Այսօր Aravot.am-ին էին դիմել Արթիկի կենտրոնական հրապարակին հարակից Գարեգին Նժդեհ 1-ին շենքի բնակիչներ` բողոքելով, որ Արթիկի ԱԱԾ-ի երիտասարդ պետ Արմեն Ստեփանյանը անհայտ ու ապօրինի կառույց է սարքում իրենց քթների տակ` փակելով դեպի թիվ 4 –րդ դպրոց գնացող ճանապարհը, քանդելով ասֆալտը:
Ըստ նրանց, այդ կառույցը վեր խոյանալու դեպքում, կփակի նաեւ իրենց լուսավորությունը, այն ընդամենը 4 մետր հեռավորության վրա է գտնվում իրենց շենքից: Նրանք շեշտեցին, որ այդ կառույցը թեեւ ԱԱԾ-ի պետի եղբոր անունով է`Կարեն Ստեփանյանի, սակայն փաստացի տերը հենց Արմեն Ստեփանյանն է: Նշենք, որ կառուցվող շենքը հարակից է Արթիկի նախկին վարչական շենքին:
«Եղբայրը քսերոսքի բուդկա ունի վարչական շենքում, հիմա էլ որոշեցին վարչական շենքից դուրս ծավալվել: Ինքը իր նոր կառույցով արդեն մտել է դեպի դպրոց տանող ճանապարհի մեջ, իսկ այդ ճանապարհի վրա սպորտհրապարակ է, պետական գույքի գրասենյակն է, անցնող-դարձողը անիծում է, բոլորը դեմ էին, որ այդտեղ կառույց լինի, բայց ռիսկ չեն անում բարձրաձայն խոսել, որովհետեւ ահաբեկում է բոլորին: Ուղիղ 4 անգամ ավագանին մերժել է այդ տարածքը հատկացնել ԿԳԲ-ի պետին, բայց նա էնքան նեղեց ավագանու անդամներին, որ անդամների կեսը գլուխներն ազատելու համար կողմ քվեարկեց: Ավագանու անդամներն ասում էին, ահ է տվել իրենց, թե լավ չի լինի, եթե չհաստատեն: Ավագանու անդամներն էլ ամեն մեկը մի գործի տեր, ու արդյունքում ստացվեց, որ ԿԳԲ-ի պետի շինթույլտվությունը լրիվ չէ, այն շինթույլտվության մատյանի մեջ գրանցված չէ, մուծման անդորրագիր չունի, շինթույլտվություն վերցնելու համար պիտի անպայման մուծում կատարի: Դեպի դպրոց տանող ճանապարհին յասամանի ծառեր կային, հիմա եկեք տեսեք, յասաման կգտնե՞ք, ասֆալտը լրիվ քանդել է, մեր 5 հարկանի շենքն էլ թուլացրել է: Քաղաքաշինության տեսչությունն էլ վախենում է նրանից: Մարդը մոտ 60 հազար դոլարանոց շենք է կառուցում, ընդ որում էնքան փող ունի, որ հասարակ բանվորները չեն աշխատում, այլ «Գոհարիկ ՍՊԸ»-ն է կառուցում», -ներկայացրեց բնակիչներից մեկը, ով շատ խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը` ԱԱԾ-ի պետի հետագա հալածանքներին չարժանանալու համար:
Ըստ նրա, ինքը երկու օր առաջ եղել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ, վերջինս էլ հանձնարարել է հետաքրրքվել այդ հարցով ու մինչեւ օրս պատասխան չի ստացել: «Ես հիմա դիմելու եմ երկրի նախագահին ու վարչապետին, իսկ երկուշաբթի բնակիչներով բունտ կբարձրացնենք մարզպետարանի դիմաց, հերիք եղավ, թող գնան ուրիշ տեղ կառուցեն, ինչ է կենտրոն տեղ է, քթներիս տակ պիտի խցկե՞ն»,- նեղսրտեց նույն բնակիչը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ճշտեց, որ վարչական շենքի բաժնետերերից մեկը բանավոր կերպով դիմել է իրենց այդ նույն բողոքով, իրականում խոսք գնացել է կառույցի ապօրինի լինելու մասին, իսկ այդ կառույցի շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթերը դեռ մարզպետարան չեն հասել: Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից, ով մեզ տեղեկացրեց, որ շինթույլտվություն տրվել է նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանի կողմից, եւ այդ ժամանակ այն տրամադրվել է բոլորովին այլ մարդու: Բայց, քանի որ կառուցապատողի անունը փոխվել է, դարձել է ԱԱԾ-ի եղբայրը, քաղաքապետ Աբրահամյանը, ըստ օրենքի, վերաձեւակերպում է կատարել:
Արթիկի նորընտիր քաղաքապետը նաեւ ասաց, որ եթե նախագծային փաստաթղթերը նորմալ չլինեին, նախորդ քաղաքապետը անմիջապես կարձագանքեր: Մեր այն հարցին, թե շինարարական նորմերի խախտում չէ՞ արդյոք բնակելի շենքից 4 մետր հեռավորության վրա օբյեկտ կառուցելը, Արթիկի քաղաքապետն ասաց, որ, ինքը նայել է, կարմիր գիծը չի հատում: Ըստ Արսեն Աբրահամյանի, փաստաթղթային փաթեթը 99 տոկոսով նորմալ է, 1 տոկսով պատրաստ չէ, եւ ինքը կասեցնել է տվել շինարարությունը, մինչեւ որ համապատասխան մարմինները` քաղաքաշինության տեսչությունը, մարզպետարանը կուսումնասիրի:
Ըստ, քաղաքապետի, վերաձեւակերպման հետ կապված ժամկետների խնդիր կար, այդ պատճառով էլ փաստաթղթերը մարզպետարան դեռ չեն ուղարկվել: «Եթե ձեր ասած խախտումները լինեն, պարզ է, որ վերահսկող մարմինը կարձագանքի»,- ասաց քաղաքապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված է կամ գրասենյակ սարքել կամ առեւտրի կետ: Ի դեպ, քաղաքապետը մեզ նաեւ փոխանցեց, որ ԱԱԾ-ի պետը երկրում չէ: Իհարկե, Aravot.am-ը պատրաստ է լսել նաեւ Արթիկի ԱԱԾ-ի պետի պարզաբանումները, ու դեռ կանդրադառնա այս թեմային ու շինթույլտվության փաստաթղթերին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ