«Ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները, մեր քաղաքական մարմինները կանցկացնեն լրջագույն քննարկումներ, որովհետեւ բոլորիդ համար էլ հասկանալի է, որ ճակատագրական պահեր են մոտենում»,- այսօր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց առաջիկայում ՀԱԿ կուսակցության ծրագրերի մասին:
Նա կանխատեսեց, որ շուտով Հայաստանը, միգուցե կանգնած է լինելու կարեւոր ռազմավարական ընտրություններ կատարելու անհրաժեշտության առջեւ, եւ ՀԱԿ-ը պետք է շատ հավասարակշռված, հիմնավորված որոշումներ ընդունի, որպեսզի ինքն առաջնորդի ժողովրդի պայքարը՝ այդ որոշումներն ընդունելուց հետո. «Ուստի մոտ ապագայում մենք ունենալու ենք լրջագույն քննարկումներ, հստակեցնելու ենք ՀԱԿ-ի մոտեցումները ռազմավարական կարեւորագույն հարցերում, կարեւորագույն կազմակերպական փոփոխություններ ենք կատարելու այն նպատակով, որ պատրաստ լինենք բոլոր այն դառն իրադարձություններին, որոնց հորձանուտում կարող է հայտնվել Հայաստանը: Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Ակցիայի մասնակիցները բղավում էին՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ