«Հայաստանում սիրուն անուններով պետական մարմիններ կան: Օրինակ` մրցակցություն, եթե տնտեսությունն օլիգարխված է, եւ պետական պաշտոնյան սերտաճած է բիզնեսի հետ, մրցակցություն բառը դա սրբապղծություն է, ուր մնաց թե նման կառույց ստեղծել: Մոտավորապես նույն բանն է` ոնց որ անառակության տանը կուսության բաժին բացեն: Չի լինում նման բան, այստեղ ապացուցելու բան չկա»,-այսօր նման կարծիք հայտնեց «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը` գնահատելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը եւ՝ որպես գնաճի վրա ազդող պետական գործիք:
Պարոն Մեսրոպյանի խոսքերով`«Եթե մենք խոսենք ընդհանրապես բյուջեի դերի եւ ընդհանրապես ֆինանսական եւ տնտեսական վիճակի մասին, այնտեղ կորելացիա պետք չէ ման գալ`այս գերատեսչությունը, եթե աշխատի ինչ փոփոխություն կլինի բյուջեում: Նման տրամաբանությամբ կարելի է պնդել, որ հացահատիկը բերում է քաղցկեղի, որովհետեւ պարզվում է, որ բոլորը, ով հիվանդացել է քաղցկեղով, հացահատիկ է օգտագործել: Նրանք կապ չունեցող երեւույթներ են: Ես կուզենայի շատ ուշադրություն դարձնեին ոչ այնքան թվեր գլորելուն, որովհետեւ տնտեսությունը, մասնավորապես, մեր պետությունն ընդհանրապես ան-մըր-ցու-նակ է, անմրցունակ երկրի վերջը հետեւյալն է` կամ ինչ-որ ժամանակ քարշ է գալիս 3-4 դիրքերում, ի վերջո անմրցունակը, այդ մրցունակության կոմիտե է, թե` ինչ է, թող հաշվի Հայաստանի՝ որպես պետության մրցունակությունը ու կտեսնի` շատ վատ վիճակ է, միայն այն փաստը, որ Հայաստանից բիզնեսը գնում է Վրաստան, դա ապացույց է, որ մրցունակություն գոյություն չունի:
Մանրամասն` տեսանյութում
Ասուլիսի մեկ այլ մասնակցի` «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով էլ` մեր երկրում մրցակցությունը անհավասար մակարդակի վրա է, իսկ նման պայմաններում բիզնեսը կամ գնում է դեպի ստվեր, կամ փորձում է գտնել իր համար որոշակի հովանավորներ` փորձելով զարտուղի ճանապարհով հանդես գալ: Ընդ որում, տնտեսագետը, գտնում է, դա նույնիսկ նորմալ է, քանի որ, եթե տարիներով ստեղծած բիզնեսը մարդը պիտի կորցնի, ապա ստիպված պետք է պայքարի դրա համար: Իսկ պայքարի ուղիներից մեկն էլ, արդարության դեֆիցիտի պայմաններում, ըստ Գագիկ Մակարյանի, արհեստական ճանապարհներն են:
Կարդացեք նաև
Պարոն Մեսրոպյանի խոսքերով էլ` «Քանի որ մեզ մոտ բիզնեսն ու պետությունը սերտաճած է, հետեւապես խոշոր բիզնեսմենները, օլիգարխիկ խավը , խորհրդարանի միջոցով, կամ գերատեսչությունների նորմատիվային ակտերի միջոցով իրենց համար նպաստավոր դիրքեր են ստեղծում բիզնեսում: Օլիգարխիան եւ պետությունը միասին տանդեմով դուրս են եկել ազատ բիզնեսին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի