Այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով, թե ինչպես պետք է զսպվի գնաճը, պարոն Մեսրոպյանը նախ օրինակ բերեց, թե ինչու Հայաստանում գործող տարբերակն անգրագիտություն է: Ըստ պարոն Հարությունյանի. «Տարբեր ստերիլիզացիոն մեխանիզմներ կան, դրանցից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն է` ազդակ ուղարկել շուկային, որ փողը Հայաստանում թանկանում է, հետեւաբար փող ուզողների քանակն էլ կքչանա, եւ քիչ փող կհոսի իրական տնտեսություն: Այլ ձեւեր էլ կան, օրինակ` արժութային ինտերվեցիա 2 նպատակով` դրամներ ստերիլիզացնել շուկայից, եւ դոլար-դրամ փոխարժեքի միջոցով, քանի որ մեզ մոտ ներմուծումը 3 անգամ ավելին է արտահանումից, ապա էժանացնել ներկրվող ապրանքները եւ ազդել գնաճի վրա: Այս մեթոդները բոլորը մեկ գլոբալ թերություն ունեն`նրանք իրական տնտեսության հետ ոչ մի կապ չունեն: Իրական տնտեսության պահանջարկն այլ է:
Եվրոպայում ինչ արեցին` հիմա նրանք գլուխները պատովն են տալիս, պատն էլ գլուխներովը, ասեցին` շատ վատ վիճակ է, Իտալիայում, Հունաստանում ասեցին` էկեք կրճատենք ծախսերը, այսինքն նույնպես փողի քանակը կրճատեցին, ու բիզնեսը սկսեց անկում ապրել, ակտիվությունն իջավ, հարկերը հետը իջան, բյուջեի ծախսային մասը կրճատեցին, որը խփեց բյուջեի եկամտային մասին եւ ամբողջ տնտեսությունը նվազեց: Հիմա Արժույթի հիմնադրամի փառապանծ փորձագետներն ու Եվրամիությունը կռվում են` թե ով առաջինն այդ սխալը թույլ տվեց, իրենք գնացին փողի կրճատմանը: Փողի քանակը նվազեցնելով պարզապես փակում են տնտեսության թթվածինը»:
Պարոն Մեսրոպյանի կարծիքով, գնաճի զսպման լծակները Կենտրոնական բանկին տալը սխալ մեխանիզմ է, քանի որ ԿԲ-ն չունի տնտեսական մեխանիզմներ, որով պետք է զսպվի գնաճը: Իսկ իրական գնաճը, ըստ տնտեսագետի, ոչ թե պաշտոնական 8,1%-է, այլ` 20%-ից էլ ավելի է:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարություն Մեսրոպյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ոչ մի տեսակի տրամաբանության մեջ չի մտնում էլեկտրաէներգիայի թանկացումը. «Ինչու էներգիայի գինը բարձրացավ ավելի շատ, քան գազինը: Եթե էլեկտրաէներգիային ձեռ չտային, գնաճի այսպիսի թռիչք չէր լինի»:
Տնտեսագետն անդրադարձավ գազի թանկացմանը եւ նշեց, որ այն կարելի էր ընդհանրապես չթանկացնել, սակայն թանկացրին, քանի որ «ՀայՌուսգազարդն» ուզում է գերշահույթներ ստանալ.«Գազը սահմանի վրա ստանում էինք 180 դոլար, սպառողին տալիս` 360, ընդունենք Ռուսաստանը թարսվեց ու բարձրացրեց 270 դոլարի: է’, 270-ով ստացի շարունակի 360 դոլարով վաճառել: Ո’չ, պետք է գերշահույթ ստանան»:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Գագիկ Մակարյանն էլ կարծիք հայտնեց, որ «ՀայՌուսգազարդն» անարդյունավետ ծախսեր է անում, իսկ այդ ծախսերը կրճատելու հաշվին կարելի է նաեւ գազի գինը նվազեցնել: Օրինակ, պարոն Մակարյանի ներկայացմամբ` ինտերնետի ու կապի համար տարեկան 740 հազար դոլար է կազմում է: 62 հազար դոլար միայն հեռախոսի գումարն է»: Իսկ թե իրականությանը համապատասխանում են, թե ոչ, այս թվերը, պարոն Մակարյանն ասաց, որ համապատասխան մարմինները պարտավոր են ստուգել դա: Տնտեսագետը նաեւ ասաց, որ առաջիկայում էլեկտրաէներգիան նորից կթանկանա եւ դրա համար կա մի թաքնված գործոն, թե որն է դա, դիտեք` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի