Այսօր դատախազության առջեւ ՀԱԿ ակտիվիստների պաշտպանության համար բողոքի ակցիային էր մասնակցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հայտարարեց, որ պայքարը շարունակվում է. «Ես այստեղ չեմ եղել, արձակուրդի մեջ եմ եղել, բայց գիտեմ, որ շատ բուռն իրադարձություններ են եղել, որոնց ես հետեւել եմ: Գործը Վճռաբեկից ուղարկվել է Վերաքննիչ դատարան, որը նույնպես արդյունքն է այս համառ պայքարի: Իշխանություններին թողեք՝ նրանք մյուս 3 տղաներին կբանտարկեն, Տիգրան Առաքելյանին էլ 6 տարի կպահեն բանտում: Այս իշխանությունները մի շատ լավ դաս են տվել մեզ բոլորիս, եւ 5 տարի շարունակ այդ դասը տալիս են: Այդ դասը մենք լավ ենք սովորել՝ այս իշխանությունները երբեք որեւէ բանական զիջում ժողովրդին չեն անում, եթե չեն տեսնում տասնյակ հազարավոր մարդկանց՝ կանգնած Ազատության հրապարակում: Բոլորդ համոզվել եք դրանում: Ե՞րբ են այս իշխանությունները զիջել. լրջագույն զիջումների գնացին 2011-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Մատենադարանի մոտ, այնուհետեւ՝ Ազատության հրապարակում: Իշխանությունները առաջին անգամ գնացին լրջագույն զիջումների՝ նրանք ազատեցին բոլոր քաղբանտարկյալներին, նրանք, վերջապես, ազատագրեցին մեր հանրահավաքների համար Ազատության հրապարակը: Ազատագրեցին ոչ միայն մեր հանրահավաքների համար, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Բոլոր քաղաքական ուժերը հիմա, շնորհիվ այդ նվաճման, հնարավորություն ունեն իրենց բողոքը բարձրացնեն Ազատության հրապարակում»:
3-րդ կարեւոր զիջումը, ըստ Լեւոն Զուրաբյանի, այն էր, որ իշխանությունները նորից ստիպված եղան բացել Մարտի 1-ի էջը: Այսինքն՝ ստիպված եղան հրապարակայնորեն ընդունել, որ Մարտի 1-ի էջը փակված չէ. «4-րդ կարեւոր զիջումն այն է, որ նրանք ստիպված եղան ՀԱԿ-ի՝ հետ նստել բանակցությունների՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում անցկացնելու գաղափարի շուրջ: Ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ մենք այդ երկխոսության ժամանակ կհասնեինք հաջողության, եթե Ազատության հրապարակում նորից հավաքվեր 30-40, 50 հազար մարդ: Մի րոպե չկասկածեք, ամեն ինչ կախված է հենց դրանից: Ռեժիմը նահանջում է, կատարում է ժողովրդի պահանջները միայն մեկ դեպքում՝ եթե տեսնում է ժողովրդին ոտքի կանգնած: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շատ շուտով նորից ռեժիմը տեսնի ժողովրդի կամքը եւ ստիպված լինի կատարել նրա օրինական պահանջները»:
Կարդացեք նաև
Նա բոլորին կոչ արեց օգոստոսի 26-ին ժամը 11.30-ին միահամուռ ներկայանալ Վերաքննիչ դատարանի մոտ՝ ներկայացնելու հասարակական պահանջն առ այն, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ