Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրականում բանաստեղծությունը սկսվում է վերջին տողից հետո». Արամ Մամիկոնյան

Օգոստոս 16,2013 18:40

Արամ Մամիկոնյան՝ 22-ամյա  գրող, ով օրերից մեկ օր բանաստեղծությունների կապոցը ձեռքին մտավ  «Գրեթերթ»-ի խմբագրություն՝ պատկերացում անգամ չունենալով, որ ամեն ինչ սկսելու է հենց այդտեղից, և իր պատանեկան բանաստեղծությունները այդտեղ են սկսելու տարիք առնել: Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» զրուցեց նրա հետ:

Ինչպե՞ս  սկսեցիր գրել և առաջին գործդ ինչի՞ հետևանք էր :
Գրել սկսել եմ դեռ մանկությունից, այսինքն ոչ թե գրել, որպես լուրջ գրականություն, այլ ուղղակի փոքր բանաստեղծություններ, որոնք ուղղակի դպրոցական գրքերում եղածների շատ անհաջող նմանակումներ էին: Այնպես  որ դժվար է հիշել առաջին գործը կամ թե ինչի հետևանք էր այն:
Իսկ ո՞ր ստեղծագործությամբ  մտար հայ արդի գրականություն:
Այդ սահմանը միանշանակ լղոզված է ինձ  համար: Միայն կարող եմ ասել, որ սկսեցի ավելի լուրջ վերաբերել այն ամենին, ինչ անում էի, երբ մի մեծ բանսատեղծությունների կապոց ձեռքս մտա  «Գրեթերթ»-ի խմբագրություն: Հազիվ կմկմալով Գուրգեն Խանջայնին ու Նառա Վարդանյանին ասացի, որ բանաստեղծություններ եմ գրում և կուզեի, որ իրենք աչքի անցկացնեին:  🙂 Իսկ արդեն մի քանի օր հետո Նառա Վարդանյանն ասաց, որ տպագրվելու եմ թերթի հաջորդ համարում:
Ինչպիսի՞ն էր Նառա Վարդանյանի և Գուրգեն Խանջյանի առաջին տպավորությունը, երբ կարդացին բանաստեղծություններդ:

Ընդհանրապես «Գրեթերթ»-ը  յուրահատուկ ընտանիք է, որտեղ քեզ երբեք չեն ասում, թե դու շատ լավ ես գրում կամ շատ ընդհակառակը: Քեզ մի շփոթեցնող ազատություն են տալիս, անսահման կապույտ երկինք, կուզես այդ երկնքը պղծիր արյանդ կարմիրով, կուզես հիացիր նրա անսահման հանդուրժողակնությամբ, պայմանը մեկն է՝ արածդ պետք է գրակնություն լինի:


Եթե չստացվի՞  կամ արդյո՞ք գրականության մեջ կա ստացվել-չստացվելու սահմանը:

Ասել, թե որն է գրականություն, իսկ որն է չստացված տեքստի անհաղորդ ներկայություն, բոլոր ժամանակների կռիվ է, որտեղ բոլորը դատապարտված են պարտության: Պարզապես արա այն, ինչ անում ես, մի վախեցիր քո մտքերից: Գրողը երբեք պատասխանատու չէ իր մտքերի համար: Դա հավերժական շրջապտույտ է ստեղծում, սերունդների անխուսափելի պայքար, որտեղ հաղթողը գրակնությունն է: Եթե Նիշցեն չգրեր, որ Աստված մեռավ, Էլիոթը Աստծուն հարություն չէր տա:

25-րդ կադրի պես խարդախ ու արգելված օր,
որպես փնթի լափ շպրտված ափսեն կենսագրության
ու վեջին բանաստեղծությունից հետո շարունակվող աղջիկ՝
չստացված պոեզիայի ամենալավ տողի տակ ընդգծված . . .
Այս մտքերի համար ևս պատասխանատու չե՞ս: Քեզ համարն ո՞րն է ստացված կամ չստացված պոեզիան:
Երբ Տանյա Հովհաննիսյանն իր իսկ պոեզիան անվանում էր չստացված, դա ուղղակի հեգնանք էր ուղղված բոլոր այն պաթոսապաշտ մարդկանց, որոնք նրան շրջապատում էին: Հետո նա գրում է՝ «Թղթե վարդ-կոպիտ պոեզիա» բանաստեղծությունը, որով վերջնականապես փակել է տալիս նրանց բերանները: Այս բանաստեղծության մեջ Տանյան ասում է, որ իմ ձեռով պատրաստված, անճարակ թղթե վարդը ավելի լավ է բուրում, քան այն վարդերը, որ կարող էիք ինձ նվիրել: Կարծում եմ սա ամենալիարժեք պատասխանն է, որ կարող է տրվել բոլոր այն մարդկանց, ովքեր պոեզիան կամ առհասարակ գականությունը պատրաստ են ճզմել այդ երկու պատի միջև՝ չստացված, թե ստացված:
Ե՞րբ գրեցիր Օրիգամի բանաստեղծությունը, գուցե քո ասելիքը ևս ինչ-որ մարդկանց բերանները փակելու համար էր գրված:
Օրիգամին ընթերցասեր մարդկանց Տանյա Հովհաննիսյանի կողմը մատնացույց անելու ցանկություն էր: Տանյան, որպես կնոջ կերպար, ևս պակասող կերպար ատամնաանիվ է հայ հասարակության մեջ, առանց որի ամբողջ մեխանիզմը չի պտտվի: Այժմ, ինչպես երբեք, մենք մտածող կնոջ կարիք ունենք: Կուզեի կինը իր վրայից հաներ «հայ կնոջ» գոգնոցը, ծալեր ու շպրտեր դարակի ամենախորը անկյունը: Ձեռքին վերցներ ցուցապաստառը ու դուրս գար փողոց, իր իրակնության համար պայքարելու:

Իսկ ի՞նչ ընթացքի մեջ է առաջին բանաստեղծությունների ժողովածույիդ աշխատանքները:

Շատ լուրջ եմ վերբերում այդ ժողովածույին: Կարծում եմ՝ անձնագրի պես բան է առաջին ժողովածուն, որով պետք է արդարցնես քո ներկայությունը գրականության մեջ: Դա չի լինի ուղղակի արդեն գրած, տպված բանստեղծությունների շարան: Բանաստեղծություններ կան, որոնցից արդեն հեռացել եմ: Նրանք բան չունեն անելու այդ գրքում: Շատ եմ ուզում գիրքը ձեռքիս վազել մեկի մետ, դնել դիմացը, ու թաքուն հետևել դիմագծերի փոփոխությանը գիրքը կարդալիս: Դա մի յուրօրինակ սիրո խոստովանություն է, առավելագույնը, ինչին ընդունակ եմ:

Սովորաբար անձնագիրը երբեք ոչինչ  չի ասում մեր մասին, անգամ շատերը շփոթում են մեզ: Նայում են անձնագրիդ ու հարցնում՝ սա դո՞ւ ես: Չե՞ս վախենում, երբ կարդան քո գիրքը և հարցնեն Արա՛մ, բայց մի՞թե սա դու ես:
Այնպիսին, ինչպիսին մարդիկ գիտեն ինձ, անգամ ամենամտերիմները, և այնպիսին, ինչպիսին ես եմ գրակնությունում լրիվ տարբեր բևեռներ են: Եվ դա հասկանալի է: Բանավոր խոսք, քաղաքավարության զզվելի պատականություններ, ժեստեր, հայացքներ, որոնք ինձ ուղղակի կուլ են տալիս: Տանել չեմ կարողանում բոլոր այն մարդկանց , որոնք ինձանից ինչ -որ ինտելեկտուալ զրույց են ակնկալում՝ փոքրիկ Ջոյս, որը գիտակցության հոսքով ուր որ է պետք է ողողի իրենց: Նրանց միշտ էլ հիասթափեցնում եմ հրանարավոր բոլոր միջոցներով: Ուրեմն՝ ես ավելի շատ նա եմ, ով գրում է այդ բանստեղծությունները:
փոքրիկ աղջնակը կմեռնի քաղցկեղից,
աստծո անրակները կկոտրվեն
աղջկա սպիտակ խալաթի ծանրությունից,
աստված կմեռնի
Բանաստեղծություններումդ փոքրիկ աղջկա կերպարը ամենուր է: Ի՞նչ աղջնակի մասին է խոսքը:

Այդ փոքրիկ աղջնակը սպիտակ խալաթով, նրա անտեղյակությունը, երբ քաղցկեղը կրծում է իր մարմինը: Ցավ, որը կարող ես մոռացնել տալ մի փոքրիկ կոնֆետով՝ հասանելի բավարարվածություն, փոքրիկ բաներով ուրախանլու ունակություն, զուլալություն: Չնայած դա իրական փաստերի վրա էր գրված, բայց այդ աղջնակը մեր բոլորիս ընդհանրացնելու միտում ունի: Բոլորս էլ եփվում ենք կյանքի կաթսայում, գունդուկծիկ, իրար խառնված: Ու վերջը նույնն է: Եվ որքան կարևոր է այս կարճ ժամանակահատվածում հասնել բավարարվածության, կարողանալ ուրախանալ փոքր բաներով, հասնել զուլալության, երբ դռանդ ետևում մահն արդեն կոկորդն է մաքրում, որ թակի դուռդ: Այս աղջնակը կա նաև Տանյա Հովհաննիսյանին նվիրված բանաստեղծության մեջ: Տանյան ցավոք սրտի մահացել է 1988թ. ՝ երկրաշարժից, բայց նա արդեն հասել էր այդ զուլալությանը, որը հիմա այնքան անհասանելի է թվում, թևաթափ լինելու աստիճան:


Տանյա Հովհաննիսյանի ստեղծագործություններից
շա՞տ ես ներշնչվում:
Չէ, ոչ այդքան: Հիմա ավելի շատ հետքրքրված եմ 20-րդ դարի անգլիական ու ամերիկայն պոեզիայով: Սկսած Ուոլթ Ուիթմենից մինչև Սիլվիա Պլաթ ու Աննա Սեքստոն: Աշխատում եմ միայն կարդալով չսահմանփակվել, նաև թարգմանություններ եմ անում: Դա օգնում է ավելի խորը մտնել պոեզիայի լեզվի երակների մեջ, ման գալ ու գտնել այն տաք տունը, որտեղ ոտքդ չի սողա հատակին կանգնելիս ու պատուհաններից տեսանելի կլինի ամենը:

Իսկ որքանո՞վ է օգնում գրողին թարգմանություններ անելը:
Եթե դու գրում ես որևէ լեզվով, օգտագործում ես այդ լեզուն, անգամ չգիտակցելով, թե ոնց է նա ճնշում միտքդ, որովհետև լեզուն քեզ հասնանելի է միայն քո միացածի սահմաններում: Թարգմանությունը կոչված է այդ անտեսանելի սահմանները տրորելու: Եվ ամեն սահման անցնելիս քո առջև մի անմշակ հարթավայր է տարածվում, որի մասին անգամ չէիր կարող ենթադրել: Քեզ մնում է կարգի բերել այն ու դարձնել քոնը: Յուրքանչուր պոետ առանձին լեզվամտածուղություն ունի, թարգմանելիս նրանք ակամա ուսուցիչներ են դառնում քեզ համար, քեզ համար հարթեցնում են թղթի ամենաճմրթված ծայրերը, որտեղ արդեն ավելի հանգիստ կարող ես տարածվել, առանց խորթուբորդությունների:


Վերջին գործերիդ մեկնաբանություններում  կային մարդիկ, ովքեր կարդալով աշխատանքներդ, մեկնաբանում էին դրանք որպես հոռետեսություն, այն էլ ծայրահեղ: Դու ի՞նչ կասես:
Ցավոք սրտի, համացանցում կան նաև ընթերցողներ, որոնք բանստեղծությունը կարդում են նույն ինֆորմացիոն հոսքի տակ, որով կարդում են որևէ թեթև լրագրողական հոդված: Իրականում բանաստեղծությունը սկսվում է վերջին տողից հետո, երբ վերջացնում ես կարդալ տեքստը ու սկսում ես մտածել, այլ ոչ թե շտապում հաջորդը կարդալու, որպեսզի արագ վերջացնես քո առջև դրված ծավալը: Դրա արդյունքում այդքան մռայլ թեմայով գրված բանստեղծությունը, որը իմ համար անսպասելի կերպով կարողացա այդքան լավատեսորեն վերջացնել, մնացած ընթերցողները չեն նկատում: Մի խոսքով՝ կարդում են այն, ինչ միայն գրված է: Ի վերջո, լավ ընթերցող լինելը անհամեմատ ավելի դժվար է, քան գրող լինելը:
Ի՞սկ որտեղից  է սկսվում և ավարտվում պոեզիան, ի՞նչ ես կարծում:

Ճապոնական դասական գրականությունից մեզ հասած մի ահռելի ժառանգություն կա, որը մեզ հստակորեն մատնացույց է անում, թե որտեղից է սկսվում բանաստեղծությունը՝ վերջին տողից հետո: Կորտասարը իր՝ « Վիճակախաղ»  վեպում հրաշալի անդրադարձ է կատարում տեքստի վերջի և գրականության սկսելու սահմանի մասին: Երբ թանաքը հպվում է թղթին ու թե ինչպես է այդ բախումից ծնվում գրականությունը: Գեղեցիկ գիտակցության հոսք, որ խորհուրդ կտայի չկադացածներին  անպայման ժամանակ հատկացնել նաև այդ վեպի համար: Իսկ թե որտեղ է վերջանում պոեզիան, կարծում եմ՝ լավագույն բանստեղծությունները կարմիր թելի պես անցնում են ուղեղիդ միջով, մեխի պես խրվում ափերիդ մեջ, ու դու կրում ես դրա հետևանքները ամբողջ կյանքի ընթացքում: Ուրեմն՝ պոեզիան երբեք էլ չի վերջանում…

 

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031