Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ կատարվող աշխատանքային շրջայցերից հերթականը Աջափնյակ վարչական շրջանում էր, որտեղ քաղաքապետը ծանոթացել է շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրով իրականացվող աշխատանքներին:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հետևել է Մարգարյան փողոցի 37 հասցեում կառուցվող բազմաբնակարան նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, որը նախատեսված է նույն հասցեում ապամոնտաժված 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար: Առանձնահատուկ կարևորելով 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրը` Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բնակարանաշինության հարցն ընդգրկվել էր շինբարեկարգման տարեկան ծրագրերում: Շրջելով հարկաբաժիններով՝ քաղաքապետը ծանոթացել է բնակարանների պայմաններին:
10 բնակելի և 1 հասարակական նշանակության հարկեր ունեցող շենքն ունենալու է 3 մուտք: Շինարարը զեկուցել է, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, նաև տեղեկացրել, որ ընթացքի մեջ են շինմոնտաժային և հարդարման աշխատանքները: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ:
«Մարգարյան 37-ում կառուցվող այս շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին կամ 2014-ի տարեսկզբին: Այն կունենա ավելի քան 100 բնակարան: Ընդհանուր առմամբ, դեռևս առաջնահերթ լուծման ենթակա 500 բնակարանի խնդիր կա մայրաքաղաքում: Ամեն տարի քաղաքային բյուջեով, նաև կառավարության աջակցությամբ, աշխատանքներ են տարվում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բազմաբնակարան նոր շենքեր կառուցելու ուղղությամբ: Այս տարի գարնանը, ի դեպ, Աջափնյակում շահագործման հանձնեցինք Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքը ևս: Անշուշտ, դեռ անելիքներ կան նաև 3-րդ կարգի վթարայինների ամրացման ու բազմաբնակարան շենքերի պահպանման ուղղությամբ, ինչը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է Շինարարների 15/1 և 15/2 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող բակային տարածք և բնակիչների հետ մասնակցել նորակառույց բակի հանդիսավոր բացմանը: Նախկին բոստանային տարածքների տեղում այստեղ իրականացված բարեկարգման աշխատանքների արդյունքում բակն ամբողջությամբ վերակառուցվել և կահավորվել է համապատասխան գույքով՝ նստարաններով ու զրուցարաններով՝ ձևավորելով բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտի: Մանուկների համար էլ կառուցվել է խաղահրապարակ: Առանձնացվել են նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտեր: Առողջ ապրելակերպը խթանելու նպատակով էլ բակում մարզասարքեր են տեղադրվել:
Պատասխանատուները զեկուցել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են բնակիչների հետ համատեղ քննարկումների և նրանց կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: Քաղաքապետն իր հերթին շնորհավորել է բնակիչներին և հորդորել հոգ տանել, խնամել ու պահպանել տարածքը:
Հալաբյան 55-ի բակային պուրակում ևս կատարվել էին բարեկարգման համալիր աշխատանքներ, որի շնորհիվ թե երեխաների և թե մեծերի համար ստեղծվել են բոլոր հարմարությունները: Տեղադրվել են մանկական ժամանակակակից խաղային ատրակցիոններ, ամառային բացօթյա ու նաև փակ զրուցարաններ, նստարաններ ու աղբամաններ: Տարածքն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ ու ոռոգման նոր համակարգով: Աշխատանքների շրջանակում նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շինությունների և ավտոտնակների պատերը: Բարեկարգված պուրակը ծառայելու է հարակից բոլոր շենքերի բնակիչներին:
«Վարչական շրջաններում շարունակվում են այգիների, պուրակների, խաղահրապարակների և բակային տարածքների բարեկարգման աշխատանքները: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Երևան քաղաքում բակային տարածքների բարեկարգման խնդիրը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հատկանշել, որ հետագա պահպանման հարցում քաղաքապետարանն ակնկալում է նաև երևանցիների սրտացավ վերաբերմունքն ու հոգատարությունը:
Զրուցելով բնակիչների հետ և լսելով բարձրացրած հարցերն ու առաջարկները՝ քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բնակչությանը հուզող բոլոր խնդիրները հետզհետե համապատասխան լուծումներ կստանան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն