Թբիլիսիի օդանավակայանը Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով կոչելու որոշումը հետաձգվել է անհայտ ժամանակով: Գրում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը՝ վկայակոչելով վրացական «Պիրվելի ռադիո» ռադիոկայանը:
Մայրաքաղաքի օդանավակայանը Գամսախուրդիայի անունով կոչելու, ինչպես նաև Թբիլիսիում որոշ վայրեր վերանվանելու հարցը չորեքշաբթի քննարկվել էր քաղաքային խորհրդում:
Ինչպես հայտնել է ռադիոկայանը, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները պահանջել են վերանայել հարցը, և այն հանվել է օրակարգից: Քաղաքային խորհրդից հայտնել են, քանի որ նախաձեռնություն հանձնաժողովները չեն քննարկել, այդ իսկ պատճառով այն չի կարող մտնել քաղաքային խորհրդի օրակարգի մեջ, և, հետևաբար որոշումը հետաձգվել է անհայտ ժամանակով:
Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահն է եղել 1991-1992թթ.: 1993թ., ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել: Նա հայտնի էր իր ազգայնական դիրքորոշումով և ազգային փոքրամասնություններին ճնշելու քաղաքականությամբ, այդ թվում՝ հայերին (Հ.Ի.):
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ