոսքով՝  այնուամենայնիվ շարունակվելու են թիմի մարզումները: «Տղաները արտասամանում են սովորելու, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի շարունակվեն մարզումները»,-ասում է  մարզիչը: Խոսելով առհասարակ հայ երիտասադների ներուժի մասին՝ նա նշում է. «Շախմատը մեզ օրինակ,  հայկական ինտելկտն  այն մեծ բրենդն է, որը կարող ենք վաճառել առանց մեծ ներդրումներ ունենալով»:

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ միայն համապատասխան գիտելիք, ցանկություն   և մի փոքր աջակցություն ունենալու դեպքում հնարավոր է հանդես գալ միջազգային հարթակում: Նա նշեց, որ իրենց աջակցել է պետությունը, օժանդակել՝ մարզումների համար դահլիճ և ֆինանսական միջոցներ տրամադրելով:

 

 Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031